Հովհաննես Հովհաննիսյանի պատմությունը
1883 թ., Բիթլիս, Ավին գյուղ
Հովհաննես Հովհաննիսյանի պատմությունը
1883 թ., Բիթլիս, Ավին գյուղ
Հրանդուխտ Հովհաննիսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը՝ օգտվելով նրա գրառումներից: Հովհաննես Հովհաննիսյանն ականատես է եղել Բիթլիսի նահանգի հայկական կոտորածներին, կանանց ու երեխաների տեղահանմանը:
«Հովհաննես Հարությունի Հովհաննիսյան, ծնված 1883 թ. Բիթլիսի (Բաղեշ) նահանգի Երունի շրջանի, Ավին գյուղում: 1893 մայիսի 1-ին մեկնել եմ Պոլիս՝ սովորելու, սակայն 1895-ին հայկական կոտորածին Պապահալի դիրքին ականատես Բանկոդօմենյանի կոտորածից ազատվելով՝ փախա Բուլղարիայի Ռուսենագ քաղաք և որդեգրվեցի եֆե Մարտիրոս Խորոսանյանին: Սովորեցի նույն քաղաքի Մեսրոպյան երկսեռ դպրոցում և ավարտեցի այն 1901թվին: Նույն տարում Բուլղարիայից մեկնեցի Պոլիս և ընդունվեցի Կենտրոնական վարժարանը:
Համիդյան ռեժիմի կապակցությամբ աքսորվեցի Բիթլիս, որտեղ ուսուցչությամբ էի զբաղվում քաղաքի տարրական դպրոցներում մինչև 1911 թիվը: Կրկին վերադարձա Պոլիս և ստանալով ուսուցչական վկայական (դիպլոմ)՝ 1914 թվին որպես զորակոչիկ ներգրավվեցի բանվորական գնդում:
Ականատես եղա Բիթլիսի նահանգի այկական կոտորածներին, կանանց ու երեխաների տեղահանմանը: 1915 թվի հունիսի 13-ին Բիթլիսի թուրքերը նահանջեցին քաղաքից և հայկական բանվորական գնդերը՝ թվով 6000 հոգի, քաղաքի հարստությունը շալակներով տեղափոխեցինք Կասրիկ քրդաբնակ գյուղը, իսկ այնտեղ այդ բանվորներին կոտորեցին: Այդ կոտորածի տեղից ես կարողացա փախչել: Ինձ հետ էր և եղբայրս՝ Կարապետը, սակայն նա ևս սպանվեց: Ես միայնակ ազատվեցի, եկա Բիթլիս և ապաստան գտա Ղուլտկա Կմիր սարում մի քարայրի մեջ, որտեղ ընկերներ գտնելով 3 ամիս մնացինք քարայրում. մինչև քրդերի կողմից հայտնաբերվեցինք:
Բոլոր ընկերներս սպանվեցին: Ես և իմ փեսան՝ Մուրադը, միասին փախանք գնացինք Երուն, Շարամբեկի մոտ (Բադարխանբեկի տղան): Նրա հովանավորության տակ ապրեցինք մինչև 1915թ. նոյեմբերի 13-ը, ուստի չունենալով փրկության ոչ մի հույս, թողեցինք Երունը, Բիթլիսի վրայով Մանազկերտի գծով անցանք:
Այնթապի դաշտում հանդիպեցինք ռուսական զորքին. ազատ շունչ քաշեցինք: 1916 թվին Վանում ամուսնացա: 1916 թվին Վանի նահանգից եկա Երևան»:
Վանում պապս ամուսնացել է Թագուհի անունով մի կնոջ հետ: Նա կորցրած է եղել իր աղջկան՝ Մաքրուհուն, իսկ ամուսնուն թուրքերը սպանել են: Նրանց ամուսնությունից ծնվել են Հրայրն ու Հրաչիկը: Թագուհու մահից հետո տանում է զավակներին, որ հանձնի որբանոց, բայց մինչ ինքը որբանոցից ընկերոջ տուն կհասներ, երկու եղբայր հիշողությամբ հետ են գալիս հոր ընկերոջ տուն: Նա լաց է լինում, վերցնում զավակներին և գալիս տուն, ամուսնանում Շամամ Սարոյանի հետ և հաստատվում Վ.Զեյվա գյուղում: Ծնվում են Հրազդանը և Հրանուշը: Տարիներ անց նա գտնում է Մաքրուհուն»: