կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-28 13:07
Հասարակություն

ԷԿՈ- 2012` հաշվետվություն

ԷԿՈ- 2012` հաշվետվություն

Երբ 6 տարի առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը Արամ Հարությունյանին առաջարկեց իր ձեւավորած կաբինետում զբաղեցնել բնապահպանության նախարարի պաշտոնը, շատերը դժգոհեցին, թե քաղաքաշինության ոլորտի հարցերը լուծելուց հետո նա քարուքանդ կանի նաեւ բնապահպանության ոլորտը:

 

Նշանակվելուց անմիջապես հետո նախարար Հարությունյանին ստիպեցին, որ ԱԺ-ում քննարկվող` Թեղուտի հանքավայրի նախագծին դրական եզրակացություն տա, եւ նա դեռ չգիտեր, որ դրսում իրեն սպասում են բնապահպանները, ովքեր մինչեւ վերջ պայքարելու են Թեղուտի փրկության համար եւ հարցը բարձրացնելու են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս:

 

Նշանակվելուց մի քանի շաբաթ անց նախարարը հենց Պարզ լճում  նաեւ խոստացավ, որ լճի հետ ոչինչ չի լինի, եւ իրենք ընդամենը ցանկանում են լիճը պարզ տեսնել: Սակայն 6 տարի անց պարզ դարձավ, որ Պարզ լճին մի 100 տարի էլ պետք է, որ այն պարզվի: «Խոստման» արդյունքում այսօր խաթարվել են այդ բնության հուշարձանի բնական տեսքը եւ էկոհամակարգը, ինչի մասին բնապահպաները ահազանգեցին տարեվերջին եւ պարզաբանումներ պահանջեցին բնապահպանական ոլորտը համակարգող պետական գերատեսչությունից: Լիարժեք եւ համապարփակ պատասխան մինչ օրս բնապահպանության նախարարությունը խուսափում է տալ, քանի որ չգիտեն, թե ինչ ասեն, որ ո'չ շիշը վառվի, ո'չ էլ` միսը:

 

Դալմայի այգիների եւ դրա էկոհամակարգի փրկության վերաբերյալ բնապահպանության նախարարը այս տարի նույնպես համառորեն լռեց, դրա փոխարեն ուշադիր հետեւում էր, թե ինչպես են ոչնչացնում երեքհազարմյա այգիներ եւ այդ տարածքում կառուցապատում իրականացնում: Դալմայի այգիներում արդեն մի քանի ամիս է` կառուցվում է Երևանի  արագընթաց օղակաձեւ մայրուղու բաղկացուցիչ մաս կազմող` Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոճանապարհը:

 

Տարեսկզբին «Թեղուտի պաշտպաներն» անտառի փրկության համար «արշավեցին» Թեղուտ, սակայն հանդիպեցին դիմադրության. «Վալլեքս» ընկերության պատասխանատուներն անմիջապես հայտարարեցին, որ արդյունքում իրենց էական վնաս է հասցվել, եւ որ պատրաստվում են հայց ներկայացնել դատարան` վնասների փոխհատուցման համար: Տարվա ընթացքում Թեղուտի հարցը լսվեց Ստրասբուրգում, իսկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց հրչակագիր եւ ՀՀ կառավարությունից պահանջեց անվավեր ճանաչել Թեղուտի հանքի շահագործման որոշումը: Նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն իրավասու մարմին չէ: Ի պաշտպանություն Թեղուտի` իր ձայնը բարձրացրեց նաեւ աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը, իսկ Երեւանում Թեղուտի հարցը քննարկվեց նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

 

Այս տարի թեեւ Ալավերդու պղնձաձուլարանի ծխնելույզը տեղափոխվեց մեկ այլ վայր, այնուամենայնիվ, արտանետումների խնդրին այդպես էլ լուծում չտրվեց` ծխնելույզի ֆիլտրերը չտեղադրվեցին: Արդյունքում` Ալավերդու պղնձաձուլարանի ծխնելույզը մթնոլորտ է արտանետում տարեկան ավելի քան 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ:

 

ՀՀ կառավարությունը որոշեց, որ առաջիկա տարիներին Արցախում արտահանվող քարածուխը կտեղափոխի Երեւանի ՋԷԿ, եւ, դրանից օրական 2000 տոննա այրելով, կարտադրեն էներգիա: Իհարկե, բնապահպանության նախարարությունը չառարկեց, որ նման քայլով աղտոտելու ենք Երեւանի օդային ավազանը, իսկ թե ածխի այրումից առաջացած խարամը որտե՞ղ են պահեստավորելու, դա բնավ ոչ մեկին չի հետաքրքրում: Չէ՞ որ հայտնի է` եվրոպական մի շարք երկրներում քարածխի այրման արգասիքները հսկայական սարեր են առաջացրել եւ աղետ դարձել այդ երկրների համար:

 

Այս տարի նույնպես կրքերը չհանդարտվեցին Երեւանի Նալբանդյան 106/1 բակում, որտեղ կանաչ տարածքի հաշվին կառուցապատում է իրականացվում. շինարարական կազմակերպությունը՝ Երեւանի քաղաքապետարանի հետ միասին, հաղթեցին բնակիչներին, իսկ բնապահպանության նախարարությունից ոչ մի արձագանք:

 

Տարեսկզբին թեժ իրադրություն էր Երեւանի Մաշտոցի պուրակում: Քաղաքապետը Տարոն Մարգարյանը, շարունակելով իր նախորդի քաղաքականությունը, կենտրոնական փողոցներից դուրս բերված կրպակներն ամեն կերպ փորձում էր շարել հենց պուրակի կենտրոնում: Ավելին` քաղաքապետը հատուկ որոշում պատրաստեց եւ շտապեց ՀՀ կառավարություն, որտեղ էլ հաստատեցին, որ կրպակները պետք է անպայման այդ տարածքում լինեն: Մոտ 90 օր տեւած բողոքի ակցիաներից, բախումներից, ծանր տեխնիկա պուրակ մտցնելուց հետո վերջապես մայիսի 1-ին երկրի նախագահը անակնկալ այց կատարեց Մաշտոցի պուրակ եւ հայտարարեց. «Տարո'ն, սիրուն չի», որից անմիջապես հետո պուրակում տեղադրված առեւտրի կրպակներն ապամոնտաժվեցին: Բնապահպանները տոնեցին իրենց հաղթանակը եւ չմոտացան քաղաքապետ Մարգարյանին նվիրել ՀՀ Սահմանադրության մեկ օրինակ:

 

Բնապահպանների համար տարի ծանրաբեռնված էր, սակայն նրանք չմոռացնան իրենց դժգոհությունը հայտնել առաջիկայում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման դեմ: Երեւանում հրավիրվեցին մի քանի քննարկումներ այդ տարածքի ջրային համակարգի, կենդանական աշխարհի համար հետագայում առաջանալիք խնդիրների մասին: Հանքավայրը շահագործման պատրաստող «Գեոթիմ» ընկերությունն առճակատման դուրս եկավ եւ փորձեց ապացուցել, որ իր գործունեությամբ ոչ մի էական վնաս չի պատճառի շրջակա միջավայրին ու կեսաբազմազանությանը: Իսկ, թե ի՞նչ կլինի հետագայում, կապրենք, կտեսնենք:

 

Տարվա ընթացքում մի շարք ահազանգեր հնչեցին անօրինական անտառահատումների մասին, տարվերջին ՀՀ ոստիկանությունն անցավ իր գործին եւ բացահայտեց մի շարք անօրինական ծառահատումներ: Հարց է առաջանում, իսկ ինչո՞վ են զբաղված բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները: Միայն այս տարի մի քանի անգամ բնապահպան ակտիվիստներն արձանագրեցին, որ տեսուչներն իրենց արձանագրությունները կազմում են... ծխախոտի տուփերի վրա:

 

Որքան էլ ՀՀ իշխանությունները բարձրաձայնեն, որ, 2007 թ.-ի համեմատ, Հայաստանում գազի բաժանորդների թիվն ավելացել է 200-220 հազարով, միեւնույն է, այս տարի նույնպես շատ ընտանիքներ բնակարանները կտաքացնեն փայտի վառարաններով, քանի որ բոլորս ենք տեսնում, թե ինչ մասշտաբների վառելափայտ են վաճառում «սեւ» շուկայում:

 

Տարվա ընթացքում կառավարությունը մի շարք որոշումներ ընդունեց` ի վնաս անտառային ֆոնդի հողերի, որոնք տրվեցին ինչ-որ կազմակերպությունների` շինարարություն իրականացնելու համար, օրինակ` Իջեւան համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1.3664 հեկտար անտառային հողերում կկառուցվեն հանգստի եւ ժամանցի համալիրներ:

 

Այս տարվա ընթացքում «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետական արգելոցները եւ «Արեւիկ» ազգային պարկը դարձան եվրոպական «PAN պարկեր» ցանցի գործընկերներ: «PAN պարկեր»-ի ներկայացուցիչ Զոլտան Կունը Երեւանում հայտարարեց, որ նախագծի նպատակն է Եվրոպայում մինչեւ 2015 թվականը միավորել 1 միլիոն հա նման տարածքներ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կառուցվեց 2 կիլոմետրանոց ճանապարհ` իբր արտակարգ իրավիճակների համար համապատասխան տեխնիկա տեղ հասցնելու համար: Սակայն հետո պարզվեց, որ ճանապարհը կառուցվում է այդ տարածքում էկոտուրիզմ զարգացնելու համար, իսկ որոշ մասնագետներ պնդեցին, որ նմանատիվ տուրիզմ զարգացնելու համար բնավ հարկավոր չէ արգելոցների դռները բացել զբոսաշրջիկների առաջ, այն դեպքում, երբ Հայաստանում գրանցված է ընդամենը 3 պետական արգելոց, որոնցից մեկը` «Էրեբունի» պետական արգելոցը, այդ կարգավիճակից շատ հեռու է:

 

Տարվա ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում որսագողության դեպք բացահայտվեց, սակայն բնպահպանության նախարարությունը հայտարարեց, որ նման բան չի կարող պատահել: Այնուհետեւ որսագողության փաստը հաստատվեց, սակայն նախարարությունը, այնուամենայիվ, հայտարարեց, թե որսագողությունը տեղի է ունեցել արգելոցի տարածքից դուրս: Բնապահպաները համապատասխան փաստերով հաստատեցի, որ որսագողությունը կատարվել է արգելոցում, որից մի քանի օր հետո միայն ոստիկանությունը հայտնաբերեց հավանական որսագողին, իսկ վերջինիս հարազատները պնդեցին, որ իրենց որսորդ տղայի հանդեպ եղել են ճնշումներ:

 

Դեպքից անմիջապես հետո իր արձակուրդից աշխատանքի չվերադարձավ արգելոցի տնօրեն Վարանցով Բարսեղյանը, դրանով իսկ իրականացվեց նախարարության ծրագիրը. առանց աչք թարթելու նախարարությունը արգելոցի տնօրենի թափուր մնացած տեղի մրցույթ հայտարարեց, իսկ մրցույթի միակ մասնակից  Գաբրիել Պողոսյանը (Նոնո) հարցերին պատասխանեց 80 տոկոս «ճշգրտությամբ», քանի որ, ինչպես Նոնոն  հայտարարեց, ինքն «ավարտել է Խարկովի պետական համալսարան-ինստիտուտը», մասնագիտությամբ էլ տնտեսագետ է: Բնապահպանները բացահայտեցին, որ «տնտեսագետը» ոչ միայն որսորդ է, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաների որսի առաջամարտիկ: Այլ բացահայտումներից խույս տալու համար Նոնոն հրաժարվեց լինել արգելոցի տնօրեն:

 

Մինչ Նոնոյի հրաժարականը նախարար Հարությունյանը մեղադրեց բնապահպանական մի շարք միջազգային կազմակերպությունների հայաստանյան ղեկավարների, թե նրանք գործակալներ են` մոռանալով, որ իր ղեկավարած տարիներին ինչ մեծ գումարներ է «խնդրել» նրանցից բնապահպանական ոլորտը «կարգի» բերելու համար: Այնուհետեւ նախարար Հարությունյանը բոլորից թաքուն արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Հրաչյա Հովհանիսյանին, ով տարիներ շարունակ ղեկավարել է «Հայանտառ»-ը եւ հայտնի է իր ոչ բնասեր պահվածքով: Թեեւ նախարարը հայտարարեց, որ ամանորյա տոներից հետո անմիջապես արգելոցի տնօրենի նոր մրցույթ կկազմակերպվի, բայց փաստը մնում է փաստ, որ նախարարությունում մինչ օրս կան պաշտոններ, որ տարիներ շարունակ ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ:

 

Այս տարի միայն երկու վթար գրանցվեց «Deno Gold Mining» ընկերության պոչատար խողովակում: Թափոնները չդադարեցին հոսել մի շարք գետային ավազաններ` Ողջի, Նորաշենիկ, Ախթալա, Ձորագետ, Դաստակերտմ Դեբետ եւ այլն:

 

Այս տարի «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով Հայաստանը միացավ «Let's Do It!» («Մենք կարող ենք») համաշխարհային շարժմանը, որի արդյունքում սեպտեմբերի 15-ին Հայաստանի մի շարք վայրերում տոննաներով աղբ հավաքվեց: Վիճակագրությունն էլ ցույց տվեց, որ թափոնների քանակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Հայաստանում կուտակված թափոնների ընդհանուր ծավալի մոտ 90 տոկոսը կուտակվում են Սյունիքի մարզում: Ահազանգեցին նաեւ Մելիք գյուղի բնակիչները` կապված Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման հետ, քանի որ հանքավայրի սեփականատերերը ցանկանում են 2-րդ պոչամբարը շահագործել իրենց համայնքի տարածքում: Մելիքցիները նաեւ բարձրաձայնեցին, որ զրկվել են մաքուր բերք ստանալուց, մաքուր ջրից եւ արդեն քանի տարի է` թույն են շնչում, իսկ բնապահպանության նախարարությունը դեռ չի շտապում այդ տարածք ուղարկել իր տեսուչներին` վիճակը գնահատելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

 

Հակառակ այս ամենի` «Մեգո Գոլդ» ՍՊԸ («Գլոբալ Գոլդ» ընկերություն) հիշեց եւ նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանից պահանջեց իրեն  բարոյական եւ տնտեսական վնաս հասցնելու համար հասանելիք գումարներ: Մի քանի շաբաթ նամակագրական եւ հեռուստատեսային բանավեճերից հետո հարցը փակվեց, քանի որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Այվազյանը Հրազդանի երկաթահանքերը վաճառելուց հետո «փայ»  չէր տվել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ նրանց բավարարելուց հետո «Գլոբալ Գոլդ»-Վարդան Այվազյան պատերազմում բարոյական հաղթանակ տարան երկու կողմերը:

 

Բնապահպանության նախարարությունն այս տարի նույնպես թույլատրեց գայլերի որս` 200 առանձնյակ: Ճիշտ է, տարեվերջին ոլորտը համակարգող նախարարությունը հայտարարեց, որ սպանվել է ընդամենը 179 գայլ,  որսորդներն էլ ստացել են յուրաքանչյուրի համար 100 հազարական դրամ: Իսկ ինչի՞ վրա է ծախսվել մնացած 2,1 մլն դրամը, չէ՞ որ պետբյուջեից այդ գումարն արդեն իսկ հատկացվել է նախարարությանը:

 

Մինչ Թռչկան ջրվեժը կստանար բնության հուշարձանի իր անձնագիրը, ահազանգ ստացվեց, որ ջրվեժի տարածքում սողանքային երեւույթներ են գրանցվել: Մեկ տարի պայքարից հետո տարեվերջին վերջապես ջրվեժը ստացավ իր անձնագիրը, ինչը չենք կարող ասել, օրինակ, «Գառնու սիմֆոնիա» բնության հուշարձանի անձնագրի մասին, որտեղ 2006 թվականից մինչ օրս շարունակվում է վանդալիզմը: Բնապահպանության նախարարը հավաստիացրեց, որ հաջորդ տարի պատրաստ կլինի նաեւ  բնության այս հուշարձանի անձնագիրը:

 

Այս տարի ՀՀ կառավարությունը գրեթե յուրաքանչյուր նիստում մեկը մյուսի հետեւից իջեցրեց համայնքային հողերի կատեգորիաները` փոքր ՀԷԿ-երի կառուցման համար: Արդյունքում` Հայաստանի տարածքում կառուցվեցին մի շարք ՀԷԿ-եր, որոնց գործունեության արդյունքում մի շարք վայրերում ցամաքեցին գետային ավազանները` գյուղացիներին թողելով առանց ջրի կաթիլի, ապականվեցին այդ տարածքների շրջակա միջավայրը եւ կենսաբազմազանությունը:

 

Տարվա ընթացքում մեկնարկվեց Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը: Այդ նպատակով կառավարությունը օտարեց եւ Արագածոտնի մարզի մի շարք այգեգործների ձեռքից գրոշներով գնեց  խնձորի, ծիրանի եւ դեղձի այգիները: Իսկ Սեւանում նոր հանրային լողափի ստեղծման համար ՀՀ կառավարությունը տրամադրեց է 5,5 հա տարածք: Այս տարի մի բարբարոս որոշում էլ կայացվեց` Սեւանից ոռոգման նպատակով որոշվեց բաց թողնել 320 մլն խմ ջուր՝ 170 մլն խմ ջրի փոխարեն` պատճառաբանելով, որ Հայաստանում գրանցվել է երաշտային տարի, այն դեպքում, երբ տարին ձյունառատ էր, սակայն ջրամբարներում համապատասխան ջուր չէր հավաքվել: Ջուրը կհավաքվեր, եթե գարնանը բնական աղետներից խուսափելու համար չիջեցվեին առկա ջրամբարների ջրերը: Երկար պայքարից հետո ԱԺ-ն հաստատեց կառավարության որոշումը, եւ Սեւանից բաց թողնվեց նախատեսված չափաբաժինը:

 

Ի դեպ, Սեւանի խնդրի շուրջ հրապարակային բանավեճ տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի միջեւ: Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտեց նախարարությանը օրենսդրության պահանջները, Օրհուսի կոնվենցիայի դրույթներ չկատարելու համար:

 

Սեւանա լճի Շորժայի ափի մոտ կառուցվեց ձկնաբուծարան, որի ցանցավանդակները լցվեց 50-70 գրամանոց 115 հազար մանրաձուկ, դրանց քաշը 350 գրամ դառնալուց հետո  բաց թողնվեցին լիճ: Մասնագետները ահազանգեցին, որ արհեստական ջրավազաններում աճեցված մանրաձուկը չի կարող բազմանալ Սեւանում, սակայն, այդ պնդումներին հակառակ, բնապահպանության նախարարությունը 59.9 մլն դրամ ծախսեց եւ, ըստ պաշտոնական տվյալների, լիճ բաց թողեց 366,667 մանրաձուկ:

 

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը հայտարարեց, որ Սեւանում չունենք իշխանի բնական ձվադրում. «Բնական ձվադրում Սեւանա լճում այսօր գոյություն չունի: Պատճառներից մեկը, որ այդ տարածքում լայն թափով իրականացվում է ձկնագողություն եւ ձուկը որսվում է հենց գետաբերաններում: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ գետերը, որոնք հանդիսանում են ձվադրավայր, այնքան էլ բարվոք վիճակում չեն»:

 

Հաշվարկների համաձայն` այս պահին Սեւանում հաշվառվել է 6 տոննա սիգ եւ 100 տոննա կարաս:

 

ՀՀ գլխավոր դատախազությունը «Սեւան» ազգային պարկում հայտնաբերեց ապօրինի հողահատկացումներ: Դեպքի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցեց քրեական գործ, իսկ գործի նախաքննությունը հանձնարարվեց իրականացնել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

 

Այս տարի նաեւ` Էկոլոգիական հասարակական դաշինքն առաջարկեց պատժամիջոցներ կիրառել «GeoProMining» ընկերության նկատմամբ, սակայն բնապահպանության նախարարությունը ալարեց մատը մատին տալ եւ ստուգումներ իրականացնել վերոհիշյալ ընկերությունում: «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն Երեւանում հայտարարեց, որ ուրանի հետախուզման ընթացքում հաշվի կառնվի հայկական կողմի դիրքորոշումը, որից անմիջապես հետո «Հակաուրանյան շարժման» ներկայացուցիչ Արմեն Փարսադանյանը հայտարարեց, որ երբեւիցե ՀՀ կառավարությունը հաշվի չի նստում հասարակության կարծիքի հետ: Վաղաժամ դադարեցվեց ՀԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագիրը, իսկ կայանի շահագործումը երկարացվեց եւս 10 տարով: Բնապահպանական մի շարք նախաձեռնությունների կողմից Երեւանում եւ Ծաղկաձորում անցկացվեցին միջազգային բնապահպանական գիտաժողովներ:

 

Տարվա ընթացքում ՀՀ նախագահ պարգեւատրեց բնապահպան Կարինե Դանիելյանին, իսկ ԱՄՆ պետքարտուղարը Երեւանում  համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակ շնորհեց Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժմանը եւ «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամներին:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ