Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է` Եվրոպան Թուրքիային փորձում է հաճոյանալ ոչ միայն քաղաքականության ասպարեզում, այլեւ սպորտում: Այս կարծիքին է ՀՀ Ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը: Իսկ առիթը անցած տարի Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած ուշուի Եվրոպայի 13-րդ առաջնության արդյունքներն են:
Չոբանյանը պնդում է, որ մրցաշարի ընթացքում Թուրքիայի մարզիկների օգտին տեղի են ունեցել մրցավարական բնույթի ապօրինի գործողություններ եւ խոշոր խարդախություններ: Նրա հավաստմամբ` նման պայմաններում մեր մարզիկները կարող էին 10 բրոնզի փոխարեն ավելի բարձր կարգի մեդալներ վաստակել:
«Խորամանկ գայլի նման թուրքերը մեր մարզիկներին նախ շատ ջերմ են ընդունել, իսկ մարզադաշտում 180 աստիճանի տակ շուռ են եկել: Թուրքերն ամեն ինչ անում էին, որ հայկական դրոշը չբարձրանա ու մեր հիմնը չհնչի»,- վստահեցնում է ուշուի ֆեդերացիայի նախագահը եւ հավելում, որ դրան հասնելու համար թուրքերը կաշառել էին ժյուրիի անդամներին:
Չոբանյանը նաեւ կարծում է, որ թե' Թուրքիայում եւ թե' Ադրբեջանում մեր մարզիկները կարող են հասնել հաջողության միայն մրցակցի նկատմամբ ունեցած բացարձակ առավելության դեպքում: Դժբախտաբար, Ուշուի աշխարհի 11-րդ առաջնությունը եւս կայանալու է Թուրքիայում, բայց, ի տարբերություն անցած տարվա, մեր հավաքականն այս տարի ավելի պատրաստված է Թուրքիա գնալու:
Ինչպես նկատում է Չոբանյանը` «չարիքի դեմը նախօրոք են առնելու»: Մրցույթն on-line ռեժիմով հեռարձակվելու է Հայաստանում, իսկ խարդախությունների կրկնության դեպքում մեր ֆեդերացիայի նախագահը սպառնալու է առհասարակ չմասնակցել մրցույթին:
«Թուրքիան եւ Ադրբեջանը հատուկ ուշադրություն են դարձնում սպորտին, մեծ գումարներ ծախսում հաջողության հասնելու համար, որ գոնե աշխարհին ցույց տալու բան ունենան»,- սա էլ սպորտային մեկնաբան Զավեն Վարդանյանի կարծիքն է: Անդրադառնալով Ադրբեջանում հայ բռնցքամարտիկների վրա հարձակմանը` նա ասաց. «Կզարմանայի, եթե նման բան Ադրբեջանի կողմից չլիներ»: