կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 13:03
Սպորտ

«Հայ մարզիկները ադրբեջանցիների սուլոցներին պատրաստ են»

«Հայ մարզիկները ադրբեջանցիների սուլոցներին պատրաստ են»

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը և ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ հայ մարզիկները պատրաստ են մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, սակայն պետական ֆինանսավորումն այդ ուղղությամբ չի բավարարում՝ մարզումներին պատշաճ կերպով պատրաստվելու համար:

 

«Նշեմ, որ սամբո մարզաձևը ներկայացնող 8 հայ մարզիկ է մեկնելու Բաքու` 4 կին և 4 տղամարդ: Այդ թիմում ներգրավված են 82 և 52 կգ քաշային կարգում մարզիկներ, որոնք դեռևս բավարար չափով պատրաստված չեն: Մենք ստիպված մեկ քաշ բարձր մարզիկների նախապատրաստել, և դա մեզանից շատ բան է պահանջում»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով. «Մենք նախապատրաստվում ենք և պետք է մասնակցենք, հարցն այն չէ՝ հաղթանակներո՞վ ենք վերադառնալու Բաքվից, թե՞ ոչ, առաջին հերթին մասնակցությունն ենք կարևորում»:

 

Լևոն Հայրապետյանի հավաստմամբ՝ իրենց մոտ նույնիսկ հարց չի էլ առաջացել՝ պե՞տք է մասնակցել այդ խաղերին, թե՞ ոչ:

 

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում սամբոյի ներկայիս վիճակը և մարզումային պայմանները, Լևոն Հայրապետյանը պատասխանեց. «Ունենք այսպիսի վիճակագրություն` տարեկան 29-30 մեդալ ունենում ենք այս մարզաձում: Ի՞նչ կտա Բաքուն մեզ, կյանքը ցույց կտա: Ցավով պետք է ասեմ, որ այն քաշերը, որոնցում մենք ունենք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, նրանք ներգրավված չեն քվոտաների մեջ: Ես համոզված եմ` եթե լավ նախապատրաստվենք, արդյունքները կլինեն դրական»:

 

Նա նշեց, որ մեր մարզիկները պատրաստ են մեկնել Բաքու: «Մեր մարզիկները միշտ եղել են նորմալ վիճակում, ինչպես նաև` նրանց տրամադրությունը: Մենք սպորտի մասին ենք խոսում, և այստեղ ավելորդ է նման բաների մասին բարձրաձայնելն անգամ»,- նշեց Հայրապետյանը:

 

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանն էլ նշեց, որ իրենց ֆեդերացիան ևս ի սկզբանե հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Բաքվի խաղերին: «Այդ խաղերը մեզ համար վարկանիշային են նաև 2016 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի համար: Մենք դեռ ժամանակ ունենք թիմի կազմը հրապարակելու, բայց կարող եմ ասել, որ այս պահին մեր հավաքականը Չեխիայում անցկացնում է համատեղ ուսումնամարզական հավաք: Դրանից հետո մեր թիմը կմասնակցի Թբիլիսիի Գրան պրիի վարկանիշային մրցումներին»,- նշեց նա:

 

Yerkir.am-ի հարցին, թե մեր մարզիկները հոգեբանորեն նախապատրաստվա՞ծ են ադրբեջանցի հանդիսատեսի սուլոցներին և վատ ընդունելությանը, մանավանդ` մարզիկների մարզական պատրաստվածությունը դեռևս բավարար մակարդակի չէ, թե՛ Խիթարյանը, թե՛ Հայրապետյանը պատասխանեցին, որ նման սուլոցներին մարզիկները հաստատ կդիմակայեն: «Այդպես որ լինի` հայ մարզիկներին սուլոցներով կարող են ընդունել ոչ միայն ադրբեջանցիները, դրան պետք է պատրաստ լինեն մեր մարզիկները, իսկ լավ պատրաստվելու համար մենք ամեն ինչ կանենք»,- ասաց Խիթարյանը: