կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-05 13:55
Տնտեսական

Գնաճը կլինի 4 տոկոսի՞ սահմաններում

Գնաճը կլինի 4 տոկոսի՞ սահմաններում

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` 2015 թվականին Հայաստանի տնտեսության աճը կախված է ոչ միայն ԵՏՄ-ից, այլ նաև համաշխարհային տնտեսության` ծավալվող իրադարձություններից, որոնք, անշուշտ, իրենց հետքը կթողնեն այս տարվա տնտեսական աճի վրա:

 

«ԵՏՄ-ին անդամակցությունը դիտարկում եմ դրական համատեքստում, բայց, միևնույն ժամանակ, բավական լուրջ աշխատանքներ են սպասվում, քանի որ համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական աճի տեմպի դանդաղում, իսկ Ռուսաստանում, ընդհանրապես, տնտեսական աճ կարող է չլինել»,- yerkir.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

 

Թաթուլ Մանասերյանը լավատես է և համարում է, որ ճիշտ քայլեր ձեռնարկելու դեպքում, անգամ` այս վիճակում, երբ համաշխարհային տնտեսությունն ու մասնավորապես` Ռուսաստանի տնտեսությունը գտնվում են ճգնաժամի մեջ, Հայաստանը 2015-ին կարող է ավելի շատ տնտեսական աճ ապահովել, քան 2014-ին:

 

«Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի տնտեսությունը ունի մեծ ներուժ, ու եթե ռեսուրսները ճիշտ օգտագործվեն, իսկ ես այն կարծիքին չեմ, որ ճիշտ են օգտագործվում, մենք կարող ենք ապահովել երկնիշ տնտեսական աճ: Դա կարծում եմ` հնարավոր է, բայց քանի դեռ այսօր որոշ հարցեր իրենց պատասխանները չեն ստացել, մասնավորապես` առկա է վստահության դեֆիցիտ հանրության և կառավարության միջև, այժմ այդպիսի թվեր ապահովելը շատ դժվար է»,- ասաց նա:

 

Իսկ գնաճի հետ կապված` տնտեսագետն ընդունում է Կենտրոնական բանկի ամենամյա կանխատեսումները, սակայն հավելում, որ գնաճի կառավարման գործընթացը բացառապես Կենտրոնական բանկի մեաշնորհը չէ: «Գնաճը հնարավոր կլինի կառավարելի դարձնել, եթե միայն Կենտրոնական բանկը չզբաղվի դրանով, այլ նաև ՏՄՊՊՀ-ն, էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը: Ես ակնկալում եմ, որ գնաճը կլինի 4 տոկոսի սահմաններում»,- վստահեցրեց Թաթուլ Մանասերյանը: