կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-14 21:19
Առանց Կատեգորիա

Չմնանք ցեղասպանված

Չմնանք ցեղասպանված

Պարզվում է՝ ոմանց կարծիքով` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցել, արտասանել է «Հայոց ցեղասպանություն» բառերը եւ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի կոչում է տվել, «որ արդարացնի գալիք ապրիլի 24-ին իր Երեւան չգալը»: Անկեղծ ասած` այս «բացահայտումից» հետո մի հետաքրքրական հարց է առաջ գալիս` իսկ ո՞րն է մեզ համար ավելի կարեւոր, այն, որ մարդիկ ճանաչե՞ն Հայոց ցեղասպանությունը, թե՞ ապրիլի 24-ին գան Երեւան:

 

Օրինակ` եթե ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Վրաստանի, Իսպանիայի, Բրազիլիայի, անգամ` Մոնղոլիայի, Մադագասկարի եւ Կոստա-Ռիկայի ղեկավարները` ամեն մեկն իր նստավայրից հայտարարի, որ ինքը /իր երկիրը/ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, բայց իրենք, ցավոք, չեն կարող ապրիլի 24-ին գալ Երեւան, ես, անկեղծ ասած, գոհ կզգամ ինձ` որպես հայ եւ Երեւանի բնակիչ` երկու պատճառով. նախ՝ Ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը կավելանա /սա` որպես հայ/, ապա եւ գալիք ապրիլի 24-ին Երեւանում քիչ ավտոխցանումներ կլինեն եւ փակ ճանապարհներ /սա` որպես երեւանցի/:


Մի խոսքով` Հռոմի պապին հանեք հյուրերի ցուցակից, նա արդեն իր պատարագը տվել է` «ինչ-որ» Սուրբ Պետրոսի տաճարում, բայց դա մեզ համար քիչ է... Մեզ թվում է, որ պիտի բոլորը գան ու խոնարհվեն մեր զոհերի առջեւ, որոնց հետ մենք մեզ արդեն 100 տարի է՝ նույնացրել ենք: Այնինչ`Օսմանյան Թուրքիան մեզ ցեղասպանության է ենթարկել, բայց չի պարտադրել, որ մնանք ցեղասպանված:


Ուրեմն՝ սպասե՞լ աշխարհին ապրիլի 24-ին Երեւանում, թե՞, օգտվելով առիթից, որ Երեւանում խցանումները քիչ են լինելու, շտապել աշխատանքի եւ աշխատել. մոտեցման խնդիր է:


ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ