կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 13:06
Մշակույթ

Ձկնորսների կյանքը. ինչո՞ւ են նրանք վերադառնում իրենց տքնաջան գործին

Ձկնորսների կյանքը. ինչո՞ւ են նրանք վերադառնում իրենց տքնաջան գործին

Դավիդ Կրեմերի «Միայնակ, միասին» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային վավերագրական մրցույթ» ծրագրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրեմերը նշեց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսել է տասը տարի առաջ, և ֆիլմը ձկնորսների` ծովի ափին ապրողների մասին է:

«Ուզում էի հասկանալ` ինչպես մարդիկ հաղթահարում դժվարությունները, ինչպես են ընդունում դժվարությունները: Ուզում էի նկարահանել մարդկանց ամենաբարդ իրավիճակներում: Դրա համար էլ ընտրել եմ ձկնորսներին», ասաց նա` հավելելով, որ իրեն ոչ թե ձկնորսությունն է հետաքրքրում, այլ ձկնորսների կյանքը:

Ռեժիսորը նշում է, որ ֆիլմի հիմնական նպատակն էր ցույց տալ, թե ինչո՞ւ են մարդիկ վերադառնում իրենց գործին, իրենց տքնաջան գործին: Միաժամանակ, ինչքան ուժեղ են այդ ընտանիքները, որոնք առանց տրտնջալու են անում իրենց գործը:

«Նրանք սկզբում շատ կոպիտ էին, անգամ` անձնակազմի ղեկավարն ասում էր` մենք տեսախցիկներ չենք սիրում: Բայց որոշ ժամանակ նրանց հետ շփվելով` բոլորովին այլ բան ես բացահայտում: Նրանց արտաքինը կոպիտ է, խեցու է նման, բայց անհատականությունը շատ ավելի լավն է ու նուրբ»,- պատմեց Կրեմերը:

Խոսելով Ֆրանսիայում վավերագրական ֆիլմերի զարգացման մասին` նա նշեց, որ այժմ Ֆրանսիայում դժվար է վավերագրական ժանրի համար, քանի որ ֆինանսավորման խնդիր կա: «Մենք վավերագրության կարիք ունենք, բայց նաև` գումարի` մեր մտահղացումները կյանքի կոչելու համար: Այսօր, ցավոք, այնքան էլ շատ ֆիլմեր չեն նկարահանվում այդ ժանրում»,- ասաց Կրեմերը: