կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-02 20:21
Հասարակություն

Սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Արի տուն» ծրագիրը

Սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Արի տուն» ծրագիրը

Հուլիսի 2-ին սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլը, որին մասնակցում են 61 պատանիներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Իրաքից և ԱՄՆ-ից:

 Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նրանց բարի գալուստ ու բարի վերադարձ մաղթեց և հույս հայտնեց, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կհասցնեն ճանաչել իրար, մտերմանալ: «Դուք եկել եք նոր Հայաստան, որտեղ երկրի տերը հասարակ քաղաքացին է: Շատ բան է փոխվել շնորհիվ թավշյա հեղափոխությանը, որն իրականացվեց նաև սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ: Սա հայ մարդու հաղթանակն էր: Սակայն այն դեռ ավարտված չէ, որովհետև մեր անձի, անհատի, մտածելակերպի, արժեհամակարգի մեջ ևս պիտի փոփոխություններ լինեն:

 Դուք այս օրերի ընթացքում կբարելավեք հայերենի ձեր իմացությունը, կայցելեք Հայաստանի պատմամշակութային վայրեր, սակայն ես ձեզ պիտի խնդրեմ, որ շատ շփվեք հասարակ մարդկանց հետ, ճանաչեք ձեր հայրենիքը նաև իր բնակիչներով»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:

 Նախարարն ընդգծեց, որ համայն հայության նորարար, ստեղծագործ միտքը, ներուժը պետք է ծառայի ի նպաստ Հայաստանի, ի բարօրության հայ մարդու: «Միասնական և ամեն մի հայի նկատմամբ հոգատար լինելով՝ մենք կարող են լուծել յուրաքանչյուր խնդիր: Այսօր պետությունն իր առջև նպատակ է դրել առավել ամրապնդել, սերտացնել կապերը սփյուռքի հետ, և մեր գերխնդիրն է՝ այնպիսի երկիր ստեղծել, որ բոլոր ցանկացողները կարողանան վերադառնալ»,-շեշտեց սփյուռքի նախարարը:

 Իրաքահայ Ռիտա Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և նշեց, որ երկու օր է, ինչ Հայաստանում է, սակայն արդեն գտել է իր հանգստությունը: «Զգացի՝ կարծես մայրս ինձ գրկեց»,-ասաց Ռիտան:

Ծրագիրը կտևի մինչ հուլիսի 14-ը, որի ընթացքում մասնակիցները կլինեն Հայաստանի պատմամշակութային վայրերում, թանգարաններում, այցլելություն կկատարեն զորամաս, շախմատի մրցախաղ կունենան սփյուռքի նախարարի հետ, կհանդիպեն մշակույթի գործիչներին: