կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-28 15:35
Հասարակություն

ՀԷՑ-ը «քաշել է» պահածոների գործարան բացած եղբայրներին

ՀԷՑ-ը «քաշել է» պահածոների գործարան բացած եղբայրներին

ՀԷՑ-ն այս օրերին պայմանագրեր է ներկայացնում ՓՄՁ-ներին, որոնցում գրված է, թե տնտեսվարողը որքան է վճարելու օգոստոսի 1-ից սկսած` համաձայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշման: Սակայն ինչ վերաբերում է ՀԷՑ- մատակարար և տնտեսվարող-գնորդ հարաբերություններին ու կնքված պայմանագրերին, համաձայն որոնց` ՀԷՑ-ը պետք է ժամանակին ապահովի սպառողի էլեկտրաէներգիայի միացումը, կատարի մոնտաժային աշխատանքները, ապա այստեղ ՀԷՑ-ը ոչ միայն թերանում է, այլև որոշ դեպքերում տնտեսվարողներին մեծ վնասներ հասցնում անարդյունավետ գործելաոճի պատճառով:

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՀԷՑ-ի պատճառով վնասներ կրած մի ընկերության պատմություն, ի դեպ, ընկերությունն արդեն պատրաստվում է դիմել դատարան և բարձրացնել վնասի փոխհատուցման հարց:

Հակոբ Ավագյանի խոսքով` Իջևանում երկու եղբայր հիմնել են փոքր արտադրություն, որը զբաղվելու էր պահածոների արտադրությամբ: Եղբայրները դեռևս 2014թ դեկտեմբերին են ՀԷՑ-ի հետ կնքել պայմանագիր: ՀԷՑ-ը պահանջել է 50 տոկոս կանխավճար` մինչ կկատարի էլեկտրաէներգիայի միացումները: 2015թ. փետրվար ամսին տնտեսվարողները վճարել են կանխավճարը` 400 հազար դրամ, բայց մինչ այս պահը` անցել է 7 ամիս, ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան չի միացրել:

Ըստ Հակոբ Ավագյանի` ստացվում է, որ ՀԷՑ-ի անպատասխանատու գործելաոճի արդյունքում տնտեսություն հիմնած եղբայրները, արտադրությունը գործի չդրած, բաց թողեցին պահածոյացնելու սեզոնը, կրելով վնասներ, որովհետև տնտեսվարողները վարկեր էին վերցրել: Եղբայրները բողոքով դիմել են ՀԾԿՀ, և միայն դրանից հետո` երկու օր առաջ, ՀԷՑ-ի աշխատակիցները գնացել են Իջևան և կես ժամում էլեկտրաէներգիայի միացումները կատարել:

«Բիզնեսն ապրող օրգանիզմ է, որի համար ամեն օրն ու ժամը կարևոր է: Եղբայրները պլանավորել էին ընկույզի պահածոյից սկսել, բայց սեզոնը բաց թողեցին ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի միացումները չանելու պատճառով, ինչը նրանց մոտ հիասթափություն է առաջացրել»,- ասաց Հակոբ Ավագյանը:

Նա տարօրինակ է համարում ՀԷՑ-ի գործելաոճը, որը որևէ տրամաբանության չի դիմանում: Չէ՞ որ ծառայություն մատուցողի ու գնորդի միջև հարաբերություններ են, գնորդն այս դեպքում այլընտրանք չունի, քանի որ ՀԷՑ-ը մոնոպոլ դիրք ունի Հայաստանում, ու գնորդը ստիպված է լինում ամիսներով սպասել` կախման մեջ հայտնվելով ՀԷՑ-ից:

«Եթե ՀԷՑ-ն այդքան ծանրաբեռնված է աշխատում, ինչը ես կասկածի տակ եմ դնում, որովհետև մեր երկրում այդ աստիճանի ակտիվ տնտեսական վիճակ չկա, ուրեմն կարող էին բացվել փոքր հիմնարկներ, որոնք մոնտաժային աշխատանքներ կանեին շատ արագ ու արդյունավետ ձևով: Հետևաբար, այս գործելաոճը խոսում է ՀԷՑ-ի անարդյունավետ ու անպատասխանատու քաղաքականության մասին:  Բիզնես տեսանկյունից ևս անհասկանալի է ՀԷՑ-ի գործելաոճը, որովհետև եթե ՀԷՑ-ը ժամանակին մատուցեր ծառայությունը, պետք է ստանար միանվագ ևս 400 հազար դրամ: Իսկ այս դեպքում ոչ միայն չի ստանում այդ գումարը, այլև գնորդը դիմում է դատարան` ՀԷՑ-ին տուգանքների ենթարկելու պահանջով»,- ասաց Հակոբ Ավագյանը` եզրակացնելով, որ ՀԷՑ-ի ներսում, վստահաբար, ինչ-որ խնդիր կա: