կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 11:46
Իրավական

Տարիներ առաջ դստերը կորցրած տղամարդն ինքնասպան է եղել

Տարիներ առաջ դստերը կորցրած տղամարդն ինքնասպան է եղել

Մարտի 16-ին ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում: Աներոջ առանձնատան նկուղում կախվելու միջոցով կյանքին վերջ էր տվել ազգությամբ եզդի` 47-ամյա Շիրին Մամոյանը:

 

Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մամոյանը մոտ մեկ շաբաթ առաջ նույն գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 12-ամյա աղջնակի ազգականն է` հոր հորեղբոր որդին:

 

Գյուղապետի խոսքով` Շիրինը դուստր է ունեցել, ով վաղ տարիքում է ամուսնացել, իսկ 17 տարեկան հասակում սննդային թունավորումից մահացել: Մխիթարյանի խոսքով` հայրը ծանր է տարել աղջկա կորուստը և դրանից հետո իրեն տվել խմելուն:

 

Ի դեպ, դեպքի վայրում հայտնաբերվել են օղու դատարկ շշեր, և չի բացառվում, որ տղամարդը ինքնասպանությունից առաջ խմիչք է օգտագործել:

 

«Նա աներոջ դաչայում էր մնում, որ գյուղում ոչխար պահի: Դեպքի նախորդ օրը որդուն առաջարկել է գնալ պապի մոտ և մենակ է մնացել: Որդիներն առավոտյան եկել են, տեսել` հայրը չկա, փնտրել են և գտել նկուղում»,- պատմեց գյուղապետը:

 

Ուշագրավ է, որ, գյուղապետի խոսքով, նկուղը 1 մ 20 սմ բարձրություն է ունեցել, և տղամարդը չէր կարող ամբողջ հասակով մեկ կախվել: Ըստ գյուղապետի` Շիրինը կքանստած է պարանը վիզը գցել ու խեղդվել:

 

Մահացած տղամարդն ուներ կին և երկու որդի, որոնցից մեկը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, իսկ մյուսը պետք է զորակոչվի բանակ: Շիրին Մամոյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: