Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում անցկացվեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը:
Այս տարի ցուցադրվեցին բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ, ընդհանուր առմամբ` 26 ներկայացում (Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան և Հայաստան):
«Արմմոնո-2016» փառատոնն եզրափակել է Կ. Խոդիկյանի «Լույսը կբացվի» մոնոներկայացումը՝ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի կատարմամբ:
Հիմնական ծրագրից զատ, փառատոնում անցկացվեցին նաև մի շարք այլ ծրագրեր՝ «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», ինչպես նաև «Մեկ հեղինակի թատրոն» (2016թ. փառատոնի նորամուծություններից է). ցուցադրվել են հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի գործերից:
Փառատոնի ծրագրում ներառված է եղել Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Մարգարիտա և Աբուլֆազ» ստեղծագործության հիման վրա բեմադրված մոնոներկայացումը, այն նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:
Առանցքային է եղել երկու նախագիծ, որոնք իրականացվել են Լեհաստանի դեսպանատան հետ համատեղ («Վրոցլավը`եվրոպական մշակութային մայրաքաղաք»): Նախագծի շրջանակում անցկացվել է 2 մոնոներկայացման ցուցադրություն Լեհաստանից և կայացել մեկ հայ-լեհական համատեղ մոնոներկայացման բեմադրություն-առաջնախաղը (Տադեուշ Ռուժևիչ՝ «Զվարճալի ծերունին»): Այս նախագծի շրջանակում անցկացվել է նաև դասախոսություն՝ նվիրված լեհ հեղինակի կյանքի և ստեղծագործական ժառանգությանը:
«Արմմոնո-2016» փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին՝Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաև անվանի թատերական փորձագետներ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):
Փառատոնի շրջանակում Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանի ռեժիսուրայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Վ. Տերեշենկոն անցկացրել է վարպետության դաս` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:
Ներկայացումների մուտքը եղել է անվճար: