Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սուրբ Հարության տոնը կամ Զատիկը (զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված) թե' Հին, թե' Նոր կտակարաններում համարվում է կրոնական ու ժողովրդական մեծագույն տոներից մեկը։
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահվանից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինը երեկոյան իջեցրին խաչից և դրին մեծ քարով փակված գերեզմանի մեջ: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսած էին ու վշտացած` երկու հրեշտակներ երևացին կանանց ու ասին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում. այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկասի ավետարան, ԻԴ 4-9): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը նրանց էլ երևաց։ Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է ասում` Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է ձեր հավատքը (1-ին Թուղթ առ Կոնրթացիս, ԺԵ 13-14):
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում։ Ձուն համարվում է հարության ու նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար։ Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ։ Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»։
Սբ Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ Պատարագ, որով և սկսվում են զատկական տոնակատարությունները, և որից հետո մարդիկ դուրս են գալիս պահքից, իսկ արդեն տոնի վաղ առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է Սբ Պատարագ: Այդ օրը հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և պատասխանում են այսպես` «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Yerkir.am-ը սրտանց շնորհավորում է իր և ոչ միայն իր բոլոր ընթերցողներին, ողջ հայությանը և ոչ միայն հայությանը Քրիստոսի հրաշափառ Հարության առիթով և մաղթում, որ մեր Տերն իրապես կենդանի լինի մեզնից յուրաքանչյուրի վերափոխված հոգիներում, մտքերում, որոնք մեր ապագա գործողություններն են: