կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-23 13:14
Մշակույթ

70 տարեկան դարձա, նախագահը կարող էր, չէ՞, շնորհավորել. Ծատուրյան

70 տարեկան դարձա, նախագահը կարող էր, չէ՞, շնորհավորել. Ծատուրյան

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, թատերագետ Նիկոլայ Ծատուրյանը լրագրողների հետ զրուցեց վերջին օրերին աղմուկ հանած թեմայի` կոչումներ շնորհելու մասին: Մասնավորապես` հանրությունը ընդդիմացավ ամերիկաբնակ երգիչ Արմենչիկին տրված վաստակավոր կոչմանը:

Ծատուրյանը նախ ցավով նշեց, որ Արմենչիկի կոչման շուրջ աղմուկը ստվերում էր թողել մնացած այն վաստակավորներին, որոնք ստացել էին կոչումներ նախագահի հրամանագրով, և նրանց ոչ ոք չի էլ շնորհավորում:

«Է, թող ստանա Արմենչիկը, ինձ դա չի մտահոգում: Ինձ մտահոգում է, որ մենք լրիվ կորցրել ենք չափանիշները: Այս տարի ինձ չհրավիրեցին Հայաստանի անկախության տոնին, չգիտեմ` ինչու, երևի իրենք կիմանան, թե ինչու չհրավիրեցին»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը:

Նա նաև հավելեց, որ արվեստագետը, առհասարակ, պետք է իր տեղն ունենա հասարակության մեջ, ոչ թե` էսինչը իշխանությունների հետ լավ է, նա կոչում է ստանում, իսկ ով քննադատում է իշխանություններին, նա չի ստանում: Ով որ մի քիչ համարձակ է խոսում, նրան անտեսում են:

Լրագրողները հարցրեցին` իսկ եթե Ձեզնից վերցնե՞ն Ձեր կոչումը համարձակ խոսելու համար, Ծատուրյանը պատասխանեց. «Վերցնում են, թող վերցնեն: Ես 70 տարեկան դարձա, նախագահը կարող էր, չէ՞,  շնորհավորել: Իմ շնորհավորանքների մեջ այսպիսի շնորհավորանք կար. «Շնորհավորում ենք, որ նախագահը Ձեզ չի շնորհավորել»»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը:

Թատերագետը կոչ է անում բոլորին` կոչումների հետ կապված տարաձայնություններին ու թյուրիմացություններին վերջ տալու համար բոլորը հավաքվեն ու ստացած կոչումները ետ հանձնեն, որպեսզի իշխանությունները հասկանան, որ իրենք չեն որոշողը` ով վաստակ ունի, ով` ոչ: