Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ T24-ի վերլուծաբան-լրագրող Արիս Նալջն գրի է առել իր հետ պատահած դեպքերից մեկը՝ հայկական գյուղի վաճառքի հանվելու վերաբերյալ:
Հոդվածը ներկայացնում ենք ստորև՝ կրճատումներով:
- Բարև, եղբա'յր, ես հետաքրքրված եմ sahibinden.com-ում ձեր տեղադրած հայտարարությամբ:
- Այո', լսում եմ…
- Այս` վաճառքի հանված հայկական գյուղը որտե՞ղ է:
- Գրված է` Օրհանգազիում, սակայն Բուրսայի ճանապարհին՝ դեպի Գեմլիք տանող Ասայիշ և Գյուվենլի գյուղերին մոտ է:
- Հայտարարության մեջ նշված է, որ հայկական գյուղ է: Հիմա ինչպիսի՞ տեղ է:
-Մտահոգվելու կարիք չկա: Լազ, չերքեզ և նման բաներ չկան:
-Այսի՞նքն:
-Այստեղ բոլորը տարագիր են: Չմտահոգվես, հեշտ է գտնել տեղը:
-Իսկ եթե ամսվա վերջին գամ, նայե՞մ: Ենթակառուցվածք ունի՞:
-Այո', ունի: Քարքարոտ է, մայրուղուն մոտ, սակայն գյուղն ամբողջությամբ ունի ենթակառուցվածքներ: Մենք հայտարարության մեջ բոլոր մանրամասները գրեցինք, որպեսզի հետագայում սուտ չլինի: Այն նախկինում հայկական գերեզմանատուն է եղել:
-Գերեզմանատո՞ւն: Այսի՞նքն: Եթե գերեզմանատուն է, չպարզվի, որ այն գերեզմանատների տնօրինությանն է պատկանում:
-Չէ: Այնտեղ մաքրման աշխատանքների ժամանակ հին սեփականատերերի ոսկորներ չեն հայտնաբերվել: Ասում եմ, որ տուն-մուն կառուցելիս չվախենաս:
Այս խոսակցությունն իսկապես տեղի է ունեցել: Տեսնելով «Մեծ մորս» ֆիլմով Հայոց ցեղասպանությունն այլ մոտեցմամբ ներկայացրած կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանի՝ համացանցում այդ գյուղերի վաճառքի վերաբերյալ լուրը, կապ հաստատելով իմ սիրելի Գեմլիք Օրհանգազիի անշարժ գույքի գործակալ Մ.Ի.-ի հետ՝ այս երկխոսությունն իրականացրի:
Իկարկե, պետք է ձևացնեի՝ գնորդ եմ: Հակառակ դեպքում` պատասխան չէի ստանա:
Հարյուրավոր նամակներ եմ ստանում, որոնցում մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնում, որ, 2015-ին ընդառաջ, պետությունը հայերի նկատմամբ համակրանք ցուցաբերելու փոխարեն, թե, իբր, հետաքրքրված է հայերով, նրանց ոսկիների և խլված գույքի վաճառքով է զբաղվում: Քանի շաբաթ է ընկերս` Մուհսինը, ինձ ասում է. «Արի գնանք Մուշի այդ ոսկիները գտնենք»:
Գազի Օսման փաշայի գանձ որոնողների` սրճարանի պատմության հետ միասին գրի եմ առնելու նաև Մուշում Մուհսինի հետ իմ արկածները, սակայն հիմա իմ խնդիրն այս հայտարարություններն են:
Այո', գնալու եմ: Օգնելու եմ գանձ որոնողներին ու տեսնեմ՝ կկարողանա՞մ նրանց համոզել, որպեսզի չպղծեն եկեղեցիներն ու հին գերեզմանատները: Հակառակ դեպքում իմ ձեռքերով եմ նրանց ոստիկանության հանձնելու: Տեսնենք՝ նրանք ինչ կանեն: Չնայած չեմ կարծում՝ մի բան կանեն, բայց ես այս փորձությունը պետք է ապրեմ: Պետք է հասկանամ նրանց հոգեբանությունը, ովքեր հայերի և հույների մեռելների հետ են կապում իրենց հույսերը:
Թող մարդիկ չհաճոյանան ինձ: Ես պետք է նրանց հաճոյանամ, որպեսզի իմ դարդը նրանց հասկացնեմ:
Ինչևէ, երբ համացանցում տեսա «Վաճառվում է հին հայկական գյուղ» հայտարարությունը, մտքովս ինչ ասես, անցավ:
Իմիջիայլոց, եթե ցանկանում եք տեսնել հայտարարության հղումները, կարող եք այցելել՝
1) http://www.sahibinden.com/ilan/emlak-arsa-satilik-asil-yatirimdan-700-yillik-eski-ermeni-yerlesim-yeri-174748885/detay/ մոտ 41.000 դոլար
2) http://www.sahibinden.com/ilan/emlak-arsa-satilik-asil-yatirimdan-700-yillik-eski-ermeni-koyu-174747945/detay մոտ 50.000դոլար
Այդքան էլ թանկ չեն…
Քրսաք գյուղը
Իմիջիայլոց, հայտնեմ նաև, որ, ըստ քարտեզի և կատարածս փոքրիկ հետազոտության արդյունքում ենթադրում եմ, որ խոսքը գնում է հայկական Գեմլիքում գտնվող Քարսաք գյուղի մասին:
Բուրսայից՝ 42 և Օրհանգազիից 11 կմ հեռավորության վրա է:
Այնհայտ է, թե գյուղը երբ է հիմնվել: Գյուղում գտնվում են հին եկեղեցու փլատակներ և հայ-հունական գերեզմանատներ (ահա սա էլ վաճառվող տարածքը):
Մինչև հանրապետության հիմնումը գյուղի մեծամասնությունը հայերն ու հույներն էին: Իսկ հետո հայերին և հույներին փոխարինել էին Թրակիայից գաղթածները:
Ըստ լեգենդի՝ 1900-ականների սկզբին այս տարածքները ցանկացել էին բնակեցնել Բուլղարիայի գաղթականներով, սակայն հայերը նման բան չեն թույլատրել: Խնդիրը բարդացել է, և շրջանի ժանդարմերիան միջամտել է հարցին: Քարսաքի հյուսիսում և հարավում գտնվող երկու գյուղերում բնակեցրել են Բուլղարիայից գաղթած թուրքերին: Այդ գյուղերն անվանվել են Ասայիշ և Գյուվենլի (թարգմանաբար՝ հանրային ապահովության և անվտանգության գյուղեր):
Որքան իմաստալից են, չէ՞:
1915 թվականից հետո դատարկված, աքսորի ենթարկված այդ գյուղերին կցվել են մյուս երկու տարածքներն ու ընդլայնվել: Նրանց միջև գտնվող հայկական գյուղը ջնջվել է քարտեզի երեսից՝ միանալով մյուս գյուղերի տարածքին:
Ըստ երևույթին՝ գերեզմանատան տարածքն այնքան էլ նպաստավոր չի եղել, որ դրան մինչև 2014-ը ոչ ոք ձեռք չի տվել…
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի