Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ Շվեյցարիան որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` վիճարկելով վերջինիս` նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի թուրք ազգայնական Դողու Փերինչեքի ներկայացրած հայցը բավարարելու որոշումը: Հիշեցնենք, որ դեռևս 2007թ. շվեյցարական դատարանը Փերինչեքին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի այն հոդվածով, որով Հայոց ցեղասպանության ժխտումը ենթակա է քրեական պատախանատվության: Այն բանից հետո, երբ Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Շվեյցարաիայի Դաշնային գերագույն դատարանը մերժել էին այդ դատավճռի դեմ ներկայացված բողոքը, Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, որն էլ նախորդ տարվա դեկտեմբերին վերջինիս արդարացնելու որոշում էր ընդունել` մարդու խոսքի ազատության իրավունքը խախտված լինելու պատճառաբանությամբ:
Դրան հաջորդած շրջանում հայաստանյան և սփյուռքյան բազմաթիվ կազմակերպություններ ու կառույցներ կոչով և խնդրանքներով դիմել էին Շվեյցարիային` բողոքարկելու ՄԻԵԴ-ի այս որոշումը: Շվեյցարիայի այս քայլը մեծապես հայկական գործոնի ազդեցության հետևանք էր: Այն կարևոր էր հատկապես երկու առումով: Նախ` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի նման հանգուցալուծումը չափազանց լուրջ ռիսկեր էր ստեղծում Հայոց ցեղասպանության ճանաչման և հատկապես` դրա ժխտումը քրեականացնելու միջազգային շարժընթացը կասեցնելու իմաստով, որովհետև կարող է նախադեպի նշանակություն ունենալ: Հիշեցնենք, որ 2012թ. Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, որն ընդունվել էր պառլամենտի երկու պալատների կողմից, հակասահմանադրական էր ճանաչել այն նույն հիմնավորումներով, որոնցով Փերինչեքին արդարացրել էր ՄԻԵԴ-ը: Շվեյցարիային ուղղված հորդորները և նրա կողմից Եվրադատարան դիմելու որոշումը գոնե հնարավորություն է` վերանայելու արդեն լրջագույն խոչընդոտի վերածվող այս բացասական միտումը, ինչը հիանալի զենք է տալիս Թուրքիային` հատկապես 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ամբողջ աշխարհում անկաշկանդ Ցեղասպանության ժխտման արշավ ծավալելու համար:
Երկրորդ կարևոր գործոնը պայմանավորված է բացառապես Շվեյցարիայի հետևողականության հետ: Որքան էլ ակնհայտ լինի ՄԻԵԴ-ի վճիռը բողոքարկելու որոշման վրա հայկական շրջանակների ազդեցությունը, այդ քայլով Շվեյցարիան առաջին հերթին փորձում է պաշտպանել սեփական օրենսդրությունը և իրավական պետության` իր իմիջն ու հեղինակությունը: Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի որոշումն անհետևանք թողնելը նշանակելու էր համակերպվել մի իրավիճակի հետ, երբ Ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն համարվելու պարագայում ցանկացած ոք կարող էր իրավունք վերապահել հենց Շվեյցարիայում ազատորեն խախտելու այդ օրենքը` պատճառաբանելով խոսքի ազատության իրավունքի գերակայությունը: Դա քրեական օրենսգրքի այդ հոդվածը իմաստազրկելու էր` դուրս թողնելով պրակտիկ կիրառության դաշտից: Եթե նկատի առնենք Ցեղասպանության ճանաչման հարցի քաղաքական ենթատեքստը, ապա արդյունքում Շվեյցարիան կարող էր պարբերաբար հայտնվել անլուրջ վիճակում: Ի դեպ, դրա փորձն արդեն կա: 2012թ. Թուրքիայի ԵՄ հետ հարաբերությունների գծով նախկին նախարար և գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշը ՇՎեյցարիայում ցինիկաբար հայտարարել էր, թե կարող է նույնիսկ Ցեղասպանության ժխտումը քրեականացրած երկրում հրապարակավ ասել, որ 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն չեն: «Թող գան ու ինձ ձերբակալեն»,- եզրափակել էր թուրք նախարարը: Դրանից հետո Ցյուրիխի կանտոնի դատախազությունը գործ հարուցեց, հետաքննություն իրականացրեց, սակայն ստիպված եղավ գործը կասեցնել և դատարան չուղարկել` այն հիմնավորմամբ, թե հայտարարությունն անելու պահին Բաղըշն օգտվում էր դիվանագիտական անձեռնմխելիությունից:
Ակնհայտ է, որ Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի որոշման պարագայում նման դեպքերը կարող են մասսայական բնույթ ստանալ ոչ միայն դիվանագիտական, այլ նաև հասարակական ու գիտական շրջանակներում: Ըստ ամենայնի` Շվեյցվարիան ՄԻԵԴ կդիմի մինչև մարտի 17-ը: Դա դեռևս չի նշանակում, թե Եվրադատարանն անպայման փոխելու է վերաբերմունքը Ցեղասպանության ժխտման քրեականացման և Փերինչեքի գործի վերաբերյալ: Դրան հասնելու համար թե' շվեյցարական արդարադատության համակարգը և թե' հայկական իրավաբանական, մասնագիտական շրջանակները չափազանց լուրջ աշխատանք ունեն անելու: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք իրավական դաշտում մղվող, ջրբաժանային նշանակության վճռորոշ ճակատամարտի հետ, որի ելքը մեծապես պայմանավորելու է Ցեղասպանության ճանաչման հետապնդման միջազգային գործընթացի ապագան:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ