կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 16:55
Առանց Կատեգորիա

Սեռային անհանդուրժողականություն

Սեռային անհանդուրժողականություն

ԲՀԿ-ի պատմությունը, մարդկության պատմության օրինակով կարելի է բաժանել երկու մասի. եթե մարդկության պարագայում` Ք.ծ.ա. եւ Ք.ծ.հ. /Քրիստոսի ծնունդից առաջ եւ Քրիստոսի ծնունդից հետո/, ապա ԲՀԿ-ի մոտ` Գ.Ծ.օ. եւ Գ.Ծ.հ. /Գագիկ Ծառուկյանի օրոք եւ Գագիկ Ծառուկյանից հետո:

 

ԲՀԿ-ի առաջին շրջանը թողնենք պատմագիրներին, խոսենք մեր օրերից, երբ ԲՀԿ-ի պատմության Գ.Ծ.հ. շրջանը, ըստ էության, մեկնարկեց Նաիրա Զոհրաբյանի` կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Այսինքն` զուտ քաղաքական առումով տեղի ունեցավ կուսակցության նախագահի փոխարինում մեկ այլ կուսակցականով: Իսկ ԲՀԿ-ական որոշ գործիչների մտածելակերպով` տեղի ունեցավ ոչ միայն Ծառուկյանի հեռացում, այլեւ նրա փոխարինում… կնոջով:

 

Այստեղ նկատենք, որ, քաղաքականության առումով, տեղի ունեցածը մաքուր քաղաքական գործընթաց է, ոչ մի զարմանալի եւ աննորմալ բան: ԲՀԿ-ական որոշ այրապաշտների մտածելակերպի համաձայն` տեղի ունեցածը անթույլատրելի է, ամոթ մի բան, խայտառակություն` «բա մեզ սազում ա՞, ախպե'ր» բացականչությամբ, որտեղ առանձնակի ուժգնությամբ եւ քաղցրությամբ հատկապես շեշտվում է «ախպեր» բառը, դե` որպես ցեղակից:

 

Հենց սրանից հետո սկսվեց ԲՀԿ-ի, այսպես կոչված, ներքին հակամարտությունը, որը հիմնված է, եթե թույլ կտաք, սեռային անհանդուրժողականության վրա: Եվ որոշ «իսկական տղամարդ» ԲՀԿ-ականներ ուղղակի դուրս եկան կուսակցությունից:

 

Ասում են` պատճառները երկուսն են`

ա/ Ծառուկյանն այլեւս չկա,

բ/ Ծառուկյանի փոխարեն կին է:

 

ԲՀԿ-ում մնացածներից ոմանք, սակայն, մնալով էլ ամենեւին հավատարմության երդում չտվեցին կուսակցության նոր նախագահին, կրկին երկու պատճառով`

ա/ չունենալով կուսակցական գաղափարախոսություն` ԲՀԿ-ականների մեծամասնությունը հավատարիմ է եղել Ծառուկյանի փողին, իշխանությունների հետ ունեցած հարաբերություններին, բարենպաստ դիրքին, իսկ դրանք այլեւս չկան,

բ/ հո կնոջը հավատարմության երդում չե՞ն տալու, «տղամարդ ենք, չէ՞»:

 

Արդյունքում` «կանյաչնիում թագավորող» թիվ երկու կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանը ստացավ ավերակներ եւ մի շատ կարեւոր բան` ԲՀԿ-ից մաքուր քաղաքական կուսակցություն ստեղծելու բացառիկ հնարավորություն, որը կարող է էլ չտրվել:

 

Իսկ կնոջ տիրապետություն չհանդուրժող` անցյալի եւ ներկայիս ԲՀԿ-ականները մոռանում են մի կարեւոր բան` Նաիրա Զոհրաբյանի անունը, որպես ԲՀԿ կուսակցության նոր նախագահի, տվել է ինքը` Գագիկ Ծառուկյանը, այսինքն` Ծառուկյանի համար «հեչ էլ մոմենտ չի», որ իրեն կին է փոխարինում:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ