կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 14:20
Տարածաշրջան

Թուրքերը պատմական ևս մեկ եկեղեցի են վաճառքի հանել` այս անգամ 5 մլն դոլարով

Թուրքերը պատմական ևս մեկ եկեղեցի են վաճառքի հանել` այս անգամ 5 մլն դոլարով

Թուրքերը շարունակում են քրիստոնեական եկեղեցիները վաճառելու կամ դրանք ախոռի վերածելու լայնածավալ գործունեությունը: Նրանք 5 միլիոն դալարով վաճառքի են հանել Մարդինում 4-րդ դարում կառուցված Մոր Յուհաննա ասորական եկեղեցին: Վաճառքով զբաղվող` անշարժ գույքի գործակալության համացանցային հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ եկեղեցին «շատ չի օգտագործվել»:

Թուրքական Radikal պարբերականը կապ է հաստատել եկեղեցին «գովազդած» առքուվաճառքի գործակալ Յուսուֆ Քանաքի հետ, ով, ինչպեսև նախորդ նման դեպքերում, հրաժարվել է տեղեկություն դրամադրել եկեղեցու սեփականատիրոջ մասին:

Լրագրողի հետ զրույցում Քանաքը հայտնել է, որ մշակույթի նախարարության կամ կալվածքները պաշտպանության տակ վերցնող կառույցներից որևէ ներկայացուցիչ եկեղեցին գնելու համար չի զանգահարել, սակայն հետաքրքրվողներ շատ կան: «Ցանկացած պահի կարող է վաճառքն իրականացվել»,- հայտնել է նա:

Թուրքական թերթը եկեղեցու հարցով զրուցել է մշակույթի և բնական ժառանգությունների պաշտպանության հիմնարկի` Տիգրանակերտի շրջանի ճարտարապետ Նեսլիհան Օզքանի հետ, որի պատասխանը չի բավարարել:

«Քանի որ կալվածքը սեփականության վկայական ունի, պատասխանատվությունը հիմնադրամների ընդհանուր տնօրինությանն է: Քանի որ այն պատմական կառույց է, վաճառքի և վկայականի փոխանցման հարցով սեփականության կադաստրի ընդհանուր տնօրինությունը կարող է մեզ դիմել, սակայն եկեղեցին չի մտնում մեր տարածքի մեջ»,- ասել է նա:

Թերթն այս անբավարար պատասխանի մասին գրել է. «Մի նայեք, որ այս պատասխանը չի բավարարում: Պաշտոնական կառույցներից այս հարցի վերաբերյալ միակ պատասխանն է սա»:

Radikal-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել հիմնադրամների ընդհանուր միության՝ Տիգրանակերտի շրջանի իրավասու մարմինների հետ:

Թերթը նշում է, որ զանգահարելուց հետո խուճապի են մատնվել` ասելով՝ «լրագրող է զանգահարում», և մի քանի զանգերից հետո միայն ինչ-որ մեկը բարեհաճել է պատասխանել զանգին` ասելով. «Բոլոր աշխատողները քաղաքից դուրս են մեկնել՝ ցուցահանդեսի: Փորձեք զանգահարել գիշերը կամ վաղը…»:

Թղթակիցն այնուհետև կապ է հաստատել Մարդինի ասորական համայնքի ներկայացուցիչ Գաբրիել Աքյուզի հետ: Զրույցի ընթացքում հայտնի է դարձել, որ եկեղեցին դեռ ավելի վաղ է կառուցվել, քան նշված է հայտարարության մեջ:

«Այն կրոնական և հոգևոր մեծ արժեք ունի մեզ համար, այնտեղ գերեզմանատուն կա: Մենք կապ հաստատեցինք այն մարդու հետ, ում մոտ է գտնվում դրա սեփականության վկայականը, և հայտնեցինք, թե ինչ արժեք ունի այն մեզ համար: Մեզ առաջարկեց գնել այն, սակայն մենք այդ գումարը վճարելու հնարավորությունն ու աղբյուրը չունենք: Մի շարք օրինական քայլերի դիմեցինք, սակայն՝ ապարդյուն: Քանի որ եկեղեցին մասնավոր սեփականություն է, մեզ ասում են՝ դժբախտաբար, ոչինչ անել չենք կարող»,- ասել է ասորական համայնքի ներկայացուցիչը:

Իսկ թե ի՞նչ ճակատագիր է ունենալու եկեղեցին, Աքյուզը թղթակցին ասել է. «Գուցե դուք այդ մասին գրեք, մի ճար գտնվի»:

«Փաստորեն, Թուրքիայում պատմական վայրերի՝ վաճառքի հանվելու հարցում ճար որոնելը մնացել է թերթերի հույսին»,- եզրափակում է լրագրող Հաքքը Օզդալը:

Հիշեցնենք, որ երեկ հայկական գյուղեր, գերեզմանատան և այլ տարածքներ վաճառող թուրքակաա անշարժ գույքի գործակալության կայքը Բուրսայում գտնվող Քեմերլի եկեղեցին էր վաճառքի հանել` 1 միլիոն դոլարով:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի

\"\"