կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-01 21:59
Առանց Կատեգորիա

Զովաշենի դպրոցի «հարստությունը»` 6 աշակերտ

13-ամյա Վոլոդյա Մուրադյանը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի միակ 7-րդ դասարանցին է։ Տղայի համար արդեն սովորական է դարձել, որ դասերի ժամանակ իրեն միակ հուշողն ուսուցչուհին է։ Հպարտությամբ է ասում՝ հայոց լեզվից և մաթեմատիկայից 8, 9 է ստանում, հետո գլուխը կախում է՝ մնացած առարկաների առաջադիմությունն այնքան էլ բարձր չէ։

«Մյուս առարկաներից 6, 5 եմ ստանում։ Արդեն սովորել եմ, որ մենակ եմ դասարանում, ինձ համար ավելի լավ է` չեմ շփոթվում։ Սկզբում երկու հոգի էինք մեր դասարանում, հետո մեկը գնաց Աբովյան` մնացի մենակ։ Դասերի ժամանակ այնքան էլ չեմ դժվարանում, չեմ արտագրում, ուսուցչին եմ հարցնում»,-ասում է Վոլոդյան։

Տղան ուզում է մեծանալ ու վարորդ դառնալ, որ լիքը փող աշխատի ու ընկերուհուն նվերներ գնի։ Խոստովանում է՝ Աբովյան քաղաքից մի գեղեցկուհու է սիրահարված, ում հաճախ է ծաղիկներ նվիրում։ Հարցին, թե՝ պիտի ամուսնանաք՝ պատասխանում է, չենք շտապում, մեծանանք` նոր. «Մեր ծնողներից թաքուն ենք շփվում։ Մաման փող է տալիս, հավաքում եմ, հետո ծաղիկ եմ առնում. մարտի 8-ին եմ ծաղիկ նվիրել, Նոր տարուն. ամեն օր տեսնում ենք իրար»։

 Զովաշենի հիմնական դպրոցում այս տարի աշակերտների թիվն երկու անգամ ավելացել է, չնայած դրան՝ դպրոցն ընդամենը 6 աշակերտ ունի։ Դպրոցի տնօրենը՝ Ռիմա Եփրեմյանը, երանի տալով հիշում է, 2001-ին, երբ նոր էր նշանակվել դպրոցի տնօրեն, աշակերտների թիվը 35-ն է եղել։ Դրանից առաջ՝ 1990-ականներին, աշակերտների թիվը 45-ի է հասել: Աշակերտների թվի պակասը, ըստ Եփրեմյանի, առաջին հերթին պայմանավորված է ամուսնությունների պակասով.«Որոշ ընտանիքներ բնակարան են գնել Աբովյանում, և տեղափոխվել այնտեղ: Որ ասեմ` գյուղից արտահոսք է եղել դեպի արտերկիր` այդպես չէ. այսքան տարիների ընթացքում մեկ ընտանիք է գնացել, այն էլ՝ քուրդ են եղել»։

 Դպրոցն այս տարի երեք առաջին դասարանցի ունի՝ երեքն էլ տղա են։ Դպրոցի տնօրենը նշում է՝ առաջին դասարանցիների թիվը կարող էր մեկով էլ ավելանալ, սակայն երեխայի ծնողները կարծես թե չեն ուզում, որ իրենց տղան առհասարակ դպրոց հաճախի։ Տիկին Եփրեմյանը պատմեց, որ ընտանիքը նոր է եկել գյուղ` ազգությամբ քուրդ են, այստեղ անասուն են պահում.«Երեխային դպրոց չուղարկեցին՝ պատճառաբանելով, թե հագուստ չունի։ Առաջարկեցի անձամբ հագուստ գնել` չուզեցին, հետո էլ կբողոքեն, թե հագուստ չուներ երեխան` դրա համար էլ դպրոց չեկավ»։

Դպրոցի տնօրենը նշում է՝ կապ չունի՝ երեխան ինչ ազգության է՝ պետք է անպայման դպրոց հաճախի, թեկուզ ադրբեջանցի լինի՝ մարդը մնում է մարդ: Տիկին Եփրեմյանն ասում է, որ միգուցե տարօրինակ թվա, բայց ինքը բոլոր ազգերին էլ սիրում է, սակայն, մյուս կողմից, նաև ուզում է, որ իրեն վնաս չտան։.«Երբ հաղորդում են, որ զոհ ունենք սահմանին` սիրտս ցավում է: Ադրբեջանական կողմի` զոհեր ունենալու փաստն էլ եմ ծանր տանում…»:

Դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչուհի Նարինե Սահակյանի տղան՝ Հայկը, այս տարի առաջին անգամ է դպրոց ոտք դնելու։ Տղայից շատ՝ մայրն է հուզվում։ Հայկն ամաչկոտ է, անծանոթների հետ շփվել չի սիրում։ Սահակյանը նշում է, որ տանը տղային զգուշացրել է` դպրոցում իրեն հանկարծ «մամա» չասել:

Սահակյանի տղան ուզում է մեծանալ ու գեներալ դառնալ, մայրն ասում է՝ տղան զինվորական ոչ մի հաղորդում բաց չի թողնում։ Հայկին դպրոց են ճանապարհում ողջ ընտանիքով, անգամ հարևան՝ Թինա տատն է շտապում Հայկին իր օրհնանքը տալ.«Կյանքում ամենաբախտավորը լինես՝ անկախ նրանից՝ գրագետ կլինես, թե անգրագետ»։

Սեպտեմբերի 1-ը, չնայած աշակերտների թվի պակասին, Զովաշենի դպրոցում սկսվեց սովորականի պես՝ նախ հնչեց Հայաստանի հիմնը, հետո արդեն ուսուցիչներն անցան դասին։

 

Կարինե Հարությունյան