կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-18 13:24
Առանց Կատեգորիա

Վարկով ծնվում ենք, ապառիկով` մահանում

Վարկով ծնվում ենք, ապառիկով` մահանում

Իջեւանում էի: Ավտոբուսից իջնելուն պես առաջին բանը, որ աչքս ընկավ, հերթն էր, որտեղից նաեւ գոռգոռոցներ էին գալիս: «Թատրոնի շենք է, ներկայացման տոմս գնելու համար իրար են ծեծում»,- չարախնդացի ու շարժվեցի դեպի գոռգոռացողները: Հերթը բանկի շուրջ էր, որտեղ վարկ էին տալիս անձնագրով ու քիչ տոկոսադրույքով: Երանի մարդկային հարաբերություններ վարկով տային. հարեւանը հարեւանին ստերի շարան էր, որ պատմում էր Կինս թունավորված է, շտապօգնության մեքենան բակում կանգնած է», «Երեխաս ստուգման գրքույկը ձեռքը դեկանատի մոտ վիզը ծուռ կանգնած է` քննությանը չեն թողնում մասնակցի` վարձին են սպասում», «Մորս շաքարը բարձրացել է, ինսուլին պիտի հասցնեմ»/` տասը րոպե շուտ վարկ ստանալու համար: Իսկ դիմացն ուղղակի Ամանոր էր:

 

Ծնվում ես, թե չէ` ապառիկն ու վարկն անպակաս են` ուսանողական, հարսանյաց, տուն գնելու վարկ ու ապառիկ վաճառք` ամեն ինչի: «Մնացածը վաճառվում է, եւ ամենն է վաճառվում»,- կասեր Մեսչյանը: Մնում է ապառիկ երջանկություն վաճառեն, ու վերջ, ազգս բանկերում էլ կապրեր:

 

Բանկը լավ բան է, եթե այնտեղ խնայողություն ունես: Եթե խնայողություն չունես, այն քեզ մտածել է ստիպում` մտածիր` ի՞նչ անես, որ ապառիկդ ու վարկդ ամսվա վերջին փակես: Անուն-ազգանունը գրելիս տառասխալ անողն առանց կարդալու կասի` վարկ կամ ապառիկով ապրանք վերցնելու համար ի՞նչ թղթեր են անհրաժեշտ, եւ որ հարցին ինչպես է պետք պատասխանել` հայցը չմերժելու համար: Իսկ հետո տեղին-անտեղի բոլորին մանրամասն պատմում են վարկի կամ ապառիկի պատմության մասին, ու թվում է, թե այդ վարկն ու ապառիկը ստանալը մարդու երազանքն է եղել, բայց ցավն էն է, որ դա ստանալուց հետո մարդիկ իրենց ամենեւին էլ երջանիկ չեն զգում:

 

«Գերեզմանաքարերի ապառիկ վաճառք». գերեզմանատներին կից կարդում ես ցուցանակը ու լացդ գալիս է, ճիշտ էլ տեղ են դրել ցուցանակը` կարդաս-հուզվես, ոչ ոք չի հարցնի` ինչո՞ւ ես լացում: Երբեք չեմ սիրել գերեզմանատուն այցելել, ուրիշ ոչ մի տեղ այդքան ճղճիմ ինձ չեմ զգում, ուրիշ ոչ մի տեղ այդքան շատ մարդկանցից չեմ հիասթափվում:

 

Մարդիկ,  ես որ մեռնեմ, ապառիկով գերեզմանաքար չառնեք, կողքս մարմարից սեղան, աթոռ չդնեք, արծաթե, գրողը տանի, գեղեցիկ նախշերով խնկաման չդնեք ու հարբեցող պահակ էլ չկարգեք` էս ամենը չգողանալու ու ամեն գիշեր գերեզմանաքարիս օղու բաժակը չխկացնելու ու «է՜հ» ասելու համար: Ես որ մեռնեմ, ինձ հանգիստ կթողնեք:

 

Կարինե Հարությունյան