կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-06 14:22
Քաղաքական

«Հերթում 205-րդն էի, հիմա 259-րդն եմ». թոշակառու զինծառայողները բնակարանային խնդիր ունեն

«Հերթում 205-րդն էի, հիմա 259-րդն եմ». թոշակառու զինծառայողները բնակարանային խնդիր ունեն

Կառավարության շենքի առջևի տարածքն այսօր դարձյալ անանցանելի էր դարձել  պաստառների ու բողոքող մարդկանց առատությունից: Բողոքողների թվում էին երկար տարիներ ՀՀ զինված ուժերում ծառայած նախկին սպաները, ովքեր տարիներ շարունակ գրանցված են բնակարան ստանալու համար, սակայն մինչ օրս անտուն են: Այս տարիների ընթացքում էլ հերթագրման արխիվները երկու անգամ այրվել են, վերջինը` 2013-ին, և նրանք կարծում են, որ դա պատահական չի եղել:

«Ես զինվորական եմ, ամուսինս` նույնպես, մարտական գործողությունների մասնակից է, և ոտքն էլ անդամահատված է: 2009-ից բնակարանի հերթի մեջ եմ: Հերթում անունս փոխեցի` ամուսնուս անունով գրեցի, որ ավելի արագ կատարվի, բայց ոչ մի փոփոխություն չեղավ: 204-ով մտա հերթի մեջ հիմա 259-րդն եմ: Ամուսնուս վիճակը վատացել է, հիմա  ի վիճակի չեմ բնակարանի վարձ մուծել»,- ասաց 23 տարվա զինծառայող Սուսաննա Անդրեասյանը:

Զինվորականները հեղափոխությունից առաջ էլ են դիմել այս հարցով, հեղափոխությունից հետո էլ: Եթե այն ժամանակ պարզապես բողոքում ու անպատասխան գնում էին, հիմա իրենց բողոքը լսում ու պատասխանում են, բայց կրկին ոչ մի առաջընթաց չկա: Չեն էլ սիրում բողոքել, հատկապես, որ «ադրբեջանցին կարող է տեսնել ու ուրախանալ», բայց այլևս այսպես չեն կարող ապրել:

Մոտ մեկ ամիս առաջ հանդիպում են ունեցել պաշտպանության նախարարությունում, իրենց պատմել են հողամաս, հողակտոր տալու նախագծի մասին, սակայն նախկին զինծառայողները առարկել են` ասելով, որ արդեն տարեց են, չեն կարող երկար սպասել: «Ավելի լավ չի՞` մեզ 2-ը 2-ի վրա հողակտոր տրամադրեն: Ես 60-անց մարդ եմ արդեն, ինչքա՞ն սպասեմ հողակտորի կամ բնակարանի, տուն չունեցա, գոնե իմանամ` որտեղ կթաղվեմ»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց թոշակառու զինվորականներից մեկը, ապա հավելեց. «Ես զինվորական գիտեմ, որ տուն է ստացել, բայց վարձով պարսիկներին է տվել, իսկ ես ու իմ պես շատերը տուն չունեն»:

Նախկին զինվորականները շարունակում էին մնալ կառավարության շենքի առջև և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: