Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայի և Կարսի պայմանագրերի առաջին և ամենածանր հետևանքը տարածքային կորուստներն են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, որը մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։
«Հսկայական տարածքային կորուստներ ունենք՝ 25 հազար քառ․ կմ տարածք, պլյուս դրան Սևրի պայմանագրով մեր Արևմտյան Հայաստանը, որ նախատեսված էր, դրա մասին ընդհանրապես խոսք չեղավ։ Վերջին հաշվով Բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիայի հետ համակարծիք Սևրի պայմանագիրը պատռեցին համատեղ ուժերով»,-ասաց Էդիկ Մինասյանը։
Երկրորդ և ամենածանր հետևանքը, ըստ նրա, եղավ այն, որ Արևելյան Հայաստանի զգալի տարածքներ, այդ թվում Նախիջևանը, նվիրաբերվեց Ադրբեջանին Թուրքիայի կողմից։
«Որոշ փոփոխություններ, իհարկե, Կարսում եղան՝ սահմանային հարցում, հետաքրիր է, Կարսի պայմանագրում հիշատակվում է Քյարքին և հարակից շրջանները, որոնք վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը, և ամրագրվեց»,-նկատեց նա։
Բայց եթե նշվածներին գումարենք նաև Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի տարածքները, մոտ 30 հազար քառ․ կմ տարածք Հայաստանը կորցրեց։
«Ընդ որում սա մեր կենսաապահովման տարածքն էր, ինչպես արտգործժողոկոմ Մռավյանն ասաց, որը ստորագրել էր այդ պայմանագիրը, որ մենք երբևէ դա չպետք է զիջենք և պայքարենք դրա համար, իհարկե, բողոք եղավ այդ ուղղությամբ»,-նշեց Էդիկ Մինասյանը։
Հաջորդ կորուստն այն էր, որ Ցեղասպան Թուրքիան, որն իրագործել էր Հայոց ցեղասպանությունը, կարողացավ այս պայմանագրով ամրապնդել իր դիրքերը և հասավ նրան, որ արևմտաեվրոպական տերությունների հետ արդեն Լոնդոնում, Լոզանում կարողացավ իր լարախաղացի կողմնորոշմամբ՝ մի կողմից Ռուսաստանի հետ համագործակցեց, իբրև թե Արևմուտքի դեմ է տրամադրված, բայց հետո անցավ Արևմուտքի կողմը, և կարողացավ դիվանագիտությամբ հաջողություն արձանագրել։
Եթե չլիներ այս պայմանագիրը և Թուրքիան դրանով չամրապնդեր իր դիրքերը, չէր էլ կարող, փաստորեն, յուրացնել ցեղասպանված ժողովրդի ամբողջ նյութական միջոցները։
«Չմոռանանք հսկայական միլիոնները՝ 9 միլիոն ռուբլի գումար՝ 900 հազար ֆունտ ստեռլինգ, որ Բեռլինի բանկերում էր պահվում և գտնվում էր Անգլիայի վերահսկողության տակ, արևմտաեվրոպական երկրները տնօրինելու իրավունքը ունեին այդ բանկերի միջոցով, հնարավոր չեղավ վերցնել հայ գաղթականների կարիքները հոգալու համար, որովհետև այս պայմանագրով Թուրքիան ավելի հզորացավ և այդ միջոցները օգտագործեց»,-ասաց պատմաբանը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․