Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցեղասպանության հետ կապված` անընդհատ խոսում են միայն Հայաստանի մասին, սակայն երիտասարդ կինոռեժիսոր Հաջի Օրմանը` որպես Թուրքիայի քաղաքացի, կարևոր է համարում, որպեսզի առաջին պլան բերվի Թուրքիայի դերը Ցեղասպանության հարցում: Նրա «Homo Piliticus» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Մենք կանք» ծրագրում:
Այսօր նա լրագրողներին ասաց, որ, ցավոք, Թուրքիայում չի կարողացել ցուցադրել ֆիլմը, թեև այն ներկայացված էր Ստամբուլի միջազգային կինոփառատոնին: «Ավելի լավ եղավ, քանի որ առաջին անգամ հենց «Ոսկե ծիրան»-ի «Հայ-թուրքական կինոպլատֆորմին» էի ներկայացրել նախագիծը, և միգուցե ճիշտ էր, որ հենց առաջին անգամ Հայաստանում է այն ցուցադրվում: Ինչ վերաբերում է Ստամբուլի կինոփառատոնին, ապա այնտեղ պետք է ցուցադրվեր կա\'մ այս, կա\'մ մեկ ուրիշ ֆիլմ` քուրդ պարտիզանների մասին: Փառատոնի կազմակերպիչներն ընտրեցին մյուս ֆիլմը, որը հետագայում արգելվեց ցուցադրվել, ինչի պատճառով էլ մենք` բոլոր կինոռեժիսորներս, որոշեցինք բոյկոտել և չցուցադրել մեր ֆիլմերը կինոփառատոնում»,- ասաց Օրմանը:
Նրա ներկայացմամբ` ֆիլմը երկխոսություն է, որը տեղի է ունենում 1915-ի Ցեղասպանությունը սկսվելուց երեք ամիս անց` Յոհաննես Լեփսիուսի և Էնվեր փաշայի միջև: «Հանդիպումն իրականում տևել է մեկ ժամ, բայց ֆիլմում մենք այն տեղավորել ենք 20 րոպեում: Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես է Լեփսիուսը փորձում Էնվերին համոզել հետ կանգնել տեղահանության մտքից: Ֆիլմում ներկայացված է, որ Ցեղասպանությունը մանրամասնորեն ծրագրված էր, և թե ինչ եռանդով է Թուրքիան լծված այս գործին»,- ասաց թուրք կինոռեժիսորը:
Ի դեպ, սա հեղինակի առաջին ֆիլմն է, և նա նշեց, որ իրեն քանիցս ասել են, զգուշացրել` կարիերան չսկսել Ցեղասպանության թեմատիկայով ֆիլմ նկարահանելուց, սակայն ինքն անդրդվելի է մնացել: «Ինձ շատ են ասել` դժվար թեմա է, մի սկսիր դրանից քո կարիերան, բայց ես ցանկանում էի սկսել այնտեղից, որտեղից սկսվում էր Թուրքիայի Հանրապետության պատմությունը: Հետագայում նույնպես անդրադարձ եմ կատարելու այս թեմային, քանի որ ասելու շատ բաներ կան»,- ասաց Օրմանը:
Հարցին, թե արդյո՞ք չի վախենում, որ Թուրքիա վերադառնալուն պես իր հանդեպ ճնշումներ կգործադրվեն, նա պատասխանեց, որ բավական երկար ժամանակ է, ինչ Թուրքիայում ընդդիմադիր գործունեություն է ծավալում, և ճնշումներն իրեն չեն վախեցնում: «Ճնշումները չպետք է դրամատիկանացնել կամ ռոմանտիկանացնել: Թուրքիայում այս հարցում, այս թեմայով շատ մեծ պատասխան տված մարդիկ կան, և մեր արածը նրանց կողքին չնչին բան է: Խոսքը միայն Հրանտ Դինքի մասին չէ, այլ նաև Ռագըփ Զարաքօլուի և մյուսների»,- ասաց թուրք ռեժիսորը: