կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-05 16:09
Տնտեսական

Հայաստանը 4-րդն է աշխարհում` օղու սպառման ծավալով

Հայաստանը 4-րդն է աշխարհում` օղու սպառման ծավալով

Խմիչքի արտադրությունը Հայաստանում նախորդ տարի շարունակել է նվազել: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` գրեթե բոլոր արտադրատեսակների մասով նկատվել է արտադրության ծավալի նվազում:

 

Օղու արտադրությունը 2014-ին, 2013-ի համեմատ, նվազել է մոտավորապես 4 տոկոսով, գինու արտադրությունը` 8 տոկոսով, նույնքան նվազել է նաև կոնյակի արտադրությունը: Լիկյորի արտադրությունն ընդհանրապես իր ծավալներով աչքի չի ընկել. 2013-ի համեմատ` 2014-ին լկկյորի արտադրությունը նվազել է մոտավորապես 90 տոկոսով:

 

Դրական դինամիկա է արձագրվել միայն գարեջրի և շամպայնի արտադրությունում: Դրանց արտադրության ծավալները 2014-ին, 2013-ի համեմատ, ավելացել են մոտավորապես 20 տոկոսով:

 

Սակայն ԱՎԾ-ի տվյալը, ըստ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ԱՎԾ-ն այլ մեթոդաբանությամբ է հաշվում: «Գինու արտադրության ծավալը պետք է հաշվարկել խաղողի մթերման ծավալով: Ըստ խաղողի մթերման ծավալների` մենք 2014-ին ունեցել են գինու արտադրության 20 տոկոս աճ: Եթե համեմատենք գինու վաճառքի ծավալները և արտահանման ծավալը ուսումնասիրենք, կստանանք իրական պատկերը»,- նշում է Ավագ Հարությունյանը:

 

Թեև գինու արտադրությունը Հայաստանում ավելանում է, բայց դա տեղի է ունենում շատ դանդաղ տեմպերով: Փոխարենը արագ տեմպերով աճում է օղու արտադրությունը: Հետաքրքիր է նաև, որ մենք վերածվել ենք օղի խմող ազգի: Սակայն սա լավ օրից չէ, քանի որ օղին համեմատաբար էժան խմիչք է, և շատ օղի խմելը սոցիալական վատ պայմանների հետեւանք է: «Շատ օղի խմելը ռուսական մշակույթի ազդեցությունն է, բայց ֆենոմենն այն է, որ ռուսները հրաժարվեցին դրանից, մենք` ոչ: Օղին, բացի ալկոհոլային խմիչք լինելուց, նաև քաղաքական խմիչք է, այն օգտագործում են քաղաքական խնդիրներ լուծելու համար: Շատ երկրներ խթանում են օղու արտադրությունը, քանի որ խմած ժողովրդին ավելի հեշտ է կառավարել, և խնդիրներն ավելի հեշտ են լուծվում»,- նշում է Գինեգործների միության նախագահը:

 

Հետաքրքիր ցուցանիշ, որով հպարտանալու առիթ չունենք՝ չնայած այն հանգամանքին, որ մենք առաջատարի դիրքում ենք: Հայաստանը, մեկ շնչին բաժին ընկնող սպառվող օղու ծավալով, աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը: Ըստ վիճակագրության` 1 շնչի հաշվով` մենք տարեկան խմում ենք 2 լիտր գինի և 10 լիտր օղի: Ստացվում է, որ քաղաքական մենաշնորհի դեմ պայքարելու համար ընդդիմությունը պետք է քայլեր ձեռնարկի ոչ թե իշխող կուսակցությանը գահընկեց անելու համար, այլ պայքարի օղու արտադրության և սպառման ծավալների ավելացման դեմ: