Երեկ ԻՊ անդամների կողմից երկու թուրք զինվորների ողջակիզումից հետո թուրքական Siyasihaber3 կայքը ներկայացրել է թուրք գործիչների անուններ, ովքեր հայտարարել են ԻՊ-ի՝ ահաբեկչական կազմակերպություն չլինելու մասին:
Հիշեցնենք, որ ողջակիզումից առաջ արված տեսանյութում թուրք զինվորները մեղադրել էին Էրդողանին և նրա կուսակցությանը:
Ցուցակը գլխավորում է մի ժամանակ Էրդողանի ամենամոտ անձանցից մեկը` նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Կայքը հիշեցնում է դեռևս 2014 թվականին ԱԳ նախարարի պաշտոնում նրա հայտարարությունը, թե «ԻՊ կոչված կառույցը կարող է երևալ որպես արմատական, ահաբեկչական կազմակերպություն, սակայն դրան անդամակցողների թվում կան թուրքեր, արաբներ, քրդեր: Դրան անդամակցողները նախկինում ինչ-որ դեպքից վրդովված անձինք են: Եթե Իրաքում սուննի արաբների նկատմամբ խտրականություն չլիներ, այսքան կուտակված վրդովմունք չէր լինի: ԻՊ-ն աճող սպառնալիք է, սակայն չպետք է մոռանալ դրա գոյացման պատճառի մասին»:
Դավութօղլուին հաջորդում է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, «Սթար»-ի թղթակից Օրհան Միրօղլուն, ով հրապարակավ ասել է, որ ԻՊ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ:
Նախկին վարչապետի օգնական Էմրուլլահ Իշլերը նույնպես այդ ցուցակում է: Քոբանիում իրադարձությունները դատապարտելով` նա իր Twitter-յան էջում գրել էր. «Այս մեթոդներով սպանություն անգամ ԻՊ-ը չի անում: ԻՊ-ը սպանում է, բայց գոնե չի տանջում»:
Էրդողանական ակադեմիկոս Աբդուլքադիր Շենն իր հերթին հայտարարել էր, որ ինքն աջակցում է ԻՊ-ին: