Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում ոճրագործության զոհերի հուղարկավորությունն է ընթանում: Բազմահազար մարդիկ են մասնակցում հուղարկավորությանը` արտահայտելով իրենց վիշտը և ցասումը:
Հուղարկավորությանը մասնակցում են նաեւ պատգամավորներ եւ հասարակական գործիչներ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մտահոգությունները, հարցերն ու կասկածները բոլորի մոտ շատ են:
«Սա այն դեպքերից մեկն է, երբ հասարակության բոլոր շերտերը միակամ են ու միասին: Բոլորս էլ որոնում ենք այն ճանապարհը, որն ավելի արդարամիտ լուծումներ կտա: Հավատացած եմ, որ ոճրագործը կպատժվի օրենքի ամենախստագույն ուժով: Ընդվզման դեպքերն էլ վշտի արտահայտության ձև են, բոլորս միակամ ենք նաև այդ առումով: Ցավում եմ եղածի համար: Սա սովորական ցավ չէ, անձնական, անհատական ցավ չէ, սա համաժողովրդական ցավ է, և պատմության մեջ կմնա որպես ողբերգական էջ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ, չնայած համաժողովրդական ցասումին, գործը պետք է թողնել իրավական հարթության մեջ: Ըստ Գալուստ Սահակյանի` ոճրագործի պատժի հետ կապված ցանկություններն ու իրավական պրոցեսները չեն կարող միշտ համատեղվել, նա հույս հայտնեց, որ կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն բոլորին:
Լրագրողների դիտարկմանը, որ ժողովուրդը տարակուսած է, որ իշխանություններն այդպես էլ սգո օրեր չհայտարարեցին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մեզանում էդպես որևէ կարգավիճակ չի առաջացել, տրադիցիաներ չեն առաջացել, առավել ևս` սգո օրեր հայտարարում են այնպիսի դեպքերում, որպեսզի ժողովուրդն ավելի զգոնանա: Ինքը` ժողովուրդը, այդ օրն արդեն հայտարարեց, որ ոտքի է կանգնել ողջ հայ ժողովուրդը, Սփյուռքը, Արցախը: Այսինքն` պաշտոնական պրոտոկոլային խնդիրները մի բան են, մի այլ բան է, երբ ժողովուրդը կարողանում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ բոլորը կարողանան և' խորապես սգալ, և' մեկը մյուսին ամոքել»:
Ինչ վերաբերում է ոճրագործի պատժին, ԱԺ նախագահը նշեց. «Ես կարծում եմ` ցմահ կլինի պատիժը, պարզապես պրոցեսները այնպես պետք է տանել, որ մեր հասարակության համար ամոքիչ լինի»:
Հարց հնչեց նաև ռուսական ռազմաբազաների կարգավիճակի փոփոխության վերաբերյալ, ինչին Գալուստ Սահակյանը այսպես պատասխանեց. «Սուգը քաղաքականացնում եք: Մենք դեռեւս խոսում ենք ցավի ու վշտի պահին` ձայնալարերի կտրտումով, պետք է հնարավորինս հանգիստ պայմաններում նման բաների մասին մտածել»: