Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օր առաջ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով մեկնել էր Բաթում, որտեղ հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այդ մասին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից տարածված` առավել քան ժլատ պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ վարչապետերը բանակցել են «դեմ առ դեմ» ձևաչափով և անդրադարձել «հայ-վրացական բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին, երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի»: Դրանից հետո վարչապետերը շրջել են Բաթումի հայտնի զբոսայգում:
Աբրահամյանը Վրաստան էր այցելել` ձեռքի հետ նաեւ վերջնականապես հարթելու այս ամսվա սկզբին հայ-վրացական դիվանագիտական հարաբերություններում առաջացած տագնապը: Հիշեցնենք, որ Վրաստանը չափազանց սուր արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից մայիսի 3-ին ինքնահռչակ Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբինովին ընդունելու փաստին՝ դա դիտարկելով որպես անհարգալից վերաբերմունք Վրաստանի և նրա տարածքային ամբողջականության հանդեպ:
Փորձելով հանգստացնել Թբիլիսիին, որը դեպքի կապակցությամբ իր դժգոհությունը հայտնելու համար նույնիսկ ԱԳՆ էր հրավիրել Վրաստանում Հայաստանի դեսպանին, ՀՀ վարչապետը հեռախոսազրույց ունեցավ վրացի գործընկերոջ հետ՝ հարթելու Գալուստ Սահակյանի չմտածված քայլը: Այն ժամանակ վրացական կողմը որևէ ժեստով հասկանալի չդարձրեց՝ որքանով էին իր համար բավարար Երևանի ձեռնարկած՝ միջադեպը հարթելուն ուղղված քայլերը:
Բայց երկու վարչապետերի հանդիպման մասին երկու կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ գտած այն ձևակերպումը, թե վարչապետերը քննարկել են երկկողմ «բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները», թույլ է տալիս ենթադրել, որ այդ կնճիռը, մեծ հաշվով, հարթվել է: Դրա մասին էր վկայում նաև բանակցություններից հետո Բաթումի «բուլվարում» առանց փողկապի նրանց շրջելու հանգամանքը, օղու բաժակներն իրար խփելը:
Այն, որ խնդիրը հարթվել է, իհարկե, կարևոր է՝ հաշվի առնելով Վրաստանի հետ բնականոն հարաբերությունների պահպանման նշանակությունը: Հարցն այն է՝ որքանով սա առիթ դարձավ Երևանի համար` հստակեցումներ կատարելու հայ-վրացական օրակարգի՝ գնալով ավելի խնդրահարույց դարձող ներկա իրողությունների շուրջ՝ հարաբերությունները դուրս բերել իներցիոն՝ առկա խորքային խնդիրների վրա աչք փակելու ավանդական հարթությունից:
Վրաստանը ներկայումս անթաքույց ռազմաստրատեգիական հարաբերություններ է զարգացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ ֆորմատը դեռ նախորդ տարի Նախիջևանում կարևոր քաղաքական որոշում կայացրեց՝ ստեղծել Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա ձգվող էներգատարների համատեղ պաշտպանության համակարգ, ինչը Թուրքիայի և Ադրբեջանի համար Վրաստանի ներքին գործերին միջամտելու խողովակ է ստեղծում և մեծացնում նրա կախվածությունը հարևաններից: Դրանում Թբիլիսին, իհարկե, տեսնում է Գյումրիում տեղակայված ռուսական՝ գնալով ընդլայնվող ռազմաբազայից պաշտպանվելու մեխանիզմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը որևէ երաշխիք չի կարողանում տալ, որ թույլ չի տա այդ ռազմակայանն անհրաժեշտության դեպքում օգտագործել Վրաստանի դեմ: Բոլոր դեպքերում, անորոշ է մնում այն հարցը, թե Հայաստանը փորձե՞լ է այս առումով բավարար երաշխիքներ տալ, ինչպես նաև ստանալ Թբիլիսիից, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության խորացումն ուղղված չէ կամ չի ուղղվելու Հայաստանի դեմ: Վտանգն այնքան էլ վիրտուալ չէ, եթե նկատի առնենք, որ համատեղ պաշտպանության տակ առնվող էներգատար խողովակներն անցնում են հայաբնակ Ախալքալաքով, որտեղ ազդեցությունը մեծացնելու հարցում հատկապես շահագրգռված է թուրքական կողմը: Անկախ Վրաստանի ցանկությունից` խողովակների պաշտպանության համատեղ իրականացումը միջոց է թուրքական ռազմական կոնտինգենտի ներկայությունն այդ տարածաշրջանում լեգիտիմացնելու, այդպիսով` Ջավախքն իր վերահսկողության տակ առնելու համար:
Հայաստանում, առհասարակ, պատկերացում ունե՞ն, թե Վրաստանն ինչ քաղաքականություն է իրականացնում այդ տարածքում հայկական տարրի հանդեպ, թեկուզ` թուրք-ադրբեջանական «ներխուժումը» կանգնեցնելու առումով: Համենայն դեպս, ժողովրդագրական տվյալները ծայրահեղ մտահոգիչ են: Ըստ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Սարգսյանի՝ Վրաստանի պաշտոնական վիճակագրական մարմինների տվյալներով` ջավախահայության թիվը վերջին 13 տարիների կտրվածքով նվազել է շուրջ 30 %-ով: Մոտ 2-3 անգամ ընկել ծնելիության գործակիցը` նախկին տարեկան 36-ի փոխարեն դառնալով 13-15՝ 1000 մարդու հաշվարկով: Եթե նախկինում Ջավախքի հայությունը կազմում էր Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի ընդհանուր ազգաբնակչության 65-70%-ը, ապա նոր ցուցանիշներով այն չի գերազանցում 50%-ի սահմանագիծը: Եթե սրան ավելացնենք նաև Ջավախքում հայկական կրթության աղետալի վիճակը, վարչական մարմիններում հայ պաշտոնյաների թվի տեսակարար կշռի կտրուկ անկումը, հայկական վանքերը վրացական եկեղեցու կողմից սեփականացնելու փորձերը, պատկերը շատ ավելի ամբողջական կդառնա:
Վրաստանի հետ «զրո խնդիր» սկզբունքի վրա խարսխված քաղաքական կուրս զարգացնելը չի ենթադրում պետական շահերի զոհաբերում կամ երկրորդայնացում: Փորձը ցույց է տալիս, որ այդ սկզբունքը երբեք արդյունք չի տալիս: Ավելին` Թբիլիսիի կողմից դա մշտապես ընկալվում է որպես հարավային հարևանի նկատմամբ ունեցած գերազանցություն, ինչն էլ թելադրում է Հայաստանին մոտենալ առավելագույնը որպես կրտսեր գործընկերոջ:
Գևորգ Դարբինյան