կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 14:18
Տնտեսական

Որտե՞ղ է բյուջեի պահուստային ֆոնդի փողը

Որտե՞ղ է բյուջեի պահուստային ֆոնդի փողը

Մայիսի 29-ի նիստին ֆինանսների նախարարության կողմից կառավարության հաստատմանը կներկայացվի մի ուշագրավ որոշման նախագիծ: Այդ նախագծով նախատեսվում է  «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և բյուջեի պահուստային ֆոնդի' 4-րդ եռամսյակի համար նախատեսված գումարներից 3.2 միլիարդ դրամ տեղափոխել առաջին կիսամյակ:

 

Թե ինչու է նման որոշում ընդունելու անհրաժեշտություն առաջացել, նախագծում պարզաբանվում է, թե 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված' կառավարության պահուստային ֆոնդից, ընդունված որոշումներին համապատասխան, սույն թվականի առաջին կիսամյակում կատարվելիք հատկացումների ընդհանուր գումարը գերազանցում է նշված ֆոնդի գծով այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված ճշտված ծրագրային գումարը, ինչը հնարավորություն չի ընձեռում անհրաժեշտության դեպքում ամբողջ ծավալով ֆինանսավորել այդ որոշումներով պահուստային ֆոնդից նշված ժամանակաշրջանի համար նախատեսված ծախսերը: Կարճ ասած' առաջացել է ճեղքվածք: Ավելի պարզ' սկզբում իրականացվելիք ծրագրերի համար, իբր, ավելի քիչ փող են նախատեսած եղել բյուջեի պահուստային ֆոնդում, բայց հետո արդեն ծախսերը ճշտվել են, ու պարզ է դարձել, որ ավելի շատ փող է հարկավոր. սա, ընդգծենք, ըստ ֆինանսների նախարարության կողմից տրված ձեւակերպման:

 

Դրա համար նախագծով առաջարկվում է ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի գծով նախատեսված ս.թ. առաջին կիսամյակի հատկացումների գումարը 3.2 մլրդ դրամով ավելացնել' ֆոնդի գծով սույն թվականի 4-րդ եռամսյակի համար նախատեսված գումարներից 3.2 մլրդ դրամը առաջին կիսամյակ տեղաշարժելու հաշվին:

 

Թեեւ նախագծում նշվում է, թե այդ քայլով 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ծախսերի սահուն կերպով իրականացման համար բավարար պայմաններ կստեղծվեն, բայց այդ դեպքում արդեն հարց է առաջանում' իսկ 4-րդ եռամսյակի համար նախատեսված ծրագրերն ի՞նչ միջոցներով են իրականացվելու, եթե, իհարկե, իրականացվելու են...