Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄԵՆԷՆ ԳԵՂԵՑԻԿԸ...
Այսօր հողին յանձնող հայ ժողովուրդի լաւագոյն որդին, այդպէս էր ասում իր մասին, «Ես սիրեցի կեանքում ամենէն գեղեցիկը»...
Եւ իրօք նա մեր տգեղ մթնոլորտում ամենէն գեղեցիկն էր...
Ամենեն գեղեցիկը իր տիտանական հասակով...
Այդտեղ է հայ ժողովրդական պոտէնցիալ ուժի գոյութիւնը աղբիւրը... Այդտեղ է ծնում հայ ժողովրդական հերոսը... Հերոսը որ իր շուրջը միայն անխառն պատկառանքի և պաշտամունքի զգացումներ է ներշնչում... Եւ ուրիշ զգացմունք չի կարող ներշնչել քան պաշտամունքը, որովհետեւ մարդկային խելքով ինչ որ մասամբ անբացատրելի է, եւ մանաւանդ սիրելի - ինչպէս անբացատրելի է հայ ժողովուրդի արատաւոր կեանքի մէջ Խէչօի պէս պայծառ դեմքը - արժանանում է միայն պաշտամունքի:
Որն է մեծութիւնը Խէչօի – գուցէ հազար հազար բաներ, բայց իմ կարծիքով նրա մեջ ամենամեծը նրա սիրտն էր, նրա հոգին որը կարողացաւ ժողովրդական խավարից դուրս քաշել հազարավոր իր նման պայծառ դէմքեր: Եթէ մեր մէջ Քիրստափորի ու Սիմոնի մահուամբ խոշոր մի բաց մնաց մեր Ինտիլիգենտ կուսակցական փայլուն դէմքերի մէջ... Խէչօյի անյայտացումով նոյնքան խոշոր բաց կը մնայ եւ ժողովրդական կուսակցական կեանքի մէջ:
Ով պիտի այսուհետև ժողովրդական ներքնայարկէն մարդիկ բարձրացնէ մինչև տիպար հայդուկի աստիճանը...
Ով պիտի լինի այսուհետև մեր կրթւած ինտիլիգենցիայի եւ ժողովրդի միջեւ անհրաժեշտ եկող կամրջի խոշոր սիւնը... Բայց չհաւատանք, որ հայ ժողովրդի ստեղծագործութեան ուժը դեռ չի մարած, չհաւատանք որ նա դեռ հերոսներ արտադրելու փառահեղ դիրքին մէջ է...
Հաւատանք, որովհետեւ այդ հաւատքի մէջ է մեր փրկութիւնը, հայ ժողովրդի փրկութիւնը:
Բայց ճակատագրի ինր գեղեցիկ զուգադիպութեամբ ամենագեղիցիկ սիրողը-ընկաւ, հայկական կեանքի ամենագեղեցիկ թռիչքի օրերին...
Գեղեցկագոյնը ընկաւ, ամենափայլուն մահով... Պատնէշի ամենաբարձր դիրքին, մահերեն ամենագեղեցիկով: Գեղածիծաղ Նէմրութի եւ Գրգուռի տակ, Վանայ ծովի զեփիւռներով օրորւած եւ անիծւած գնդակը ճակատից ստացած...
Ամենագեղեցիկը սիրեց եւ ամենագեղեցիկ մահով ընկավ...
Փառք եւ անմահութիւն այդ մահւան...
ԱՐԱՄ
ՀԱՅԴՈՒԿ ԽԷՉՕՆ
Խէչօն էլ գնաց, մեր բոլորի սիրելի Խէչօն:
Մի քանի օր առաջ նրան հանդիպեցիք առաջաւոր դիրքերում, թշնամուն դէմ հանդիման: Նա իր տարերքումն էր եւ զգում էր իրեն, ինչպէս ձուկը ծովի մէջ ազատ ու ուրախ: Մահւան մասին չէր էլ մտածում: Թշնամու հրացանների որոտը նրա սիրտը լցնում էր կեանքով ու ոգևորութեամբ: Նա միշտ շարժվում էր, ծրագրում, կարգադրում, կատակով եւ երգով գործ անում եւ կամաւորներին «ջան» ասում ու «ջան» լսում: Եւ բոլորը նրան սիրում էին: Կամաւորները պատրաստ էին նրա հետ կրակը նետւելու: Նա մի բարոյական հոյակապ հեղինակութիւն էր նրանց աչքում:
Խէչօյի մահը մի խոշոր անփոխարինելի կորուտ է մեզ համար: Նա եղաւ այն հազւագիւտ հոգիներից մէկը, որ ամփոփեց իր մէջ հայ հայդուկի նկարագրի բոլոր լուսաւոր գծերը, անմար ժողովրդասիրութիւնը, հոգու ազնւութիւնը, անշէջ ծարավը ազատութեան, անձնազոհութիւնը և ըմբոստութիւնը բռնութեան դէմ: Ելած ժողովրդի ծոցից` նա չկտրվեց, չխորթացավ նրանից, այլ մինչև մահ մնաց ժողովրդի հարազատ զավակը - ապրեց ու զոհվեց նրա համար: Եւ ժողովուրդը այդ հասկանում ու գնահատում էր: Ժողովուրդը սիրում էր դաշնակցական հայդուկ Խէչօյին: Ժողովրդից ելած հայդուկների մի ամբողջ սերունդ աշակերտեց Խէչօին եւ դաստիրակւեց նրա կեանքի օրինակով, նրա հոգու արձակած ճառագայթներով: