կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-24 17:05
Առանց Կատեգորիա

Սա հայկական «մայդան» չէ

Սա հայկական «մայդան» չէ

Ռուսաստանը Բաղրամյան պողոտայում մանրադիտակով «մայդան» է փնտրում` ըստ էության արդարացնելով ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի գործադրումը: Բաղրամյան պողոտայում «մայդան» են փնտրում նաև ներհայաստանյան մայդանասերները, ովքեր ժամանակին հրճվանքով հետևում էին, թե ինչպես են Կիևի կենտրոնում անցկացվող խաղաղ հանրահավաքները վերածվում արյունալի, կործանարար բախումների:

Մինչդեռ այն, ինչ այս օրերին ծավալվում է Երևանում, աստիճանաբար նաև Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում ու Սփյուռքում, «մայդանի», իբրև երևույթի հետ, դեռ ոչ մի ընդհանուր բան չունի մի քանի պատճառով:

1. Այս շարժման էությունը սոցիալական է, այլ ոչ թե քաղաքական, առավել ևս` աշխարհաքաղաքական: Դրանք որևէ քաղաքական-գաղափարական հոսանքի չեն սպասարկում, քաղաքական ուժերն այստեղ ոչ միայն որևէ դերակատարում չունեն, այլև այնքան խոհեմություն ունեն, որ արհեստականորեն նվազեցնում են անգամ նման դերակատարության տեսական հնարավորությունները: Երեկ ԱԺ պատգամավորները որոշեցին կենդանի պատ կազմել ցուցարարների և ոստիկանների միջև, որին միացան ԱԺ բոլոր խմբակցություններից: Չնայած ՀՀԿ-ից այնտեղ ներկա պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և նախարար Արմեն Աշոտյանի ներկայությունը հարուցեց ցուցարարների զայրույթը, սակայն, ի դեմս նրանց, «պատում» ՀՀԿ-ի ներկայությունը չափազանց կարևոր էր հենց հատկապես շարժման ապաքաղաքական բովանդակությունն ու ուղղվածությունը շեշտելու, իրավիճակը բախումների չհանգեցնելու հարցում քաղաքական համակարգի միասնական շահագրգռությունը ցուցադրելու իմաստով: Այս պատի քաղաքական հատվածը փշրեց ռուսական լրատվամիջոցներով զարգացվող այն թեզը, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումը ղեկավարվում է ընդդիմության կողմից և բնույթով հակառուսական է:

Շարժումը յուրօրինակ սոցիակական բունտ է` հանուն սոցիալական արդարության և քաղաքացիական արժանապատվության հարգման` չնայած նրան, որ ունի հակաիշխանական ենթատեքստ այնքանով, որքանով ցույցերին մասնակցողների մի ստվար մասը չի խորշում սա դիտարկել որպես իշխող համակարգը փոխելու հարմար առիթ, ինչը ևս բնական է և օրինաչափ:

2. Շարժումը համակարգված չէ: Չունենալով որևէ ընդգծված մարտավարություն` այն հիմնված չէ նաև որևէ կոնկրետ մեթոդաբանության և համակարգման, կազմակերպման մեխանիզմների վրա: Նախաձեռնող խմբի կողմից ավելի շատ տակտիկական սխալներ են թույլ տրվում, և որոշում կայացնողը, ըստ էության, ոչ թե այս խիստ առաձգական խումբն է, այլ զանգվածը, ավելի ճիշտ` զանգվածի բնազդային ընկալումները: Այդ բնազդն է հուշում զերծ մնալ լիդերներ առաջ քաշելուց` հաշվի առնելով հենց առաջնորդների գործողություններից ու որոշումներից, նրանց անվճռականությունից անընդհատ հուսախաբ լինելու փորձը: Այդ բնազդն է նաև հուշում զերծ մնալ իշխանության հետ որևէ բովանդակային քննարկման մեջ մտնելուց, որովհետև քաղաքական հոտառության ու փորձառության բացակայությունը իշխանական մանևրների ծուղակում հայտնվելու հիմնական նախադրյալն է: Դրանով է բացատրվում, թե ինչու են երիտասարդները համառորեն մերժում նախագահի հետ հանդիպման, փաստացի կոմպրոմիսային քննարկումների մեջ մտնելու առաջարկը: Դա տրամաբանական է նաև այն պատճառով, որ մտնել նման քննարկումների մեջ նշանակում է մտնել քաղաքականություն, իսկ դա այս երիտասարդների, այս զանգվածի նպատակը չէ: Նրանք չեն ուզում դառնալ քաղաքական գործիչներ, չեն ուզում ինքնահասատվել դրա միջոցով:

3. Գոնե այս պահին շարժումը չի ստանում ֆինանսական լուրջ, ուղղորդված աջակցություն ո\'չ ներսից, որքան կարելի է հասկանալ, ո\'չ էլ, առավել ևս, դրսից: Չի բացառվում, իհարկե, որ առանձին մեծ կամ փոքր գործարարներ փորձեն ամռան այս տապին ջրով և սննդով օգնել ցուցարարներն: Բայց դա ոչ թե ներդրում է ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծելու գործում, այլ մարդկային վերաբերմունքի, քաղաքացիական ընդվզմանը մասնակցություն ցուցաբերելու ինչ-որ եղանակ:

Սա մայդանից տարբերվելու ամենակարևոր գործոններից է, որովհետև, նախընտրելով ապավինել սեփական համեստ միջոցներին, նախաձեռնողները կարծես թե ի սկզբանե մերժում են շարժումը արտաքին ու ներքին ուժերի գերին դարձնելու հեռանկարը և վերահաստատում հայաստանակենտրոնության գաղափարի շուրջ ինքնակազմակերպվելու կամքը, որն այնքան դիպուկ ձևակերպվել է «Մենք ենք տերը մեր երկրի» լոզունգի տեսքով: Պատահական չէ, որ սկսված շարժման հանդեպ ակնհայտ զգուշավորություն են հանդես բերում թե\' Արևմուտքից և թե\' Ռուսաստանից: Այս գործոնները, սակայն, բոլորովին չեն բացառում շարժման վերածումը «մայդանի»: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ փոխվի օրակարգը` սոցիալականից տրանսֆորմացվելով քաղաքականի: Որքան իշխանությունը շարունակի իրավիճակը ձգձգելու քաղաքականությունը` հույս ունենալով, որ ինչ-որ պահից ցուցարարները կհոգնեն անորոշությունից ու շոգից, այնքան դրա հնարավորությունները կմեծանան: «Մայդանի» վերածվելու վտանգը շարժման ծավալների մեծացման մեջ չէ, այլ դրանում արտաքին ուժերի ներգրավման:

Այն պահին, երբ այս շարժումն ընկալվի Արևմուտք-Ռուսաստան դիմակայության համատեքստում, Հայաստանը կարող է նույնիսկ հայտնվել Ուկրաինայից էլ ավելի վատ վիճակում: Ռուսաստանը չի երկնչելու գործի դնել հոգեբանական, սոցիալական տեռորի իր ողջ արսենալը` առնվազն սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Եվ սա այնքան իրատեսական է, ինչքան իրական է Դոնբասի և Լուգանսկի աղետը:

Հետևաբար, այս շարժումը արկածախնդիրների տեղը չէ: Մայդանական տրամադրությունների տարածումը Ազատության հրապարակում և Բաղրամյան փողոցում հավասարազոր են սադրանքի:

Գևորգ Դարբինյան