Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհդի նիստ, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը:
Ծրագրի խորհրդում ներգրավված երիտասարդ գիտնականները նախարարին են ներկայացրել նոր առաջարկներ՝ գիտական դրամաշնորհների մրցույթներում նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ: Մասնավորապես, երիտասարդ գիտնականներն առաջարկ են ներկայացրել մրցութային հայտերի մեջ գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման, ինչպես նաև գիտական գրքերի հրատարակության պահանջ դնել:
Նախարարը նշել է, որ առաջարկն ընդունելի է որպես գիտական ծրագրի բաղադրիչ և իրականացման տարբերակները պետք է մշակվեն ՝հաշվի առնելով օրենսդրության պահանջները: Աշոտյանը հանձնարարել է՝ գիտական գրքերի հրատարակման մրցույթներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ անպայման ներառել նաև Հայոց ցեղասպանության մասին գիտական ուսումնասիրություններ:
Կարևորվել է նաև գիտական խմբերի միջև համագործակցության խթանման նպատակով համատեղ ծրագրային մրցույթների կազմակերպումը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտական համաժողովների մասնակցությանը, ցիտման բարձր ինդեքս ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրմանն ու ԵԳԱԾ կայքի զարգացմանն առնչվող հարցերի:
Աշոտյանը խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է, որ նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այժմ սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց և ակնկալում է նաև ծրագրի շահառուների առաջարկություններն ու դիտողությունները:
«Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական և դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները և ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես «օպերացիոն», քան որոշում կայացնող մարմիններ: Որակի չափանիշները պետք է փորձենք դնել անկախ մարմինների վրա, որոնց գնահատականը պետք է լինի չափելի: Այն ասպիրանտը, ով կունենա թեկնածու դառնալու ցանկություն, գալով խորհուրդ, պետք է հստակ ապահովի սահմանված պահանջները և անցնի այնպիսի ճանապարհ, որպեսզի որևէ մեկի մտքով անգամ չանցնի վիճարկել գիտական աշխատանքի որակը»,-ասել է նախարարը` հավելելով, որ խստացվել են նաև ԲՈՀ-ի ցանկում ներառվող գիտական ամսագրերի համար սահմանված չափանիշները: