կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-06 14:21
Հասարակություն

Համբարձման օրերին կառավարությունը հրամայեց կոտորել բոլոր հայերին

Համբարձման օրերին կառավարությունը հրամայեց կոտորել բոլոր հայերին

Աղբյուրը՝ armeniangenocide100

Հայկանուշ Հլոյանցի պատմությունը

1916թ., Կարինի գավառ, Խնուս

 

 

Հայկանուշ Հլոյանցը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է Համբարձման օրերին: Թուրքական կառավարությունից հրաման է եկել՝ բոլոր հայերին քաղաքից հանել ու կոտորել: Սկսվել է համատարած փախուստը: Նրան` իր 6 տարեկան տղայի հետ, բռնել է մի թուրք ու տարել  իր տուն: Թուրքն ունեցել է օրինական կին, բայց նրա հետ բռնի ուժով կենակցել է: Երբ ռուսները մոտեցել են, թուրք Օսմանն ամբողջ ընտանիքին տարել է երկրի խորքը, իսկ նրան տղայի հետ թողել տանը՝ որպես պահակ: Ռուսները նրանց գտել են ու ուղարկել Իգդիր:


Համբարձման օրերին կառավարութիւնից հրամայուեց, որ բոլոր հայերին քաղաքից հանեն և կոտորեն: Սկսուեց փախուստը: Փախուստի ժամանակ կորցրի իմ երեխաներին: Ինձ բռնեց Օսման չաւուշը, ուզեցաւ գետը նետել, բայց երբ նայեց ինձ, տեսաւ, որ իր համար պէտքական եմ. խնայեց իմ կեանքը և իմ 6 տարեկան Համազասպ տղայիս հետ տարաւ Ճապաղջուր ու մի գիւղում, իւր գերդաստանի մէջ պահեց ինձ ու սկսեց բռնի կերպով կենակցել ինձ հետ: Օսմանը ունէր մի օրինաւոր թուրք կին, ևս մի ինձ նման հայ կին` Շուշօ, որին տաճկցնելով անուանում էին «Մինաւար», որ նշանակում է երկնային լոյս: Ինձ անուանեցին Նիկար: Այս տանը մնացի երեք ամիս: Երբ ռուսերը մօտեցան, Օսմանը իւր երկու կանանց և ամբողջ ընտանիքը տարաւ երկրին խորքը, իսկ ինձ ու իմ տղին թողեց տնպահ, այն մտքով, որ եթէ ռուսերը յաղթեն ու գրաւեն մեր գիւղը, ես իմ թայերին կը գտնեմ: Իսկ երբ թուրքերը յաղթեն, տունը կը պաշտպանեմ` մինչև իրանց վերադառնալը: Աստծու յաջողութեամբ ռուսերը յաղթեցին ու մեզ հաւաքելով, յանձնեցին բերդի շտաբին, որոնք ուղարկեցին Իգդիր: Իմ կորցրածս երեխայի անունն է Ազատ: Ամուսնուս անունը` Արևշատ: Նա ասկեար էր, որի մասին ո՛չ մի լուր չունեմ:

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 454, թ. 31, բնագիր, ձեոագիր:


Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 123: