Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 6-11-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 13-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 31 ներկայացում (ԱՄՆ, Քուվեյթ, Մարոկկո, Եգիպտոս, Բուլղարիա, Լեհաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Իրան, Հայաստան): «Արմմոնո» փառատոնը կբացի Մ. Միտուայի «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումը՝ երիտասարդ դերասան Արեգ Գևորգյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Գ. Մարգարյան):
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ այս տարվա ծրագիրը բավական խիտ է` 31 ներկայացում` 6 օրում: «Փառատոնն ուներ երկու` «Դեբյուտ» և «Տրիումֆ» բաժիններ, այս տարի դրանց ավելացել է ևս մեկը` «Կլաս», որին կմասնակցեն Պուշկինի անվան դպրոցի սաները: Այս տարի ներկայացումների թեմատիկան նույնպես բազմազան է, մյուս կողմից, սակայն, գերակշռում են դասական գործերի բեմադրությունները»,- ասաց նա:
Մխիթարյանի խոսքով՝ երիտասարդները փառատոնի մասնակիցների 50 տոկոսից ավելին են:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության թատերարվեստի գծով մասնագետ Նաիրա Հայրապետյանն էլ, իր հերթին, նշեց, որ փառատոնը հավատարիմ է մնում իր խորագրին: «Այն նոր սերնդի և նոր անունների բացահայտման հնարավորություն է տալիս, նպաստում ոլորտի զարգացմանը, ընդլայնում սահմանները»,- ասաց նա:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը նշեց, թե փաստը, որ «Արմմոնո»-ն ֆորումի անդամ է, շատ բան է ասում փառատոնի մասին: «Ֆորումի անդամ պետությունների թիվը 21-ն է: Ի դեպ, Հայաստանը միակ պետությունն է տարածաշրջանից, որն անդամակցում է ֆորումին»,- հայտնեց նա:
ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովան փառատոնին կներկայանա իր «Շտո-ս» մոնոներկայացումով, որը տարբեր միջազգային թատերական փառատոներին բազմաթիվ մրցանակների է արժանացել: Իսկ վաղը «Մոսկվայի տանը» Եվդոկիմովան կներկայացնի «Սպիտակ վալս» գրական-երաժշտական կոմպոզիցիան՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:
ԱՄՆ-ից ժամանած դերասան, երգիչ Բրեմներ Ֆլետչեր Դատին կցուցադրի «Կաբարե» մոնոներկայացումը, որում նա համադրում է օպերային երգեցողություն, դերասանի վարպետություն և պլաստիկա:
Դերասանուհի Ելենա Դուդիչը (Բելառուս) կներկայանա «Մռնչացող ճնճղուկը» մոնոներկայացումով:
Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 2 մոնոներկայացում Լեհաստանից: Դերասանուհի Վիոլետ Կոմարը հայ հանդիսատեսին կներկայացնի Ս. Քեյնի «Պսիխոզ» և Մ. Գաուերի «Դիվա» մոնոներկայացումները:
Դերասան Գեորգի Գոտսինը (Բուլղարիա) կներկայանա «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ:
Այս տարի փառատոնի օրերին կանցկացվի «Արաբական երկրների օր»: Հայ հանդիսատեսը կծանոթանա արդի արաբական թատրոնի զարգացումներին:
Փառատոնին կմասնակցեն նաև Զարուհի Խաչատրյանը՝ «Անլռելի զանգակատուն» (ըստ` Պ. Սևակի) գրական-երաժշտական կոմպոզիցիայով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Նորա Բադալյանը՝ «Քիչ ավելի, քիչ պակաս», Ագնեսա Շահնազարյանը՝ «Շատերից մեկը», Անահիտ Մութաֆյանը՝ «Ճիչը», Հասմիկ Տեր-Կարապետյանը՝ «Ժամանակի վարագույրը», Արամ Գյուրջյանը՝ «Մամուլի ասուլիս» մոնոներկայացումներով:
«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում հանդես կգան Նորա Գրիգորյանը՝ «Ճամփորդը», Արինե Սուքիասյանը՝ «Անկում վերելքի համար», Հռիփսիմե Շահինյանը՝ «Ինչպես չբեմադրվեց» մոնոներկայացումներով:
«Արմմոնո-Դեբյուտ» ծրագիրն այս տարի կազմվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ. կցուցադրվեն ուսանողական աշխատանքներ:
«Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում կներկայացվեն նախորդ տարվա հաջողություն ունեցած ներկայացումները: 2014թ. մոնոներկայացումների միջազգային փառատոների է մասնակցել Արա Գևորգյանը. «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումը ցուցադրվել է «ATSPINDIS» IX (Լիտվա), ինչպես նաև Մոլդովայի միջազգային թատերական փառատոներում: 2014թ. հաջողություն ունեցած «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրի մասնակից Նարեկ Հարությունյանն այս տարի «Ռոմեո» մոնոներկայացումը կցուցադրի «Արմմոնո-Տրիումֆ»-ում նոր մեկնաբանությամբ:
«Արմմոնո» փառատոնի հյուրերի թվում են մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան), Իբրահիմ Քասիմ Ասիրին (Սաուդյան Արաբիա):
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր: