կարևոր
2827 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-22 14:49
Քաղաքական

Ով որ շինթույլտվություն ա տվել, հերն անիծեք․ «Հրապարակ»

Ով որ շինթույլտվություն ա տվել, հերն անիծեք․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ծաղկաձոր քաղաքի ամեն մի անկյունում այս օրերին շինարարություն է ընթանում: Քաղաքը, բառի բուն իմաստով, քանդում են, ծառերը կտրում՝ տեսակ-տեսակ հյուրանոցներ եւ քոթեջներ կառուցելու համար: Մարդկանց ագահությունն այն աստիճանի է հասել, որ Ծաղկաձորում կառուցված եւ գործող հյուրանոցը քանդում են, որ տեղում ավելի բարձրահարկը՝ 8 հարկանի հյուրանոց կառուցեն: Ծաղկաձորի ամեն մետրը փող արժե։ Իսկ քառակուսի մետրի արժեքն ավելի է բարձրանում, քանի որ Ծաղկաձորը Հայաստանի սահմանամերձ տարածքներից հեռու է, եւ թուրքի ձեռքը դժվար թե հասնի։

Հսկայածավալ շինարարություն է գնում նաեւ ճոպանուղու ճանապարհին եւ տարածքում։ Մինչեւ ճոպանուղի հասնելը՝ ճանապարհի աջ եւ ձախ հատվածներում, բուռն շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ծաղկաձորի բնակիչներից հետաքրքրվեցինք, թե ինչ են կառուցում, ովքեր են կառուցում, ինչ են մտածում այս բուռն շինարարության մասին, եւ, ի վերջո, ով է թույլ տալիս, որ անտառապատ, ծառապատ հատվածներում ծառերը հատելով նման համատարած շինարարություն անեն: Բնակիչները պատմեցին, թե տեղյակ են, որ մինչեւ 2025 թվականը քաղաքում 3 բարձրահարկ հյուրանոց է կառուցվելու:

«Հենց հիմա գնացեք տեսեք՝ ճոպանուղու տարածքում ծառերը հատում են, հյուրանոց եւ քոթեջներ են կառուցում, ճոպանուղի չհասած՝ գործող 5 հարկանի «Կեչի» հյուրանոցը քանդում են հիմա, որ տեղում բարձրահարկ հյուրանոց կառուցեն: Իսկ ցավալին այն է, որ դեպի Սպորտբազա գնացող ճանապարհին 3.5 հա անտառ պետք է հատվի, որ 12 հարկանի «Միտոպիա» բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր կառուցեն: Մի խոսքով, ով ինչ ուզում, որտեղ ուզում եւ որքան ուզում է, քաղաքն ավիրում է, բիզնեսի կենտրոն են դարձրել: Քաղաքապետն էլ իրենց դրած մարդն է, ոնց վերեւից ասում են, անում է»,- պատմեցին ծաղկաձորցիները:

Ի՞նչ շինարարական աշխատանքներ են ընթանում ճոպանուղու տարածքում․ հարցն ուղղեցինք Օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնին: Կոմիտեի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Ո՞վ իրավունք ունի ծառ կտրի, շինարարություն անի: Զանգահարեք ճոպանուղու տնօրենին, թող Ձեր հարցերին պատասխանի: Եթե տեղում շինարարություն է գնում, ապա ով որ շինթույլտվություն է տվել, հերն անիծեք, ո՞վ է շինթույլտվություն տվել, զանգեք Ծաղկաձորի համայնքապետարան՝ քաղաքապետից հարցրեք»:

Կապ հաստատեցինք ճոպանուղու տնօրեն Հայկ Պողոսյանի հետ՝ ճշտելու, թե ինչ է կառուցվում ճոպանուղու անտառապատ տարածքում։ «Իմ տեղը հարմար չէ, կգաք՝ տեղում Ձեր հարցերին կպատասխանեմ, եթե ժամանակ ունեք՝ խնդրեմ»: Պնդեցինք, որ մեր հարցին պատասխանի՝ Օլիմպիական կոմիտե՞ն է իրականացնում շինարարությունը։ «Հա, Օլիմպիական կոմիտեն է անում, էլի եմ կրկնում՝ տեղս հարմար չի, եկեք՝ Ձեր հարցերին ես տեղում կպատասխանեմ»,- եղավ պատասխանը։
Ծաղկաձորի քաղաքապետի հետ կապ հաստատել չկարողացանք, խոսեցինք քաղաքապետի տեղակալ Ոսկան Եղիազարյանի հետ. «Քաղաքապետը դիրքերում ա, դրանից էլ չեք կարող հետը կապ հաստատել: Ճոպանուղու տարածքում շինարարություն են անում, անցած տարվանից իրենք կազմակերպչական աշխատանքներն արել են, ջրահավաք կայան են սարքում, որ ձմեռը պուշկեք տեղադրեն, ձյուն փչեն սահուղիների վրա: Իսկ ներքեւում հյուրանոց եւ քոթեջներ են կառուցվում: Քաղաքապետարանի կողմից են տրվել շինթույլտվությունները: Տվել ենք ապրիլ-մայիս ամիսներին, լրիվ օրինական շինարարություն ա կատարվում, իրենց սեփական տարածքում շինարարություն են անում»: Հարցրինք՝ ծառերի՞ հաշվին։ «Շինթույլտվությունը կա, մարդիկ կառուցում են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում