կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-07 14:03
Տնտեսական

Մրցունակությամբ` 92-րդն ենք աշխարհում

Մրցունակությամբ` 92-րդն ենք աշխարհում

Հայաստանն իր մրցունակությամբ 92-րդ տեղում է` աշխարհի 142 երկրների ցանկում: Համաշխարհային  տնտեսական ֆորումը ամփոփել է 2011 թվականի  համաշխարհային մրցունակության զեկույցը` երկրներին դասակարգելով ըստ Համաշխարհային մրցունակության ցուցիչի (ՀԱՄ ցուցիչ), որը մրցունակության գնահատական է տալիս` հաշվարկելով 12 հենասյունային գործոններ:

Վարկանիշային այս հետազոտության հիմքում վիճակագրական տվյալներ են եւ ընկերությունների ղեկավարների հետ հարցումների արդյունքներ:

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը ՀՏՖ-ի գործընկերն է մեր երկրում եւ ներկայացնում է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2011/12»-ի հիմնական արդյունքները:  

Համաձայն դրա` Շվեյցարիան շարունակում է գլխավորել ցուցակը: Նրան հետեւում են Սինգապուրը, Շվեդիան, Ֆինլանդիան եւ ԱՄՆ-ը:

«Այս տարի երկրների թիվն ավելացել է. անցյալ տարվա 134-ի փոխարեն այս տարի 142 երկիր է վարականիշավորվել: Հայաստանը,  նախորդ տարվա համեմատությամբ, իր դիրքը վեցով բարելավել է»,- ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:

Մրցունակության հենասյունների փոփոխությունները դիտարկելիս տեսանելի է, որ Հայաստանի դիրքի վրա բացասական ազդեցություն ունեցել է հատկապես մակրոտնտեսական միջավայրի եւ կայունության ցուցանիշը` նախորդ տարվա համեմատությամբ 15 տեղով այն հետ է գնացել: Սա բացատրվում է նրանով, որ թեեւ անցյալ տարվա համեմատ պետական բյուջեի հաշվեկշռով 21 տեղով առաջընթաց է եղել (անցյալ տարի բյուջեի մեծ պակասորդ կար), սակայն շեշտակի վատթարացում է եղել գնաճի (41 տեղով) եւ համախառն ազգային խնայողությունների (27 տեղով) ցուցանիշներով:

Ընդհանուր առմամբ` Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններ են աշխատանքի ընդունելու եւ ազատելու գործելակերպը, մալարիայի, հանցագործությունների եւ ահաբեկչության ազդեցության ցածր մակարդակը, մաքսադրույքների չափը: Բջջային կապի բաժանորդների քանակը ներառվել է 10 լավագույն ցուցանիշների կազմում:

Թերություններ են համարվել մաքսային գործընթացների բեռը, բուհ-արդյունաբերություն կապը, բիզնես կրթության որակը, շուկայի չափը եւ այլն: