կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 12:58
Հասարակություն

Մեկ ամիս էլ կանգնեինք Բաղրամյանում, բայց արդյո՞ք դրանով հարց կլուծվեր. ակտիվիստ

Մեկ ամիս էլ կանգնեինք Բաղրամյանում, բայց արդյո՞ք դրանով հարց կլուծվեր. ակտիվիստ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր հանդիպեցին լրագրողների հետ եւ ներկայացրեցին ստեղծված իրավիճակը:

Նախաձեռնության անդամներից Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ ոչ մի պառակտում էլ չկա իրենց թիմում: Իսկ այն, ինչ կատարվեց երկու օր առաջ, երբ մի մասը գնաց Ազատության հրապարակ, իսկ մի մասը մնաց Բաղրամյանում, հավանաբար, սխալ արտահայտվելու արդյունք էր. Վաղինակ Շուշանյանը տեքստից դուրս փորձել է բացատրել իրավիճակը, ինչն էլ, հավանաբար, լավ չի ստացվել:

Քոչարյանը տեղեկացրեց, որ հիմա խոսում են մասնագետների՝ իրավաբանների եւ տնտեսագետների հետ` իրավիճակն ավելի խորությամբ հասկանալու համար:

Լրագրողների հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ որոշեցին դուրս գալ Բաղրամյան պողոտայից, Արթուր Քոչարյանը պատասխանեց. «Մեկ ամիս էլ կանգնեինք Բաղրամյանում, բայց արդյո՞ք դրանով հարց կլուծվեր»: Նա նաեւ հայտարարեց, որ հիմա Բաղրամյան պողոտայում չկա շարունակություն, չկա պահանջ:

«Փողոց փակելը չպետք է լինի սովորական քայլ,  այն պետք է կոնկրետ գործիք լինի: Աստված չանի` խաբեության դիմեն աուդիտի մասով, ոչ թե միայն Բաղրամյանը, այլև շատ ավելի փողոցներ կփակենք»,- ասաց ակտիվիստը:

Ի դեպ, նա նաեւ տեղեկացրեց, որ պայքարի օրերին չեն տեսել այն մարդկանց, ովքեր հիմա Բաղրամյան պողոտայում միկրոֆոն են վերցրել: