կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-06 17:42
Տարածաշրջան

Էրդողանին երբեք չեմ ներելու. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր

Էրդողանին երբեք չեմ ներելու. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից հայ պատգամավոր Սելինա Դողանը հարցազրույց է տվել Sozcu պարբերականի լրագրող Նիլ Սոյսալին:

Ըստ T24-ի՝ Դողանը խոստացել է պայքարել ատելության դրսեւորումների դեմ: Նշելով, որ երբեք չի ներելու նախագահ Թայիփ Էրդողանին, հայ պատգամավորը խոստացել է Էրդողանի հետ առաջին իսկ հանդիպմանը ասել. «Ներողություն, բայց ես հայ եմ»: (Էրդողանն իր ելույթում «հայ» բառն արտասանելիս ներողություն էր խնդրել):

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը

-Դուք խորհրդարան մտաք՝ որպես առաջին հայ կին պատգամավոր: Միաժամանակ, Մեջլիսի ամենաերիտասարդ պատգամավորներից մեկն եք, այդպես չէ՞:

-Պատգամավոր ընտրվելիս հետաքրքրվեցի՝ արդյոք ե՞ս եմ ամենաերիտասարդը: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերում ավելի երիտասարդ պատգամավորներ կան: Այդ իսկ պատճառով ամենաերիտասարդ պատգամավորի կոչումն ինձ չի պատկանում:

-Դուք փաստաբան եք: Մի՞շտ եք մոտ եղել քաղաքականությանը:

-Եթե, քաղաքականություն ասելով, նկատի ունեք հանրության մի շարք խնդիրների լուծման համար «ձեռքը քարի տակ դնելը», ապա, որևէ կուսակցության հետ կապ չունենալով, միշտ եղել զգայուն եմ եղել թե\' սոցիալական խնդիրների, թե\' սոցիալական պատասխանատվության նախագծերի և հատկապես` համայնքի հարցերում: Հայ համայնքում հայ ֆեմինիստ կանանց վերաբերող ծրագրերում միշտ ակտիվ գործունեություն եմ ծավալել: Բացի այդ` Եվրոպայի խորհրդում, ՄԱԿ-ում ազգային փոքրամասնությունների և հասարակական կազմակերպությունների մասին դասընթացների եմ մասնակցել: Կարճ ասած՝ երբեք հեռու չեմ եղել քաղաքական հարցերից: Հայրս էլ ավելի քան 30 տարի ԺՀԿ-ում քաղաքականությամբ է զբաղվել, բնականաբար, ես մեծացել եմ սոցիալ-դեմոկրատական ընտանիքում:

-Դուք Մեջլիս մտաք դժվար ժամանակահատվածում: Ի՞նչ հեռանկար ունեք, հնարավո՞ր է լինելու ստեղծել կոալիցիոն կառավարություն:

-Իսկապես շատ դժվար ժամանակների ենք անցնում, սակայն, մյուս կողմից, բազմակարծիք ժողովրդավարության համար բավարար համարվող ընտրություններ կայացան: Ես հավատում եմ, որ այս տանիքի ներքո կառավարություն է ձևավորվելու: Մենք՝ որպես  Ժողովրդա-հանրապետական կուսակցություն, մեր առջև դրեցինք մեր առաջնահերթություններն ու քաղաքական պատասխանատվությամբ առաջ ենք շարժվում: Մենք լավ գիտակցում ենք, որ ավերակներ ենք ստանձնել, հետևաբար, սկսելու ենք ոչ թե զրոյից, այլ մինուսից:

-Ձեր առաջնահերթությունը Մեջլիսում ո՞րն է լինելու:

-Ես առաջինը պայքարելու եմ խոսքի ազատության համար: Պայքարելու եմ ատելության ելույթների դեմ: Որպես ֆեմինիստ՝ իմ օրակարգի կետերում են լինելու նաև կանանց վերաբերող հարցերը: Մենք, դժբախտաբար, ապրում ենք մի երկրում, ուր կինը չունի ապրելու իրավունք: Կարծում եմ՝ ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ էլ այդ ուղղությամբ շատ բան ունեն անելու: Մենք նաև պայքարելու ենք խտրականության դեմ: Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցում ոչ միայն հայերի համար եմ աշխատանքներ կատարելու, քանի որ ալևիներն էլ, քրդերն էլ, գնչուներն էլ ու սեռական տարբեր ինքնություն ունեցողներն էլ իրենց բաժինը ստանում են: Սակայն ոչ մուսուլման փոքրամասնությունների մասին կարող եմ ասել, որ շատ լուրջ խնդիրներ ունենք, ինչը կախում ունի ատելության ելույթներից: Մեզ թշնամացնում են: Ոչ մի կերպ հնարավոր չէր կյանքի կոչել «հավասար քաղաքացիություն» հասկացությունը, քանի որ հայերին, հույներին, հրեաներին որպես հայհոյանք էին ընկալում:

-Ներելո՞ւ եք նախագահ Էրդողանի՝ «ներողություն, ինձ հայ էլ ասացին» խոսքը:

-Էրդողանի հետ դեռևս չեմ հանդիպել, բայց առաջին իսկ հանդիպման ժամանակ մտածում եմ նրան ասել՝ ներողություն, բայց ես հայ եմ: Ես Էրդողանին այդ խոսքերի համար երբեք չեմ ներելու:

-Դուք Ձեզ որպես թուրքահպատակ հայ եք ներկայացնում: Ինչո՞ւ ոչ թուրք հայ, այլ թուրքահպատակ հայ:

-Նախ` ես հայ եմ, բայց քանի որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի եմ, ասում եմ՝ թուրքահպատակ հայ:

-Ընտրարշավի ժամանակ Ձեզ մեղադրեցին Ցեղասպանության մասին քարոզչություն իրականացնելու մեջ: «Հատկանշական է, որ իմ թեկնածությունն համընկավ Ցեղասպանության տարելիցի 100-ամյա տարելիցի հետ» ասացի՞ք, թե՞ ոչ:

-Իմ՝ ինչ-որ բան ասելն ու չասելը ոչինչ չի փոխում: Ոչ մի ազգ, ոչ մի ռասա, ոչ մի կրոն բարձր չէ մյուսից: Այդ պատճառով էլ, կարծում եմ, այս քննարկումը շատ մակերեսային է...

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի