կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 17:45
Քաղաքական

Սատանան էլ այնքան սարսափելի չէ, ինչքան ասում են. Փաշինյանը՝ նախարարին

Սատանան էլ այնքան սարսափելի չէ, ինչքան ասում են. Փաշինյանը՝ նախարարին

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համատարած անկումների և հետընթացների ֆոնին ինքը գտել է մի ոլորտ, որտեղ կառավարությունը հաջողեցրել է ամբողջ 18 տոկոսանոց աճ ապահովել:

 

«18 տոկոսանոց աճն արագաչափերի և երթևեկությանը հետևող տեսախցիկների արձանագրած տուգանքների և քաղաքացիներից գանձված գումարներին են վերաբերում: 2013 թվականին 8 միլիարդ 950 միլիոն դրամ էր, 2014 թվականին դարձել է արդեն 10 միլիարդ դրամ: Հիմա ի՞նչ ունենք այս ամենի արդյունքում: Նախկինում, երբ այս հարցը բարձրացրել եմ, ասվել է, որ երթևեկության կարգուկանոնն ապահովելու, քաղաքացիների անվտանգության համակարգը բարձրացնելու համար է: Եվ ահա, երբ տեսնում ենք վիճակագրությունը, պարզվում է, որ 2014 թվականի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է, իսկ երբ այս թվերը համեմատում ենք 2011 թվականի ցուցանիշների հետ, տեսնում ենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվն աճել է 33 տոկոսով: Ստացվում է, որ այս ամենի արդյունքում ոչ մի դրական փոփոխություն չկա: Էդ փողերը մեզանից տանում եք, հետո ի՞նչ եք անում դրանք, որ արդյունքը չի երևում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա ասածին արձագանքեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա մի քանի վիճակագրական թվեր ներկայացրեց, ըստ որոնց, նախարարի խոսքով, իրավիճակն այդքան էլ սարսափելի չէ: Փաշինյանը հակադարձեց` ասելով, որ սատանան էլ այնքան սարսափելի չէ, ինչքան ասում են, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Նախարարը համաձայնեց. «Այո, կախված նրանից, թե ում տեսքով հանդես կգա, քո առջեւ կհայտնվի»: