կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-15 18:15
Առանց Կատեգորիա

Ինչ են անում հայ մարզիկները Բաքվում

Ինչ են անում հայ մարզիկները Բաքվում

Հայաստանցի մարզիկները սկսել են մրցելույթները Բաքվի ամառային օլիմպիական խաղերում, որոնց արդյունքում առայժմ հաջողվել է նվաճել միայն մեկ արծաթե մեդալ: Թեեւ այդ խաղերին մասնակցում է Հայաստանը ներկայացնող` ընդհանուր առմամբ 26 մարզիկ, նրանցից սպասելիքները բարձր լինել չեն կարող: Այս խաղերին Հայաստանը մասնակցեց ոչ այնքան մրցանակներ շահելու, վարկանիշային միավորներ հավաքելու, որքան քաղաքական և քարոզչական նկատառումներով: Այդ իմաստով` ինչպես միանշանակ չէ մասնակցելու կայացված քաղաքական որոշումը, նույն կերպ միանշանակ չէր լինելու չմասնակցելու, այդ խաղերը բոյկոտելու որոշումը, որն առկա իրավիճակում կլիներ ամենահեշտը` ելնելով, առաջին հերթին, հայ մարզիկների ֆիզիկական անվտանգությունից:

Մտածել, թե մասնակցելու որոշումը կայացնելիս հաշվի չի առվել այս գործոնը, կնշանակի համարել, որ իրավասու մարմիններն առաջնորդվել են խելագարության կանխավարկածով: Հենց անվտանգության ապահովման խնդիրն է պատճառը, որ ընտրվել է Թբիլիսիից խումբ առ խումբ Բաքու մեկնելու և մրցելույթներն ավարտելուց անմիջապես հետո հայրենիք վերադառնալու մարտավարությունը: Սա զգալիորեն նվազեցնում է ռիսկը:

Բայց եթե առաջնորդողը լիներ բացառապես մարզիկների անվտանգության հարցը, ապա պետք է ընդհանրապես հրաժարվենք մասնակցել որևէ միջազգային մրցաշարի, որին մասնակցում են նաև ադրբեջանցիները: Ցանկացած նման միջոցառման հնարավոր չէ ամբողջովին կանխատեսել ադրբեջանցիների հնարավոր վարքագիծը հայ մարզիկների նկատմամբ, մանավանդ` 2004թ. Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից հետո: Բաքվի խաղերի պարագայում գոնե որոշակի վստահություն կա, որ ադրբեջանցիները կխուսափեն սեփական երկրի տարածքում հայերի նկատմամբ ոտնձգություններից` թե\' այդ խաղերի վրա ծախսված միլիարդավոր դոլարներն ուղղակի անիմաստ չդարձնելու, թե\' նման ցուցադրական միջոցառումներով` իբրև պետականություն ինքնահաստատվող Ադրբեջանի վրա բիծ չթողնելու նկատառումով:

Բայց, անկախ այդ հանգամանքից, եթե հայ մարզիկների մասնակցության որոշումը կայացվել է, ապա այդ որոշումը կայացնող իրավասու մարմինները և դրանց ղեկավարները լիարժեք պատասխանատվություն են կրում: Մարզիկներին իրական անվտանգության երաշխիքներ տվողը ոչ թե Բաքուն է, ՄՕԿ-ը, այլ ՀՀ կառավարությունը` ի դեմս սպորտի նախարարության, և ՀԱՕԿ-ը:

Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվում փլավ չէին բաժանելու, և որ հայկական պատվիրակությունը, դրա յուրաքանչյուր անդամ գտնվելու էր հսկայական բարոյահոգեբանական ճնշման ներքո: Հասկանալի էր նաև, որ ըմբշամարտի նման մրցաձևերում, որտեղ մրցավարները սուբյեկտիվ որոշումներ կայացնելու լայն հնարավորություններ ունեն, հայ մարզիկները դառնալու էին ադրբեջանական իշխանություններին իրենց ցուցաբերված ընդունելության, նաև ֆինանսական խրախուսման դիմաց մրցավարության մատուցած յուրատեսակ զոհերի դերում` փորձելով բավարարել Բաքվում Հայաստանի հիմնի հնչեցումը հնարավորինս բացառելու` ադրբեջանական իշխանությունների լուռ ցանկությունը: Սակայն սուբյեկտիվիզմը մի գործոն է, որը այս կամ այն չափով առկա է եղել բոլոր մրցաշարերում` անկախ նրանից` դրանք անցկացվել են Բաքվո՞ւմ, թե՞ այլուր: Շատ դեպքերում «վատ մրցավարությունը» դարձել է այն փրփուրը, որից կախվել են սեփական սխալները, հոգեբանորեն նման իրավիճակներին անպատրաստ լինելու իրողությունը սքողելու համար:

Մյուս կողմից` այդ հոգեբանական ճնշումները, որոնք առավել սուր կերպով դրսևորվում են հանդիսատեսի կողմից, ավելի շատ բնութագրում են ադրբեջանական հասարակության հոգեբանական բարդույթները, հիվանդությունները, փաստում այդ երկրում տարվող ֆաշիստական, հայատյաց քարոզչության` հենց ադրբեջանական ազգի համար ողբերգական հետևանքները, քան բացատրում են հայ մարզիկների ձախողումները: Այդ արձագանքը մերկացնում է երկխոսության մեջ մտնելու` ադրբեջանական կողմի անպատրաստ լինելը: Դրան զուգահեռ` հայ մարզիկների մասնակցությունը միջոց է` ջարդելու ադրբեջանցիների մոտ հայերի և Հայաստանի մասին ձևավորված կարծրատիպը: Մասնակցության միջոցով ցույց է տրվում, որ ոչ միայն երկու ժողովուրդների շփումները հնարավոր են, այլև որ հայերը չեն շփումների դադարեցման մեղավորները:

Սա սահմանին տիրող վիճակի հետ որևէ կապ չունի այն պարզ պատճառով, որ Բաքվի իշխանություններն իրենց գործողությունները երբեք չեն պայմանավորել սպորտում, հումանիտար այլ ոլորտներում, նույնիսկ դիվանագիտության մեջ հայկական կողմի գործողություններով: Եթե Ադրբեջանն այս խաղերից հետո պլանավորել է նոր սադրանքների դիմել կամ սկսել լայնամասշտաբ պատերազմ, ապա ակնհայտորեն չէր նայելու` այդ խաղերին հայերը մասնակցե՞լ են, թե՞ ոչ: Առանց երկմտելու կարելի է պնդել, որ եթե Հայաստանը եվրոպական օլիմպիադային չմասնակցելու որոշում կայացներ, Բաքուն այն փորձելու էր մատուցել որպես հայկական անհանդուրժողականության դրսևորում: Եթե հասել են նրան, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի մասին զեկույցում առանց որևէ հիմքի նշում է, որ Հայաստանը փորձում է վարկաբեկել Բաքվի խաղերը, ապա կարելի է միայն պատկերացնել, եթե ինչեր էր անելու Բաքուն հայկական պատվիրակության` Բաքու չմեկնելու դեպքում: Խաղերին չմասնակցելը նշանակելու էր նաև, որ Երևանը դուրս լուրջ քաղաքական նշանակություն է տալիս դրանց, ինչը կնշանակեր, ավելորդ սենսացիա հաղորդելով, գովազդել Բաքվի այս խաղերը:

Ամեն դեպքում հայ մարզիկներն արդեն մասնակցում են` անկախ հասարակության ներսում առկա հակասական տրամադրություններից: Այս պահին գոնե դրանից ավելի կարևոր բան չկա: Նրանց ցանկացած հաջողություն, անգամ` ոչ մրցանակային, Բաքվում տիրող մթնոլորտի պայմաններում իսկական հերոսություն է, որը պետք է գնահատել ըստ արժանվույն: Հիմա նրանք մեզանից ոչ թե բանավեճեր են ակնկալում, այլ համընդհանուր և համազգային աջակցություն: Նրանք այնտեղ չեն` Ալիևի քարոզչությունը սպասարկելու համար: Եթե սա է չափանիշը, ուրեմն Ալիևի ինքնագովազդին սպասարկում է եվրոպական 55 երկիր, այն դեպքում, երբ Հին աշխարհամասի որևէ լուրջ երկրի լիդեր չընդունեց Բաքվի խաղերի բացմանը մասնակցելու` Ալիևի հրավերը: Ահա սա է Ադրբեջանին և Ալիևի սուլթանական հավակնություններին Եվրոպայի իսկական գնահատականը: Հայաստանը դրա մասն է կազմել` միաժամանակ ցուցադրելով իր խաղաղասիրական տրամադրությունները` անկախ նրանից` այս խաղերից հետո ինչ է սպասվում տարածաշրջանին:  

Հայ մարզիկների մասնակցությունը նաև ընկած և ընկնող տղերքի հիշատակը պղծել չէ: Նրանք Բաքվում են որպես հաղթող կողմի, հաղթող երկրի ներկայացուցիչներ:  Նրանց հենց այդպիսին լինելուց է ադրբեջանական հասարակությունը բարդույթավորվում: Մարզիկների ելույթները, Բաքվում նրանց գտնվելը ինչ-որ իմաստով իմաստավորում է ընկածների նահատակությունը և արժևորում այն, ինչ հիմա անում է հայ-ադրբեջանական սահմանագիծը պահող հայ շարքային զինվորը:

Գևորգ Դարբինյան