կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 12:17
Հասարակություն

Ազատագրուած Վասպուրականում. «ԱՐԵՒ», Բաքու, 1915, թիւ 97, յուլիսի 15

Ազատագրուած Վասպուրականում. «ԱՐԵՒ», Բաքու, 1915, թիւ 97, յուլիսի 15

ՎԱՆ, 21 յունիսի

Յովհանես վարդապետի կարծիքով, ոչ ոքի համար գաղտնիք չի եղել կառավարութեան հայաջինջ քաղաքականութիւնը, անկախ արտաքին բարեկամութիւնից, շողոքորտութիւնից: Փոխադարձաբար պատարաստուել են երկար ժամանակ և եթէ կարողացել են մի քանի ամսով յետափգել դէպքերը, դա պիտի վերագրել նախ Վռամեանի միջամտութեան, և ապա հայկական ջարդերը թոյլատրող Պոլսի հրահանգին:

«Ապրիլի 5-ին Շատախը իրարանցումի մէջ է: Թիւրք-քրդական հօրդաները առիթ են ստեղծում և անցնում գործի: Ջէվդէթը անմեղ ձևանալով` խնդրում է հաշտարարաի պաշտօնով ուղարկել Իշխանին, որը և մեկնում է անմիջապէս: Նոյն օրը տմարդօրէն սպանվում է Իշխանը իր ընկերներ Միհրանի, Վահանի, Պօղոսի հետ միատեղ, Ջէվդէթի ուղարկած չէրքեզների ձեռքով:

Իշխանի, Ղարաբաղի այդ հպարտ զաւակի և վասպուրականի անձնուէր գործչի սպանութիւնը ինքնին բաւական էր ժողովուրդը ցնցելու, իրականութեան լրջութիւնը ըմբռնելու համար: Նորից հաւատալ Ջէվդէթին, վերստին մտածել բարեկամութեան մասին, իրօք անմտութիւն էր, սակայն եղան մարդիկ, անձնազոհ, ժողովրդասէր մարդիկ, որոնք իրանց կեանքի գնով փրկել ուզեցին վասպուրականի հայութիւնը:

 

Վռամեանը այդ մարդկանց թուին էր պատկանում, որ գիտակցաբար արձագանք տուեց Ջէվդէթի հրաւերին և ձերբակլուելով, աքսորուեց Բիթլիս: Նրա ճակատագիրը ցարդ անորոշ է:

Անհաւասար ու ահաւոր կռիւն սկսուած էր արդէն: Հայերը յայատրարաում են, որ այլևս չեն կարող բանակցել մի դաւադիր կառավարիչի հետ և զէնք են վերցնում իրանց կեանքն ու պատիվը պաշտպանելու նպատակով, վստահեցնում եմ ձեզ, հակառակ իրանց բուռն ցանկութեան:

Ապրիլի 6ին դէպքը սկսուել է Արճեծում, իսկ հետևեալ օրը Բերկրի, Թիմար և Աբաղայ:

Երբէք այսպիսի ծաւալով ու վայրագութեամբ ջարդ չի եղել: Սա բնաջնջման մի մտածուած ծրագիր է, կառավարութեան հրահանգով ու հովանաուորութեամբ: Եւ ինչպէս լսել ենք, գրեթէ բոլոր վայրերում միօրինակ ու միատեսակ:

Զանազան պատրուակներով կանչեցին բոլոր տղամարդկանց, իրար թեւից կապեցին ու ծովի և գետերի ափին արախողխող արին ամենքին: Մի քանի գիւղերում դիմադրեցին և հասկացնել տուին, որ թեև այս անգամ աւելի դաժան է հակառակորդի հարուածը, բայց հայն էլ դիւրութեամբ չպիտի զոհէ իր կենաքը: Ու փառք այդ սակավաթիւ մարտիկներին, որոնք կարողացան գէթ փրկել մեր ժողովրդի մի մասը և հասցնել կղզին: Բնութիւն իսկ մեզ խնայեց, եթէ չլիներ և այս ապաստանը, այսօր մեր բոլորիս այլանդակուած դիակաները միայն պիտի տանեինք: Ալիւր և հարևան գիւղերում ժողովուրդը հաւատաց թիւրքերու քիւրդերի համրաշխութեան կոչին և մնաց իր տանը, վստահ որ ապահուած է իր գոյութիւնը: Տմարդի թշնամին վրայ տուեց գիշերը և չնայած գիղացիների ուժեղ դիմադրութեան, սրի քաշեց հայութեան ստվար մասը, իսկ աննշան մնացորդը կռուով նահանջեց ու նաւակ նստելով` վերստին կղզի ապաստանեց:

Մեր դերը շատ համեստ էր այդ դաժան օրերին: Ամեն օր, մթնաժամից մինչև լուսաբաց, նաւակով պատում էինք ծովի վրայ և լճափի լքուած ոի յուսահատ ժողովուրդը գաղտագողի մեզ մօտ փախցնում: Ու այդպես, մի քանի օր շարունակ, կարողացանք մօտ ութ հազար հայ ազատել անխիղճ ջարդարարների արիւնարբու ճանկերից ու մի կերպ հոգալ նրանց սնունդը, անհրաժեշտ պէտքերը:

Ալիւր, Տիրամայր, Ջանիկ, Նորաշէն և շրջանի բոլոր հայ գիւղերը թալանուած են բառիս ընդարձակ իմաստով և մինչև ձեր ժամանումը, անպատիժ ամբոխը շարունակում էր իր աւերը:Էլ մեզ ոչինչ չմնաց: Կին ու երեխայ, մեծ ու փոքր սրտամաշ օրեր ապրեցինք: Հիմա քաղցած ենք, ուտելու շատ քիչ բան մնաց.քնելու տեղ անգամ չկայ: Վանքի շինութիւնները կաթում են, քաղցից ու ցրտից հիւանդութիւնները մեծ ծավալ են ստանում: Բժշկական օգնութիւն չկայ. Կանայք իսկ մերկ են, տկար ու կարիքաւոր:

Այնքան ծանր է մեր վիճակը բայց չենք յուսահատւում, որովհետև գիտենք, թէ վերջ պիտի ունենան մեր զրկանքները և ձեր գալուստը ազատութեան ու յոյսի ճամբայ պիտի բանայ մեր խաւար միջավայրում...

Օրհնեալ լինին մեր Կովկասահայ եղբայրները»:

Ս. Արարատեան