կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-04 16:03
Քաղաքական

Ադրբեջանը պատերազմում է` բանակցությունների պատրանք առաջացնելով. Արմեն Ռուստամյան

Ադրբեջանը պատերազմում է` բանակցությունների պատրանք առաջացնելով. Արմեն Ռուստամյան

Այսօր ՀՅԴ-ի կողմից կազմակերպված «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական Ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես եկավ զեկույցով:

Ռուստամյանն ընդգծեց, որ իմաստ ու տրամաբանություն չկա այն բանում, որ հայկական կողմերը (Հայաստան, Արցախ /խմբ./) սահմանին կարող են նախահարձակ լինել: «Հայկական կողմերի շահերից դա ուղղակի չի բխում: Սա միջազգային հանրությանը շատ հայտնի է, բայց, ցավոք, հաստատված,  ամրագրված համոզում նրանց կողմից դեռևս չկա»,- ասաց նա:  

Մյուս կողմից, ըստ Ռուստամյանի, Ադրբեջանը հրաժարվում է ընդունել հակամարտության էության մասին ձևավորված պատկերացումները և, այն ներկայացնելով որպես իր ներքին խնդիր, փորձում է ձեռք բերել Արցախի ժողովրդին Ադրբեջանի սահմանադրական կարգը պարտադրելու սուվերեն իրավունք:

«Ադրբեջանը պատերազմում է` բանակցությունների պատրանք առաջացնելով, և սա օգտագործում է  իր պատերազմական նպատակների համար»,- շեշտեց նա:

Ըստ Ռուստամյանի` մեր համարժեք քայլը պետք է հանգի հետևյալին. «Հաշվի առնելով Ադրբեջանի փաստացի հրաժարումը խաղաղ կարգավորման պահանջներից` մենք ունենք բոլոր հիմքերը, մեր կողմից արդարացված են այն բոլոր միջոցները, որ կոչված են ամրապնդելու Արցախի և Հայաստանի միասնական անվտանգության համակարգը»:  

Ռուստամյանը նաև խոսեց, թե ինչպես կարելի է կանխել Թուրքիային հակամարտության  լուծման մեջ ներգրավելու` ադրբեջանական կողմի փորձերը:

«Նախևառաջ` Թուրքիայի որևէ միջամտություն կանխելու համար անհրաժեշտ է արձանագրել, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունները երրորդ կողմով` Ադրբեջանով և Արցախով պայմանավորելը ենթադրում է ոչ այլ ինչ, եթե ոչ անուղղակի ճանաչում, որ Արցախի հարցը Հայ դատի ամբողջական փաթեթի մի մասն է»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը, ապա հարցադրում արեց. «Հակառակ պարագայում ինչո՞ւ է Թուրքիան պայմանավորում իր հարաբերությունների կարգավորումը Արցախի հարցով»:

Ռուստամյանի խոսքով` նման դիրքորոշում ունեցող երկրի ներգրավումը այս կոնֆլիկտի լուծման մեջ ինքնաբերաբար օրակարգ պետք է բերի հայ-թուրքական հիմնախնդիրների ողջ փաթեթը` այդ երկրին միջնորդից վերածելով հակամարտող կողմի: «Ուստի Թուրքիայի ներգրավումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հակամարտության ընդլայնում և բանակցային նոր ձևաչափի առաջացում»,- նշեց նա:

Ռուստամյանի կարծիքով` Ադրբեջանի մարտավարական հնարքներից է փուլային տարբերակի շահարկումը, ինչը նա կիրառում է այն տեսակետից, թե այդպես ավելի իրատեսական է խնդրի խաղաղ կարգավորումը: Ռուստամյանն ընդգծեց, որ Ադրբեջանի նպատակը մնում է նույնը` ձախողել կամ հետաձգել Արցախի անկախ կարգավիճակի ամրագրումը: «Փուլային կարգավորումը, որի առաջին քայլը Արցախի անկախ կարգավիճակի ամրագրումն է, բնականաբար, ևս անտեղի է: Փուլային տարբերակին կողմնակից լինելը չի կարող Ադրբեջանի համար բանակցային առավեություններ ապահովել»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ ներկա փուլում հայկական կողմերի գլխավոր խնդիրն է զարգացնել ապրիլյան պատերազմից հետո առաջացած հնարավորությունները: Նա հիշեցրեց, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտում է հենց ադրբեջանական կողմը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցություններից հրաժարվելու փաստերը, միջազգային հանրության կողմից դրա դատապարտմանը հասնելը մեզ համար կարող են աապահովել լրջագույն առավելություններ և միաժամանակ խթանել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը»,- ասաց Ռուստամյանը և ընդգծեց, որ ոչինչ չի խանգարում միջնորդ կողմերին վերահսկվող սարքավորումները տեղադրել հայկական կողմերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

«Գաղափարը շատ պարզ է` եթե Ադրբեջանը շարունակում է մերժել և խոչընդոտել հրադադարը վերահսկող մեխանիզմների տեղակայմանը, դա պետք է իրականացնել հայկական կողմում: Մենք միշտ կողմ ենք դրանց տեղադրմանը: Սա պետք է հստակ ուղերձ լինի Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ  համապատասխան օղակների համար, իսկ միջազգային բոլոր հարթակներում անհրաժեշտ է սկսել գործընթաց` ի պաշտպանություն այս գաղափարի իրագործման»,- ամփոփեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը: