|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը:
Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Միխայիլ Մյասնիկովիչը գոհունակություն են հայտնել երկկողմ պայմանավորվածությունների կատարման արդյունքներից: Զրուցակիցները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել առևտրաշրջանառության ծավալի հետագա ավելացումը` առկա մեծ ներուժի լիարժեք իրացմամբ:
Վարչապետներ Աբրահամյանը և Մյասնիկովիչն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման և առհասարակ տարբեր ոլորտներում` ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ շրջանակում գործակցության զարգացման հարցերի:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ և գոհունակություն հայտնել այդ գործընթացի զարգացումից: Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ Բելառուսն աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին: