Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված` «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ «ՀՀ-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիրը:
Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է կատարելագործել մաքսային համակարգի զննման սարքավորումները: Փոխնախարարը նշեց, որ վարկի գումարը կազմում է 23,3 միլիոն դոլար, բայց վարկը վերցվելու է չինական յուանով՝ 20 տարի ժամկետով: Վարկը ստանալու են սարքավորումներ տեսքով, դրանք են՝ երկաթուղային բեռների զննման սարքեր, շարժական սկաներներ, նկարահանող սարքեր, մարդու մարմնի զննման սարքեր:
Ներդրվելու է նաև էլեկտրոնային կողպեքների համակարգ. բեռը, հատելով մաքսային սահմանը, ստանալու է էլեկտրոնային կողպեք, որը հնարավորություն է տալու հետևել, թե որտեղից որտեղ հասավ բեռը:
«Դա մի կատարյալ համակարգ է լինելու, որը թույլ է տալու մշտադիտարկել տվյալ բեռի ու ապրանքի շարժը»,- ասաց Վախթանգ Միրումյանը՝ հավելելով, որ զննման ու սկանավորման սարքավորումները փոխարինելու են մաքսային աշխատակիցներին, այսինքն` այն աշխատանքը, որը, որոշակի ժամանակ ծախսելով, կատարելու է մաքսային համապատասխան աշխատակիցը, այսուհետ կարող է անել սկանավորման սարքավորումը:
Հանձնաժողովի անդամների մոտ հարց առաջացավ`արդյո՞ք կկրճատվեն մաքսայինի որոշ աշխատակիցներ, եթե ներդրվեն նման սարքավորումներ: Վախթանգ Միրումյանը պատասխանե` այո, մաքսայինի աշխատակիցների թիվը կարող է կրճատվել, և դա տեղավորվում է օպտիմալացման ծրագրերի շրջանակում:
Փոխնախարարը օրինակ բերեց վերջին տարիներին ֆինանսների նախարարության 56 տեսչությունների աշխատակիցների` կիսով չափ կրճատվելը:
ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը հարցրեց Լարսի անցակետում օրեր տևող կուտակումների ու հերթերի մասին, ինչից տուժում են հայ բեռնափոխադրողները: Վախթանգ Միրումյանը նշեց, որ այդ հարցը բարձրացվել է ԵՏՄ անդամ երկրների համապատասխան մարմինների հետ հանդիպման ժամանակ, և այդ բարդ խնդրի լուծումը հանգում է Լարսում հավելյալ անցուղու կառուցմանը: