Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ամերիկահայ երգիչ Դանիել Դեքերը: Հիշեցնենք, որ Դեքերն ապրիլի 22-ին ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր:
Ամեն ինչ սկսվեց «Ադանա»-ից
2000-2001 թվականն էր, երբ լսեցի Արա Գևորգյանի «Ադանա»-ն: Դա իմ առաջին ծանոթությունն էր հայկական երաժշտության հետ: Արա Գևորգյանի երաժշտության միջոցով կարողացա իմանալ Հայաստանի մասին:
Գիտեի, որ երաժիշտ եմ դառնալու
Երգով սկսեցի զբաղվել փոքրի տարիքից, իսկ երբ ավագ դպրոցում էի սովորում, գիտեի, որ երաժիշտ եմ դառնալու: Այնուհետև ընդունվեցի կոնսերվատորիա և տեղի նվագախմբում սկսեցի օպերա երգել, ու դրանից հետո իմ արած-չարածն այս կամ այն կերպ առնչվել է երաժշտության հետ: Երաժիշտ դառնալը շատ դժվար է, քանի որ դու չունես հստակ ճանապարհ: Երբ դու ավարտում ես քոլեջը, դու չես ունենում աշխատանք, ինչպես ուսուցիչն ու գիտնականը, ոստիկանը կամ մեկ ուրիշը, և ստիպված ես ստեղծել, ուղեգծել քո սեփական ճանապարհը' սկսելով ոչնչից: Ինձ մայրս է մեծացրել, նա երաժիշտ չէ, բայց շատ էր աջակցում ինձ' երաժշտության ոլորտում կայանալու համար:
Արևելյան Հայաստանը' «Դլե յաման»-ն է, Արևմտյանը' «Կիլիկիա»-ն
Քանի որ Հայաստանի հետ ծանոթությունս սկսվել է Արա Գևորգյանի երգերից, Հայաստանը միշտ այս կամ այն երգի հետ եմ ասոցացնում: Սկզբում «Մուշ»-ը և «Ադանա»-ն էր մտքիս գալիս, իսկ հիմա' ուրիշ երկու երգեր' երկու տարբեր հոգեվիճակներ արտացոլող. Արևելյան Հայաստանը «Դլե յաման»-ն է, իսկ Արևմտյանը ' «Կիլիկիա»-ն:
Հիմա Ցեղասպանության ճանաչման ժամանակն է, ոչ տասը տարի հետո, ոչ էլ' հարյուր տարի, այլ հիմա:
Իմ հայկական առաջին' «Ադանա» երգն ավելի լիրիկական և պոետիկ է, այն Ցեղասպանության պատմությունն է ներկայացնում: Ես երգի բառերն այնպես եմ գրել, որ այն լինի բուժիչ հայերի համար, ովքեր զգում են այդ ցավը, որպեսզի այն հանգստություն պարգևի նրանց: Աստված չի մոռանում հայ ժողովրդի մասին, և նա է սրբելու արցունքները մեր աչքերից: Ինչ վերաբերում է «Remember»-ին, այն հայտարարություն է ամբողջ աշխարհին առ այն, որ Ցեղասպանությունն, այո, տեղի է ունեցել: Ցեղասպանությունը տեսություն չէ, ոչ էլ` բանավեճի առարկա, այն դաժան փաստ է: Արդեն անցել է 100 տարի, և ժամանակն է ճանաչել այն: Կուզեի Թուրքիային ասել' դադարեք բանավիճել, դադարեք քննարկել և ուղղակի ճանաչեք այն: «Ադանա»-ից հետո ես ցանկացա նոր հեռանկար ստեղծել, մտածեցի, որ այն պետք է լինի Ցեղասպանության իրականության մասին ավելի համարձակ հայտարարության տեսքով: Ուզում էի ցույց տալ, թե որքան կարևոր է հայերի համար մեկ մարդու նման ոտքի կանգնել ու ասելը' մենք չենք մոռացել, հիշելու ենք և հիմա ճանաչման ժամանակն է, ոչ տասը տարի հետո, ոչ էլ հարյուր տարի հետո, այլ հիմա:
Ակնկալում եմ, որ Թուրքիայի կառավարությունը կասի՝ սխալ էինք:
Ինձ սպառնացել են թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները: Ես երգում եմ ճշմարտության մասին: Ես չեմ ասում, որ ատում եմ այս կամ այն մարդուն կամ այդ երկիրը: Եթե նրանք ընտրում են ատելը' դա նրանց խնդիրն է: Բայց ես կարծում եմ, որ բոլորս ունենք պատասխանատվություն` ճշմարտությունները բարձրաձայնելու՝ անկախ նրանից, թե որ մշակույթի կրողն ես: Բոլոր ազգերի մեջ էլ կա լավն ու վատը, անգամ թուրքերի մեջ կան մարդիկ, ովքեր փրկեցին հայերին Ցեղասպանությունից: Շատ թուրքեր և ադրբեջանցիներ քննադատում են նրանց, ովքեր չեն ընդունում Ցեղասպանությունը: Գիտե՞ք, շատերն ուղղակի չգիտեն ճշմարտությունը, պատմությունը, քանի որ դպրոցում այլ բան են սովորել: Դու չունես ազատ հասարակություն, եթե չես թողնում խոսել Ցեղասպանության մասին, իսկ Ցեղասպանությունը պատմական փաստ է՝ հստակ ապացույցներով, ականատեսներով, ընդ որում' ականատեսներով, ովքեր հայեր չէին: Թուրքիայում ապրող ամերիկացի միսիոներներն իրենց աչքերով են տեսել ամենը... Նրանք տեսել են, թե ինչպես են հայերի առաջ ընտրություն դնում՝ ընդունել իսլամ կամ մահանալ: Հասկանո՞ւմ եք, սա այն թեման չէ, որի շուրջ պետք է քննարկումներ լինեն, այն ուղղակի պետք է ճանաչեն, որ Թուրքիան ջնջի այդ սև ամպը: Եթե նրանք՝ որպես ազգ, ուզում են առաջ գնալ, պետք ազատվեն այդ ծանր բեռից: Ակնկալում եմ, որ Թուրքիայի կառավարությունը կասի՝ սխալ էինք: Չկա ավելի վատ բան, քան ապրել մեղքի զգացումով:
Այսքան փոքր երկիր և այսքան հարուստ մշակույթ
Յուրաքանչյուր մշակույթ, յուրաքանչյուր ազգ ունի լավ և վատ կողմեր: Հայերն ունեն մեծ սիրտ, նրանք շատ հոգատար են, օգնում են միմյանց, հայրենասեր են, կապված են քրիստոնեական պատմություն հետ, հարուստ մշակույթ, արվեստ և երաժշտություն ունեն: Իրականում ես զարմացած եմ' այսքան փոքր երկիր և այսքան հարուստ մշակույթ: Եթե հնարավորություն ունենայի փոխելու մեկ բան հայերի մեջ' կուզեի, որ նրանք ավելի համախմբված լինեին:
Ապրելով այն երկրում, որը չի ընդունում Ցեղասպանությունը, հակասական զգացողություններ չե՞ն առաջանում
Որպես ԱՄՆ քաղաքացի՝ ես սիրում եմ իմ երկիրը, այն իմ տունն է, ես ծնվել եմ այնտեղ: Ես գնահատում եմ իմ երկիրը և հուսով եմ, որ նրանք մի օր կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Ես հպարտ եմ, որ ԱՄՆ շատ նահանգներ ճանաչել են Ցեղասպանությունը: Ես քաղաքական գործիչ չեմ և տեղյակ չեմ մի շարք նրբություններից, բայց վստահ եմ' ճիշտը ճանաչելն է:
Ցեղասպանության մասին խոսելը' պատասխանատվություն
Որպես քրիստոնյա' ես պատասխանատվություն եմ զգում սպանված քրիստոնյաների մասին մյուսներին պատմելու' անկախ նրանից' նրանք հայ են, ռուս, թե չինացի: Եթե նրանք քրիստոնյա են, նրանք մեկ ընտանիքի անդամ են, և ես Ցեղասպանության փաստն ընդունեցի այնպես, ասես զոհերն իմ սեփական ընտանիքի անդամներն էին: Գուցե ոչ արյամբ, բայց քրիստոնեական հավատքով ես պատասխանատվություն ունեմ ՝ պատմելու Ցեղասպանության պատմությունը: Իմ համերգների ժամանակ ԱՄՆ-ում «Ադանա»-ն երգելուց հետո ամեն անգամ շատերը մոտենում են ու ասում, թե իրենք այդ մասին երբևէ չեն լսել: Այդ ժամանակ ես զգացի, որ մեկ երգն անգամ վեր է քաղաքականությունից:
Ի՞նչ իմանաս, որ մեկ օր էլ չեմ տեղափոխվի այստեղ' ապրելու
Երբ եկա Հայաստան և երգեցի «Մուշ»-ը Սարդարապատում, տեսա, թե մարդիկ ինչպես են արձագանքում: Հենց այդ ժամանակ զգացի հոգևոր մի մտերմություն նրանց նկատմամբ: Առաջին անգամ, երբ Հայաստանում էի, չէի պատկերացնի, որ հայկական անձնագիր կունենամ: Չես կարող կանխատեսել' ինչ կլինի, երբեք չէի մտածում, որ հայերեն ձայնասկավառակ կթողարկեմ: Սակայն կյանքը ճանապարհորդություն է, ի՞նչ իմանաս, որ մեկ օր էլ չեմ տեղափոխվի այստեղ' ապրելու: Կցանկանայի ավելի երկար ժամանակով գալ Հայաստան, աշխատել կոնսերվատորիայում և տեղի մշակութային կյանք մտնել: Հիմա... Հիմա ստեղծագործում եմ, երգում, ձայնագրում, ունեմ աշակերտներ, ուսուցանում եմ: Ֆիլադելֆիայի տարածքում երաժշտական կենտրոնի տնօրեն եմ: Արա Գևորգյանի հետ «Արաքս»-ն ենք գրում:
Կարինե Հարությունյան
Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի