Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գիտական աստիճանաշնորհման համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել: Այսօր ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը լրագրողներին հայտնեց, որ, մասնավորապես, փոփոխություն է կատարվել գիտական աստիճանաշնորհման անվանացանկում: Ըստ նրա` քանի որ Հայաստանում կան մասնագիտություններ, որոնց գծով դոկտորներ կա'մ չկան, կա'մ էլ շատ քիչ են, այդ իսկ պատճառով էլ մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ: Օրինակ` «Հատուկ մանկավարժությունը» ներառվել է «Մանկավարժության տեսության և պատմության մեջ», իսկ «Վերլուծական քիմիան»` «Անօրգանական քիմիայի» հետ:
«Փոփոխություններն արվել են, քանի որ մեր անվանացանկը հարմարեցված էր սովետական գիտական ներուժին, իսկ հիմա փորձել ենք մեր ունեցած գիտական ներուժին հարմարեցնել: 40 մասնագիտություն կրճատվել է, սակայն դուրս մնացած մասնագիտություններ չկան, ինչպես նաև չկան նոր մասնագիտություններ: Իրականում մենք ոչինչ չենք կորցնում»,- ասաց Արզումանյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ռազմական գիտություններ ունենք, որոնց թեև «ձեռք չեն տվել», սակայն այդ գծով ոչ մի դոկտոր չունենք: «Սա մեր թույլ տեղն է: Չունենք նաև աստվածաբանության դոկտոր, իսկ «Տարիքային մանկավարժության» գծով ընդամենը 1 դոկտոր ունենք: Մինչդեռ, օրինակ, ֆիզիկայի կամ մաթեմատիկայի գծով շատ քիչ մասնագիտություններ ենք միավորել, քանի որ շատ են գիտական աստիճան ունեցողները»,- ասաց ԲՈՀ-ի նախագահը:
Արզումանյանը տեղեկացրեց նաև, որ 30 մասնագիտությւոնների գծով չունեն մասնագիտական խորհուրդ, բայց այնպես չէ, որ այդ մասնագիտությունների գծով պաշտպանություններ չեն իրականացվում. լինում են հատուկ պաշտպանություններ` դրսից հրավիրված հյուրերով:
«Խորհուրդները նույնպես թարմացրել ենք, և այսուհետ յուրաքանչյուր գիտնական կարող է լինել միայն մեկ խորհրդում և մեկ մասնագիտությամբ: Ի դեպ, մենք հնարավորություն ենք տվել երիտասարդներին ավելի շատ ընդգրկվելու խորհուրդներում: Այս չափանիշով ավելի ենք մոտենում պաշտպանությունների կազմակերպման եվրոպական չափանիշներին, իսկ խորհուրդների աշխատանքը դառնում է ավելի բաց ու թափանցիկ»,- ասաց Արզումանյանը: