կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-02 16:46
Առանց Կատեգորիա

Սպառազինում` վարկով. իսկ ինչպե՞ս է փակվելու ՀԷՑ-ի պարտքը

Սպառազինում` վարկով. իսկ ինչպե՞ս է փակվելու ՀԷՑ-ի պարտքը

Խորհրդարանը քննարկում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված` Հայաստանին 200 միլիոն դոլարի չափով վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որը, անկասկած, կվավերացվի:

Համաձայնագրի գաղտնի հավելվածի մասին պատգամավորների դիտարկումներից, ինչպես նաև ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի տված պարզաբանումներից պարզ է դառնում, որ վարկային այդ միջոցներով հենց արտադրող ընկերություններից ձեռք են բերվելու այնպիսի զինատեսակներ, որոնցից մինչ այս Հայաստանի ԶՈւ-ն չի ունեցել: Ընդ որում` վարկը տրվում է 13 տարվա մարման ժամկետով և 3 տոկոսով, ինչը, ընդհանուր առմամբ, կարելի է իսկապես արտոնյալ համարել:

Թեև վարկային այս համաձայնագրի արդյունքում Հայաստանի պետական պարտքն ավելանում է, սակայն սա այն եզակի դեպքերից է, երբ ոչ միայն դրա անհրաժեշտությունն է հիմնավորված, այլև պարզ է, թե կոնկրետ ինչին են ուղղվելու այս միջոցները: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել վարկային միջոցներն աննպատակ վատնելու ռիսկերի մասին:

200 մլն դոլարը նույնիսկ կիսով չափ չի լուծում ո\'չ Հայաստանի սպառազինությունն արդիականացնելու, ո\'չ էլ ԼՂ հակամարտության գոտում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու խնդիրը: 2011-ից Ադրբեջանին մոտ 5 մլրդ դոլարի ժամանակակից տեխնիկա վաճառելու միջոցով Ռուսաստանն այնքան է մեծացրել տարբերությունը Բաքվի օգտին, որ այս վարկի միջոցով համալրումը կարելի է ընդամենը այդ ահռելի տարբերությունն էլ ավելի չմեծացնելուն ուղղված փոքրիկ քայլ համարել: Թերևս, խնդիր է դրվել ձեռք բերել այնպիսի զինտեխնիկա, որն ավելի շատ ուղղված է լիելու առաջիկայում իրավիճակի սրացմանը գնալու` Ադրբեջանի ձգտումները զսպելուն: Եվ համաձայնագրի ստորագրումն իսկապես իր հոգեբանական ազդեցությունը Բաքվի վրա կթողնի:

Իսկ ընդհանրապես, եթե կարելի է խոսել հայ-ռուսական «ստրատեգիական» գործընկերությունից Հայաստանի որևէ օգուտի մասին, ապա դա գործնականում միայն ՌԴ-ից արտոնյալ, գործարանային գներով զինամթերք ձեռք բերելու հնարավորությունն է:

Սակայն որքան էլ վարկային այս համաձայնագրի ստորագրումը այլընտրանք չունի, այն ի հայտ է բերում դրա հետ ուղղակի կապ չունեցող երկու խնդիր, որոնց հնարավոր չէ մատների արանքով նայել: Առաջինն այն է, որ վարկը Հայաստանին տրվում է դոլարային հաշվարկով, այն դեպքում, երբ ռուսական ռուբլին շարունակում է անկում արձանագրել` գուցե առաջիկայում հանգեցնելով նաև հայկական դրամի արժեզրկմանը: Իսկ ադ դեպքում վարկը Հայաստանի վրա ավելի թանկ է նստելու, քան նախատեսվում է համաձայնագրով: Ակնհայտ է, որ սա ռուսական կողմի պահանջն է, ինչը, սակայն, ՀՀ կառավարությունը հերթական անգամ չի կարողացել չեզոքացնել նույն կերպ, ինչպես Ռուսաստանից ներկրվող գազի գնի պարագայում: Այն հանգամանքը, որ Հայաստանի հետ գործարքներում ռուսական կողմն այս հարցում որևէ զիջման չի գնում, վկայում է իր գերիշխող դիրքը «չարաշահելու»` Ռուսաստանի անփոփոխ քաղաքականության մասին, մանավանդ` եթե նկատի ունենանք, որ իր մյուս ստրատեգիական գործընկերոջ` Բելառուսի հետ հարաբերություններում Մոսկվանբոլորովին այլ կերպ է վարվում: Սա ոչ միայն Հայաստանի և Բելառոսի միջև, իր համար կարևորության իմաստով, տարբերություն դնելու նշան է, այլև, առաջին հերթին, ՀՀ իշխանությունների կողմից շարունակվող հարմարվողականության հետևանք: Թվում էր, թե Բաղրամյան փողոցում վերջին տասը օրերին կատարվող զարգացումները կարող էին լուրջ գործիք դառնալ կառավարության ձեռքին` գոնե այս հարցում Ռուսաստանից զիջումներ կորզելու համար: Պետք է ենթադրել` կա\'մ չեն փորձել օգտվել դրանից, կա\'մ չեն կարողացել:

Երկրորդ` հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում նախատեսվող աուդիտի եզրակացությունը կլինի, կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` ավելացնելով. «...ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր»: Թվում էր, թե նախագահը հենց այս վարկի հաշվին սակագնի տարբերությունը սուբսիդավորելու մասին է ակնարկում: Սակայն ԱԺ-ում Արա Նազարյանը հայտարարեց, որ ինչպես այդ, այնպես էլ ՊՆ-ին հատկացվող բյուջետային միջոցներից որևէ լումա որևէ այլ ծախսի չի կարող ուղղվել: Այն, որ սուբսիդավորումը Հայաստանի պաշտպանունակության հաշվին չի արվելու, ողջունելի է: Սակայն հարց է առաջանում` այդ դեպքում ինչո՞ւ էր նախագահը խոսում հենց «անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցների» հաշվին այդ հարցը լուծելու մասին` հանրության նկատմամբ ճնշում գործադրելու համա՞ր: Կամ` եթե սուբսիդավորման աղբյուրը դա չէ, ապա ո՞րն է, ընդհանրապես:

Կարելի է ենթադրել, որ նախապես հենց անվտանգության հաշվին հարցը լուծելու տարբերակն է ընտրված եղել, սակայն մոտեցումը փոխվել է վերջին օրերին: Այս իմաստով ուշագրավ էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն ակնարկը, թե սուբսիդավորումը կարող է կատարվել նաև նվիրատվությունների հաշվին: Ամեն դեպքում, եթե կառավարությունն իսկապես ցանկանում է վերականգնել վստահությունն իր հանդեպ, ինչը, ի դեպ, նախագահը ոչ պակաս կարևոր, անվտանգությանն առնչվող հարց համարեց, ապա պետք է բարի լինի հանրային հետաքրքրություն ներկայացնող այս լրջագույն հարցի վերաբերյալ տալ հստակ բացատրություններ:

Գևորգ Դարբինյան