Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու շաբաթ տևած նստացույցերից հետո այսօր ոստիկանությունն, ի վերջո, ազատեց Բաղրամյան պողոտան` նախ հանելով բարիկադի դեր կատարող աղբամանները, ապա բերման ենթարկելով պողոտայում, ի նշան ոստիկանության գործողությունների դեմ բողոքի, նստացույց սկսած երիտասարդներին:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բերման ենթարկված ակտիվիստները որևէ վարչական կամ քրեական հետապնդման չեն ենթարվի: Օպերացիան, թե\' կազմակերպչական և թե\' տակտիկական առումով, իրականացվեց աննախադեպ մակարդակով: Ակտիվիստների նկատմամբ որևէ բռնություն չգործադրվեց, ոստիկանները նույնիսկ մահակներ չէին կրում:
Գործողություններն սկսվեցին առավոտյան ոստիկանության կողմից համապատասխան նախազգուշացնող հայտարարության հրապարակմամբ, որը պողոտան ազատելուց մոտ 30 րոպե առաջ վերընթերցեց նաև Օսիպյանը: Դրանով կատարվեց հավաքի տարածքը ինքնակամ լքելու համար ողջախոհ ժամանակ տրամադրելու` օրենքի պահանջը: Ինքնին հայտարարությունը կազմված էր նրբանկատորեն: Թեեւ հավաքն, ընդհանուր առմամբ, անօրինական էր, սական շեշտադրումն արվում էր ոչ թե այն արգելելու, այլ ընդամենը Բաղրամյան փողոցի բանուկ հատվածը երթևեկի համար վերականգնելու վրա: Միայն այն բանից հետո, երբ փողոցն ինքնակամ լքելու կոչը որևէ ազդեցություն չունեցավ, ոստիկաններն անցան նստացույցի մասնակիցներին բերման ենթարկելուն` առանց քաշքշելու, տապալելու, ծեծելու:
Ակնհայտ էր, որ ոստիկանությունն ամեն ինչ անում էր` հունիսի 23-ին թույլ տված կոպիտ սխալները չկրկնելու համար: Նախ` որևէ լրագրող և լրագրողական տեխնիկա այս գործողությունների արդյունքում չտուժեցին: Երկրորդ` ո\'չ ջրցան մեքենաները, ո\'չ որևէ հատուկ միջոց ոստիկանությունը չօգտագործեց, երրորդ` քաղաքացիական հագուստով որևէ ոստիկան, որքան կարելի էր նկատել, այդ գործողություններում չներգրավվեց: Հիշեցնենք, որ հունիսի 23-ի դեպքերի ժամանակ առանձնակի դաժանություն դրսևորվում էր հենց քաղաքացիական հագուստով այդ անձանց կողմից` հարուցելով ողջ հասարակության ցասումը:
Կարելի է ասել` Բաղրամյան փողոցում այսօր իր արդյունքը տվեց առաջին հերթին քաղաքացիական տարբեր շարժումների և հատկապես` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ վերջին` հիրավի համաժողովրդական պայքարի ընթացքում ոստիկանության ձեռք բերած փորձառությունը: Սակայն դա կարող էր նաև որևէ դեր չկատարել, եթե Բաղրամյան պողոտայում մնացած մի քանի տասնյակ երիտասարդները ևս չցուցաբերեին ոստիկանների հետ բախման չգնալու և զսպվածության բավարար խոհեմություն: Դեռ շաբաթ օրը նստացույցի նախաձեռնող խումբը հայտարարել էր, որ մինչև երկուշաբթի, այսինքն` այսօր` երեկոյան ժամը 21.00-ը, ժամանակ է տալիս իշխանություններին` կատարելու շարժման առաջադրած երեք հիմնական պահանջները` նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում բարիկադները մեկ քայլ առաջ կտանեն: Սա, ըստ էության, ոչ միայն ուլտիմատում էր իշխանություններին, այլև յուրօրինակ սադրանք ոստիկանությանը` կա\'մ համակերպվել այս ճանապարհով քայլ առ քայլ առաջ շարժվելու` իրենց նոր նախաձեռնության հետ, կա\'մ դրան խոչընդոտելու քայլեր ձեռնարկել: Հաշվարկը, թերևս, այն էր, որ ոստիկանությունը ստիպված կլինի երեկոյան դիմել արգելող միջոցառումների, ինչն ինքնին կդառնա շարժմանը երկրորդ շունչ հաղորդելու, վերակենդանացնելու, գուցե նաև քաղաքական պահանջների հիման վրա մի բոլորովին նոր շարժում սկսելու պատճառ:
Ոստիկանությունը, սակայն, որոշեց առաջ ընկնել այդ իրադարձություններից` շատ լավ հասկանալով, որ երեկոյան այդ ժամին, երբ սովորականից ավելի շատ մարդ հավաքված կլինի Բաղրամյան փողոցում, «Մեկ քայլ առաջ» ակցիայի իրականացմանը խոչընդոտելը կարող է հանգեցնել բախումների: Ահա դա էր հիմնական պատճառը, որ օրեր շարունակ անօրինական նստացույցի նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերող ոստիկանությունը որոշեց Բաղրամյան փողոցն ազատելու գործողություններին դիմել նույն օրն առավոտյան, երբ այնտեղ ամենաքիչ թվով մարդ էր հավաքված լինելու, և օպերացիայի հաջող իրականացման համար լուրջ խոչընդոտ չպետք է որ լիներ: Առավել ևս, որ դրա իրականացման պատասխանատվությունը դրվել էր հանրային շրջանակների հետ քաղաքակիրթ հաղորդակցման վարպետներ դարձած` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ՀՀ փոխոստիկանապես Հունան Պողոսյանի վրա:
Բաղրամյան փողոցն ազատելը չի նշանակում, թե շարժումը վերջնականապես դադարեց: Ակտիվիստները կգնան նոր գործողությունների, մանավանդ, որ միջոցառումը Բաղրամյան փողոցը փակած շրջանակներին փակուղային վիճակից դուրս գալու ելք է տալիս: Փաստացի ստացվում է, որ, չնայած դիրքային կորուստներին, ակտիվիստների` Բաղրամյանը չլքող հատվածն այնտեղից դուրս եկավ, համենայն դեպս, բարոյական առումով չպարտված, ինչն Ազատության հապարակում նոր մոբիլիզացիոն գործընթաց ստեղծելու և դեպի Բաղրամյան նոր «գրոհ» ձեռնարկելու նախադրյալ է ստեղծում: Թեև դժվար է հավատալ, որ այս անգամ ոստիկանությունը կթողնի նրանց դուրս գալ Ազատության հրապարակից: Սա նոր գործընթացի սկիզբ է խոստանում: Այլ հարց է` որքանո՞վ այդ նոր սկիզբը կունենա նախկինի էներգետիկան, ուժը, էնտուզիազմը:
Մի բան հստակ է` էլեկտրաէներգիայի թանկացման թեման, որպես շարժման «գեներատոր», դադարում է առաջնային լինել: Իսկ թե նոր օրակարգը որքանո՞վ մարդկանց զանգվածներ կբերի Ազատության հրապարակ կամ Բաղրամյան փողոց, ցույց կտա ժամանակը: Այն, որ Բաղրամյանը փակ պահողները, մաշելով շարժումը, լեգիտիմացրին ոստիկանության` առանց այն էլ սպասելի գործողությունները, առանձնապես մեծ ոգևորության տեղ չի թողնում:
Գևորգ Դարբինյան