կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-13 05:39
Մշակույթ

ԱՐՄՄՈՆՈ. թատերական հրավառություն

ԱՐՄՄՈՆՈ. թատերական հրավառություն

Ապրիլի 3-8-ը Երեւանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Այս տարի կցուցադրվի 17 ներկայացում` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից եւ Եգիպտոսից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցում են նաեւ հայ դերասաններ:

 

Փառատոնը կբացի ճանաչված դերասան Ֆիլիպ Հոխմեյրը (Գերմանիա)` թատերասեր հանրության դատին ներկայացնելով «Վերթեր» մոնոներկայացումը: Փառատոնի շրջանակներում հանդես կգա Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը «Լսելով հեռուն» մոնոներկայացմամբ: Ռուսական ծրագրի շրջանակներում` թատերասերներին կներկայանա նաեւ դերասանուհի Իրինա Եվդոկիմովան «Ոչ ոք» մոնոներկայացմամբ:

 

Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է հայտնի դերասանուհի Վերոնիկ Դանիելի «Ցանկությունների երաժշտություն» (Ֆրանսիա), Ժան Պոլ Շին Տյուի «Առաջին մարդը» (Ֆրանսիա), Գաբրիելա Մուսկալայի «Բուենոս Այրեսից վերադառնալիս» (Գերմանիա), Սամաա Իբրահիմի «Կարմեն» (Եգիպտոս), Բիրուտե Մարի «Ունե» (Լիտվա), Հովարդ Ռիպպի «Ջիմփել հիմարիկը» (Իսրայել) ներկայացումները:

 

Փառատոնի շրջանակներում հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը` «Արա Գեղեցիկ», Սամվել Բաղինյանը` «Ֆիեստա», Մարիամ Ղազանչյանը` «Մարսել», Հասմիկ Վերդյանը` «Սեւիլուհին…», Ռոբերտ Հակոբյանը` «Ձեզ եմ դիմում…», Գրետա Մեջլումյանը` «Ծառերը», Նարեկ Ներսիսյանը` «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումներով, նաեւ «Միհր» թատրոնը` «Պիեսներ մահվան մասին» շարք-մոնոներկայացումներով:

 

Նշենք, որ «Արմմոնո» առաջին միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2003 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: