Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ փոխվել է թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության նոր կարգը: Հիշեցնենք, որ պաշտպանության կարգն ընդունվել էր 1995-ին:
Ըստ Արզումանյանի` նոր կարգի համաձայն` խստացվել են գիտական կոչում ստանալու պայմանները, սակայն, դրան զուգահեռ, հեշտացվել է նաև թեկնածուի աշխատանքը, որպեսզի նրա ուշադրության կենտրոնում հենց գիտական աշխատանքը լինի, ոչ թե քննությունները:
«Ասպիրանտներին ներկայացվող` ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում եղած փոփոխությունների համաձայն, օրինակ, հանվել են մինիմումները և մնացել են միայն քննությունները: Դաշտը հավասարեցվել է նաև հայցորդների համար, նրանք նույնպես կհանձնեն միայն ընթացիկ քննությունները»,- ասաց Արզումանյանը:
Մյուս փոփոխությունը վերաբերում է թեկնածուական աշխատանքի ղեկավարներին, նրանք նախկին 15 հոդվածի փոխարեն պետք է ունենան տպագրված 30 գիտական հոդված, որպեսզի ԲՈՀ-ը թույլատրի նրանց դառնալ ղեկավար:
Գիտության թեկնածուի կոչում ստանալու համար այսուհետ անհրաժեշտ է ունենալ երեք հոդված, որոնցից մեկը, սակայն, տպագրված պետք է լինի միջազգային ամսագրերում, հակառակ դեպքում` ասպիրանտը պարտավորվում է մինչ պաշտպանությունը տպագրել 6 գիտական հոդված` տեղական գիտական ամսագրերում:
Ի դեպ, վերոնշյալ փոփոխությունները չեն ազդում նրանց վրա, ում թեման հաստատվել է մինչև 2015-ի հունվարը:
Նոր կանոնակարգի համաձայն` ԲՈՀ-ը կասկածների դեպքում /արտագրության/ գիտական աշխատանքը կարող է տալ փորձաքննության, և երեք օրվա ընթացքում հետ վերադարձնել այն: «Առանձնապես մեծ հույսեր չունեմ, որ այսուհետ զգալիորեն նվազելու է հետ վերադարձվող գիտական աշխատանքների թիվը: Հասկանո՞ւմ եք` նախ պետք է գիտնականի արժանապատվությունը բարձրանա, քանի որ Հայաստանում, չնայած այս ամենին, գիտություն կա, մեր գիտնականները մրցունակ են: Ամեն ինչ փչացնում են նրանք, ովքեր ուզում են գիտական կոչում ստանալ ուղղակի, հենց այնպես»,- ասաց Արզումանյանը: