կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-18 15:48
Քաղաքական

Հավի միսն ու հավկիթն ավելի կթանկանա՞ն. արտադրողներն ունեն 1 շաբաթվա կեր

Այսօր իսկապես մեծ անորոշություն կա թռչնաբուծության ոլորտում, բայց հաշվի առնենք, որ հունվարին մենք ձվի գերարտադրություն ունեցանք․ այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ հանձնաժողովների փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Թռչնաբույծների ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

«Եթե հիշում եք՝ ինքնարժեքից ցածր գնով իրացում էին կատարում: Հիմա մենք ձգտում ենք կայունացնել գները շուկայում: Թե ձուն ինչ գին կունենա Զատիկին, բնականաբար, բոլորս էլ սպառող ենք, ձգտում ենք, որ օպտիմալ գնի վրա շուկա մտնենք, իրացում կազմակերպենք, որ մեր սպառողներին շատ չանհանգստացնենք, դժգոհություն չառաջացնենք»,- ասաց նա: 

Ըստ Ստեփանյանի՝  վերջին շաբաթում ամբողջ արտադրությունը կախված է ներկրումից։ «Տարեկան մենք օգտագործում ենք 140-150 հազար տոննա համակցված կեր, ամսվա կտրվածքով 350-400 տոննա, դրա մոտ 80 տոկոսը հատիկավոր ֆուրաժ է, որն ամբողջությամբ ներկրվում է ՌԴ-ից ու Ուկրաինայից: Մենք արդեն 14 օր է՝ Լարսում ունենք մոտ 30 մեքենա՝ միայն մեր ոլորտի արտադրողները, որոնք չեն կարողանում հասնել Հայաստան: Երկու օր առաջ նույնիսկ հետ են տվել մեքենաները, գնացել, դատարկել են արգելքի պատճառով: Այսինքն՝ այնտեղ էլ է անորոշություն: Հստակ չեն տիրապետում, թե սահմանափակումներն ինչին են վերաբերում: Մենք ստիպված պատրաստի համակցված կեր գնեցինք, ինչը մեր ծախսերը 30-35 տոկոսով ավելացնում է: Սա նշանակում է, որ մենք չենք կարողանում նույնիսկ ընթացիկ ինքնարժեք ունենալ կամ ծրագրավորել», - ասաց թռչնաբույծների ֆեդերացիայի նախագահը:

«Այսօր արտադրողներն ունեն մեկ շաբաթվա պահուստային կեր, խոշոր կեր արտադրողների պաշարները կազմում են 1-1,5 ամիս: Այստեղ ամենից շատ կտուժեն նրանք, ովքեր պաշարներ չունեն, իսկ պաշարներ չունեն փոքր ու միջին ընկերությունները»,-ասաց նա:

Հարցին՝ այդ ընկերությունները փակվելո՞ւ են, Ստեփանյանն արձագանքեց. «Ես չէի ուզում այդ խոսքն ասել: Մենք այդ փորձն ունենք»:

Հարցին, թե քանի՞սն են փակվելու վտանգի առջեւ, նա պատասխանեց. «Դժվար հարց եք տալիս: Ես չեմ ուզում հուսախաբ անել այն ֆերմերներին, որոնք հույս ունեն, որ չեն փակվի եւ կշարունակեն գործել: Մոտավորապես 56 ոչ մասնագիտացված ֆերմերային տնտեսություններ ունենք: Ընդհանուր առմամբ, ունենք մասնագիտացված  ձու արտադրող 10-11 ընկերություններ եւ  միս արտադրող 8 խոշոր ընկերություններ: Հիմնական կերը նրանք են օգտագործում: Նրանց կարիքները գնում են զրոյական վիճակի: Օրերի հարց է, մենք սպասում ենք, որ գոնե երկուշաբթի պետք է կարգավորվի հարց: Այսինքն՝ մեր եւ Ռուսաստանի պատվիրակությունները պետք է հանդիպեն, մերոնք փաթեթ են ներկայացրել, եւ հուսադրող բան կա, որ ՌԴ-ն մեր պահանջարկը կբավարարի: Բայց չի բավարարի դրանից ավելի պահանջարկ՝ մտավախություն ունենալով, որ ռեէքսպորտ կարող է կազմակերպվել: Կառավարությունից ասել են, որ դրական ազդակներ կան։ Հույսներս չենք կորցնում: Վատթարագույնն այն է, որ ստիպված պարտադիր մորթ կազմակերպենք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: