կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-28 10:29
Հասարակություն

Պապիս փրկել է թուրք հարևանը` պահելով ախոռում

Պապիս փրկել է թուրք հարևանը` պահելով ախոռում

«Պապիկս վերապրել է Ցեղասպանությունը: Նա եղել է Սասուն գավառի Մկդեն գյուղից: Ի դեպ, նույն գյուղից է եղել նաև Գևորգ Չաուշը: Պապս պատմել է, որ 9 տարեկան է եղել, երբ թուրքերը հարձակվել են: Նա ունեցել է մեծ ընտանիք, 7 եղբայր և 2 քույր: Բոլորին սպանել են, տարել: Նա կորցրել է բոլորին, միայն ինքն է ողջ մնացել: Նրան հրաշքով փրկել է իրենց թուրք հարևանը: Այդ մարդն իրենց ախոռում է թաքցրել պապիս, և չի մատնել: Պապս էլ փոխարենը նրանց անասուններին է կերակրել, մաքրել: Հետո, երբ ռուսական բանակը հասել է այնտեղ, այդ մարդը պապիկիս հանձնել է ռուսներին:

 

 

Սրանք էլ պապիկիս տարել, հանձնել են Ռուսաստանի Արմավիր քաղաքի որբանոց, որտեղից էլ հետագայում տեղափոխվել է Գյումրվա մանկատուն: Ահա այդպես պապիկս ողջ է մնացել: Տարիներ հետո նա Աշնակ գյուղում պատահաբար գտել է իր հորաքրոջ աղջկան: Պապիկս և տատիկս ունեցել են 7 երեխա: Նա իր երեխաներին անվանել է Սանասար, Բաղդասար, Սասուն, Արամայիս, Մարգարիտ, Սուսաննա՝ իր քույրերի ու եղբայրների անուններով: Հայրս պատմում է, որ ամեն անգամ «Նահապետ» կամ «Ձորի Միրոն» ֆիլմերը նայելիս պապս արտասվում էր, ասում՝ «Կլինի՞ մի օր՝ ճամփան բացվի, ես գնամ իմ Էրգիրը, իմ տունը նորից տեսնեմ»: